Մոռացված ֆիլմերի ստվերները

Հայաստանյան փորձությունների եռապատումը Գրիգոր Հարությունյանի ֆիլմաշարում .«Մոռացված ֆիլմերի ստվերները»

Արցախյան շարժում, պատերազմ, 1988-ի երկրաշարժ. սրանք են ընկած ռեժիսոր Գրիգոր Հարությունյանի երեք վավերագրական ֆիլմերի հիմքում։ Այդ եռապատման յուրաքանչյուր ֆիլմի իրադարձություններն անընդհատ պատահում են հավերժ կրկնվող համաշխարհային պատմության մեջ։

Դրսում 88-ի թեժ ամառն էր, իսկ ներսում՝ Երևանի Կինոյի տան դահլիճում, անհագիստ սպասում էր։ Կինոռեժիսոր, սցենարիստ Գրիգոր Հարությունյանի նոր՝ «Թատերական հրապարակ» վավերագրական ֆիլմի պրեմիերան էր։ Ֆիլմ, որ ստեղծվեց 1988 թվականի ազգային զարթոնքին համընթաց, ունեցավ մեծ հաջողություն, բայց տարիների ընթացքում մոռացվեց։

Ճերմակահեր, բարի աչքերով ռեժիսոր Գրիգոր Հարությունյանի անունն իր մեկ տասնյակ վավերագրական ֆիլմերով վաղուց արդեն հայտնի է կինոսեր հանրությանը։ Այդ ֆիլմերն իրենց հարցադրումներով և ստեղծագործական որոնումներով, անկասկած, արդի վավերագրական կինոյի ձեռքբերումներից են։ Կինոռեժիսորի հետ հանդիպեցինք Հանրային ռադիոյում՝ առիթը Հայաստանի նորագույն պատմությունը ներկայացնող նրա վավերագրական եռապատումն էր։
Մի քիչ հումորով, մի քիչ էլ թախիծով նա սկսեց վերհիշել վերջին տասնամյակներում մեր երկրում տեղի ունեցող ալեկոծությունները, որոնք էլ ընկած են նրա եռապատումի հիմքում։

Գրիգոր Հարությունյան

«Անցյալ դարի 60-ականների երկրորդ կեսին Հայաստանում ստեղծվեց «Երազողներ» վոկալ-գործիքային խումբը: Այդ խմբի անդամները կրում էին արևմտյան երաժշտության ազդեցությունը և դարձել էին «Բիթըլզի» երգերի տարածողները Հայաստանում և խորհրդային մի քանի այլ երկրներում։  Տարիներ անց ես և կինոգետ Գարեգին Զաքոյանը որոշեցինք այդ խմբի գործունեության մասին վավերագրական ֆիլմ նկարահանել, աշխատում էինք սցենարի վրա, երբ սկսվեց 88-յան շարժումը, և ես հասկացա, որ այդ շարժումը առանձնանում է մեր իմացածներից: Կտրուկ որոշում ընդունեցի՝ փոփոխություններ անել սցենարում և վավերագրական ֆիլմ նկարահանել Թատերական հրապարակում տեղի ունեցող իրադարձություների մասին»,-պատմում է Գրիգոր Հարությունյանը :

«Թատերական հրապարակ» ֆիլմի էկրան բարձրանալուց երկու տասնամյակ անց Գրիգոր Հարությունյանը սցենարիստ Վալերի Գասպարյանի հետ աշխատում էր Երևան քաղաքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմի սցենարի վրա։ 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացները նրան նորից հեղափոխեցին և նա որոշեց փոփոխության ենթարկել կինոսցենարը։

 «Կայացում» այսպես անվանեց իր հաջորդ վավերագրական ֆիլմը Գրիգոր Հարությունյանը, որն ըստ էության «Թատերական հրապարակ» ֆիլմի ոչ պաշտոնական, բայց տրամաբանական շարունակությունն էր։ Այս ֆիլմում նա փորձում է իմաստավորել արդեն անկախ Հայաստանի և նրա քաղաքացիների 20-ամյա ուղին։ Վալերի Գասպարյանի առաջարկով ֆիլմի ողջ ընթացքում կինոդիտողը հետևում է լուսանկարիչ Վահան Քոչարի հին ու նոր լուսանկարների ուղեցույցին։

«Կարծես նախորդ վավերագրական ֆիլմի ստեղծման պատմությունը նորից կրկնվեց: Աշխատանքային եռուզեռի մեջ էի, երբ տեղի ունեցան մարտի 1-յան իրադարձությունները և ես Վալերի Գասպարյանին ասացի, որ հիմնովին փոխում ենք սցենարը: Նա մի քիչ համառեց, բայց ի վերջո նոր սցենար գրեց»,-պատմում է Գրիգոր Հարությունյանը:

 «Կայացում» ֆիլմի վերնագիրն ընտրելիս Գրիգոր Հարությունյանը հույս ուներ, որ ի վերջո մեր երկիրը պիտի գնա կայացման ուղիով և մի օր իսկապես կայանա թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, բայց իրադարձություններն այլ կերպ զարգացան։ Դա մղեց նրան նկարահանելու երրորդ՝ «Հանրապետության հրապարակ» վավերագրական ֆիլմը, որի պրեմիերան դեռևս առջևում է։

«Այս ֆիլմն էլ նախորդների պես անսպասելի ծնվեց: Այստեղ ես նորից օգտագործեցի Վահան Քոչարի կերպարը: Նա վատառողջ էր, բայց համաձայնեց իմ առաջարկին: Ես համոզված եմ, որ ցանկացած վավերագրական ֆիլմում եթե չլինի հետաքրքիր կերպար, այն նյութից ֆիլմի չի վերածվի, և այդպիսի անհաջող բազմաթիվ վավերագրական ֆիլմերի օրինակներ կան»,-նշում է Գրիգոր Հարությունյանը:

Կինոյում ռիթմն այն շունչն է, որ կենդանություն է տալիս ֆիլմին։ Գրիգոր Հարությունյանի երեք վավերագրական ֆիլմերն էլ օժտված են այդ շնչով։ Հանրության շրջանում ճանաչում ստացավ միայն «Թատերական հրապարակ» ֆիլմը։ Այն մի քանի տարի ցուցադրվեց հայկական հեռուստատեսության եթերում։

«Կայացումը» ավելի շատ կայացավ միջազգային կինոփառատոններում, բայց ոչ հայրենի հանդիսատեսի շրջանում։ Ինչպիսին կլինի երրորդ՝ «Հանրապետության հրապարակ» ֆիլմի ճակատագիրը, ցույց կտա ժամանակը։ 

Back to top button