Հայագիտակ

Գրիգոր Նարեկացու «Մատյանը» արտասուքներ քամեց լիտվացի հոգևորականների աչքերից․ «Հայագիտակ»

Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը համարվում է դժվար թարգմանելի գրական երկ, և քիչ թարգմանիչներ են ձեռնարկում այդ գործը։ Լիտվացի բանաստեղծ և թարգմանիչ Սիգիտաս Գյադան համարձակվեց անել դա։

Գյադան Նարեկացուն թարգմանելու համար պարտական է գրող, թարգմանիչ Ֆելիքս Բախչինյանին, որը ուղղորդեց լիտվացի մեծ բանաստեղծին, նաև նրա համար հայթայթեց պոեմի տողացի թարգմանությունը։ Տառապագին աշխատանքը տևեց տաս տարի։ Ֆելիքս Բախչինյանը պատմում է. «Երբ լիտվացի քսյոնձներն առաջին անգամ լսեցինն «Մատյան ողբերգություն»-ը լիտվերեն, նրանց աչքերից արցունքներ հոսեցին»։

Վերջերս կայացել է գրքի երկրորդ, շատ շքեղ հրատարակությունը` 500 օրինակ տպաքանակով, և լիտվացիները սիրով ձեռք են բերում այն ոչ միայն Լիտվայում, այլև լիտվական գաղթօջախներում։

Գյադան հաղթահարել է ծանրագույն թարգմանության դժվարությունները՝ դրանով իսկ իր ժողովրդին հաղորդակից դարձնելով 10-րդ դարի հայ հանճարի կոթողային գործին։

Օրերս Գրականության և արվեստի թանգարանում կայացավ գրքի շնորհանդեսը։

Back to top button