ԿարևորՄշակույթ

«Գոյի» գոյությունը՝ վտանգի տակ․ թատերախումբը դեմ է նախարարության որոշմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է  կրճատել «Գոյ» թատրոնի վարչական հատվածը։ Նախարարության որոշմամբ թատրոնի ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով, կշարունակի գործել Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի տանիքի ներքո: Նախարարությունը վստահեցնում է, որ այդ պարագայում «Գոյ»-ը կարող է ընդլայնել իր հնարավորությունները: Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոն «Գոյ» թատրոնի անձնակազմը դեմ է նախարարության առաջարկին։

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն ասում է, որ «Գոյի» գոյությունը վտանգի տակ է։ Ամեն ինչ, ըստ Սահակյանի, սկսվել է «Գարեգին Նժդեհ» ներկայացումից հետո։ Փետրվարի 7-ին ներկայացումը հանձնել են հանդիսատեսի դատին, իսկ հաջորդ օրը նախարարությունից տեղեկացրել են, որ թատրոնը լուծարվում է․  

«Արմեն Մազմանյանն իր բոլոր կուրսերում բեմադրում էր Գարեգին Նժդեհ, քանի որ նա կողմ էր քաղաքացիապես գրագետ մարդու ձևավորմանը։ Իր հիշատակի համար  էլ որոշեցինք Նժդեհ բեմադրել»։

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հերքել է այս մեղադրանքը։ Փոխնախարարն ասել է, որ թատրոնը ոչ թե լուծարվում է, այլ պայմաններն են բարելավվում։ Ըստ նախարարության որոշման՝ կրճատվելու է թատրոնի վարչական հատվածը, իսկ ստեղծագործական կազմը՝ «Գոյ» թատերախումբ անունով միանալու է Մայր թատրոնին․ 

«Ենթադրենք՝ «Գոյ» թատրոնը Հայաստանի ամենառաջատար, ամենանորարական, ամենաէքսպերեմենտալ թատրոնն է․ ո՞վ ասել, որ այդ խումբը պետք է ունենա իր առաջին տարածքը ու չի կարող միանալ Ակադեմիական թատրոնին, այն դեպքում, երբ թատրոնն է տարիներ շարունակ վճարել նրանց կոմունալ ծախսերը»։

«Գոյ» թատրոնի տնօրեն Սարգիս Չոլոյանն ասում է, որ նման  պայմանավորվածություն եղել է նախկին տնօրենների ու նախկին նախարարի օրոք։  Նա հիշեցնում է նաև, որ  2011 թ.-ից իրենց թատրոնի շենքը կադաստրային փաստաթղթերով անջատված է Սունդուկյանի անվան թատրոնի շենքից։

Ըստ այդմ՝  500 քմ-ն «Գոյինն» է, և իրենք գործում են որպես ինքնուրույն թատրոն․ «Նույն շենքում ենք գտնվում , ասել են՝ կհաշվեք ձեր ծախսերը, կտաք մեզ, մենք կմուծենք»։ 

Փոխնախարարը, սակայն, նշում է, որ մինչ օրս որևէ մասնագիտական փաստարկ չի բերվել, թե ինչու չի կարող «Գոյը» գործել մեկ միասնական կառավարման ներքո։  Արթուր Սահակյանն առանձնահատուկ շեշտում է, որ փոխնախարար Խզմալյանը 2015-ից ի վեր, մինչև պաշտոնավարումը և պաշտոնավարման ընթացքում, չի այցելել իրենց, հետևաբար, տեղյակ չէ թատրոնի ստեղծագործական խնդիրներին։

 «Գոյի» ամբողջ խաղացանկը, ըստ Սահակյանի, հիմնված է յուրօրինակ, ինքնատիպ, փորձարարական ստեղծագործությունների վրա: Ի դեպ՝ անձնակազմի հետ հանդիպումից հետո փոխնախարար Արա Խզմալյանը հայտարարել էր, որ շատ հարցերում թատերախումբն իր հետ համաձայն է եղել։ Հանդիպմանը մասնակցել է նաև դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը։ Նա մանրամասներ է ներկայացնում այդ հանդիպումից․

 «Ասեցինք, որ խնդիրներ ենք ունենալու Սունդուկյան թատրոնի հետ, քանի որ ձեռագիր կա, կոնֆլիկտների խնդիր է լինելու, չենք պատրաստվում ամբողջ կյանքում կռվել ստեղծագործելու փոխարեն։ Փոխնախարարը  արդեն հաջորդ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ ոչ մի խնդիր չենք ունենալու Սունդուկյան թատրոնում»։

Դերասանները մեջբերում են նաև օրերս Սունդուկյանի անվան թատրոնի տնօրենի հարցազրուցից մեկ հատված, որտեղ նա ասում է, որ չի տեսնում «Գոյ» թատրոնի տեսակի խիստ առանձնահատկությունը։

«Այսքանից հետո հասկանալի է, չէ՞, ինչ  է մեզ սպասվում ու ինչ է տեղի ունենալու ներքևում։ Սունդուկյանի թատրոնի տնօրենի դիրքորոշումը խիստ դասատուների կերպարի մեջ է»,-ասում են դերասանները։

35 տարվա պատմություն ունեցող թատրոնի ստեղծագործական ու ադմինիստրատիվ կազմում այսօր 35 մարդ է աշխատում։ Փոխնախարար Խզմալյանն ասել էր, որ «Գոյն» այսօր ունի մեկ բեմ, սակայն, Սունդուկյանի անվան թատրոնին միանալով, կունենա Black Box հարթակն անհատույց շահագործելու հնարավորություն, կկարողանա աշխատել թատրոնի մեծ բեմում, կարող է նաև թատրոնի ձմեռային այգում աշխատել:

Խզմալյանը հիշեցնում է, որ «Գոյը» փորձարարական թատրոն-լաբորատորիա է և իրավունք չունի կառչած մնալ միևնույն տարածքից, քանի որ նույն տարածքում հնարավոր չէ մշտապես լինել փորձարարական:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը հայտարարում է, որ չեն պատրաստվում ընդունել նախարարության առաջարկը․
«Ոչ ոք չի պատրաստվում իրենց առաջարկն ընդունել, լուծարվել, իջնել Սունդուկյան թատրոն և ունենալ այնտեղ չաղ ու բախտավոր կյանք։ Կոլեկտիվի անունից լիազորված եմ ասել՝ մեր աշխատավայրը սա է, անիմաստ որոշումների ենթարկվել չենք պատրաստվում, Սունդուկյանի ցավը տանեմ, Սունդուկյան իջնել չենք պատրաստվում»։

Փոխարենը «Գոյ» թատրոնը պատրաստվում է մարտի 29-ին «Գոյ պոեզիա» շարքից  հանդիսատեսին ներկայացնել այս տարվա երկրորդ առաջնախաղը: Պատրաստվում են նաև Թումանյանի ստեղծագործությունների բեմականացմանը: Այդ երկու ներկայացումներով թատրոնը մեկնելու է հյուրախաղերի հանրապետության մարզեր, հատկապես՝ սահմանամերձ համայնքներ: Այս պահին  թատրոնում ընթանում են նաև Շեքսպիրի «Լիր արքա» ողբերգության բեմադրական աշխատանքները: Ներկայացման գլխավոր դերակատարն ԱՄՆ-ից հրավիրված, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանն է: Ներկայացման առաջնախաղը նախատեսվում է մայիսի վերջին:

Back to top button