ԿարևորՀասարակություն

Արցախը չի կարող ինտեգրվել Ադրբեջանին, դրա վառ ապացույցը շարունակվող շրջափակումն է

Միջազգային հանրության լռությունն է պատճառը, որ Ադրբեջանը ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը՝ այսպիսի հայտարարություն է արել այսօր Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ Արցախի շրջափակման 100-րդ օրվա առթիվ հայկական ու միջազգային լրատվամիջոցների համար կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ։

Նույն այդ ասուլիսում Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանն էլ ասել , որ արցախցիները ողջունում են բոլոր այն քայլերը, որոնք ուղղված կլինեն ստեղծված իրավիճակը պատշաճ ձևով միջազգային հանրությանը, միջազգային ատյաններին հասցնելուն։

Պատասխանելով Արցախում ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն տեղակայելու հնարավորության մասին հարցին, արտգործնախարարն ասել է՝ որքան շատ լինեն նման ձեռնարկները, այնքան լավ, բայց իրենք հասկանում են, որ դրանք հեշտ գործընթացներ չեն։ Դրանից ելնելով, Սերգեյ Ղազարյանն նշել է նաև, որ անվտանգային միջազգային երաշխիքներ կարող են լինել նաև ռուս խաղապահների քանակն ավելացնելը և նրանց միջազգային մանդատով օժտելը։

Որևէ մեկի մոտ թող տպավորություն չստեղծվի, թե մենք հիմա ինչ-որ բան ենք պահանջում՝ ասում է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ Նա շեշտում է, որ այսպիսի պայմաններում արցախցին տարիներ է ապրում, ընդունել է այդ իրողությունը, բայց երբեք աշխարհից չի աղերսել, չի պահանջել ավելին․  

 «Ընդամենը փորձել ենք բավարարվել մեր նվազագույն մարդկային իրավունքներով ու հույսով, որ մի օր աշխարհի համար Արցախում ապրող մարդը ևս բացառություն չի լինի»։

Այն, ինչ քաղաքակիրթ աշխարհում տրված է մարդուն ի ծնե, Արցախի դեպքում սերունդների կյանք է արժենում՝ ցավով նկատում է Արցախի պետնախարարը։ 2022թ դեկտեմբերի 12-ից անցել է 102 օր, այդքան ժամանակ Արցախի բնակչությունը զրկված է Հայաստանի հետ կապի հնարավորությունից։ Թեև ճանապարհի արգելափակումը համընդհանուր քննարկման առարկա է դարձել, դա Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների իրավունքների նկատմամբ ոտնձգությունների համակարգային գործողությունների մեջ ընդամենը տարրերից մեկն է կազմում՝ շեշտում է Գուրգեն Ներսիսյանը։ Նա հստակեցնում է՝ Ադրբեջանի բոլոր գործողությունների հետապնդած գլխավոր նպատակը Արցախի ամբողջական հայաթափումն է.

 «Արցախի էթնիկ զտումն է, ընդհուպ՝ մինչև ցեղասպանություն։ Արցախը Ադրբեջանին պետք է առանց հայերի, կամ առավելագույնը՝ քիչ թվով հայերով, դրա համար նրանք ձեռնարկում են բոլոր միջոցները։ Միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ։ Այդ պատճառով Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը»։  

Արցախում շնորհակալ են բոլոր նրանցից, ովքեր միջազգային կազմակերպություններում, տարբեր երկրներում ուշադրություն են հրավիրել ստեղծված իրավիճակի վրա։ ԱՀ ԱԳՆ Սերգեյ Ղազարյանը, սակայն, նկատում է, որ այդ ջանքերը բավարար չէին, քանի որ Արցախի շրջափակումը շարունակվում է․

 «Բոլորս պետք է ավելի ակտիվացնենք ջանքերը, որպեսզի Ադրբեջանի վրա լուրջ միջազգային ճնշում գործադրվի և այն բոլոր որոշումները՝ կապված  ՄԱԿ-ի դատարանի որոշման հետ,  ու մյուս կոչերը, որոնք այս ընթացքում հնչել են տարբեր միջազգային կազմակերպությունների կողմից, որպեսզի Ադրբեջանը այդ որոշումների պահանջներին հետևի»։    

Ինչո՞ւ ռուս խաղաղապահները չեն վերացնում Արցախի շրջափակումը՝ ֆրանսիացի լրագրողն է հարցնում արցախցի պաշտոնյաներին։ Ադրբեջանական սադրանքները ռուսական խաղաղապահ առաքելությունը հեղինակազրկելուն են նաև ուղղված, որն այս պահին անվտանգության միակ երաշխավորն է՝ ի պատասխան նկատում է Սերգեյ Ղազարյանը։ Խաղաղապահները պետք է գործադրեն բոլոր ջանքերը իրավիճակը հանգուցալուծելու համար, որ նման սադրանքները չկրկնվեն։  Այդ ամենը ռուս խաղաղապահների պատասխանատուների հետ նույնպես քննարկում են, ասում է արտգործնախարարը։

Պետնախարարն էլ հավելում է, որ Ադրբեջանցի «էկոակտիվիստներին» հեռացնելը ուժ գործադրել է ենթադրում․

«Ակնհայտ է, որ նման քայլը կարող է իրավիճակի սրման կամ իրավիճակի վատթարացման տանել։ Կարծում եմ՝ այս առումով ռուս խաղաղապահների ցուցաբերած զգուշավորությունը տեղին է։ Նրանք փորձում են և ջանքեր են գործադրում խնդիրը լուծել քննարկումների, դիվանագիտական ուղիների գործադրման միջոցով։ Բայց, կարծում ենք, որ հնարավոր բոլոր գործիքների ու միջոցների սպառման դեպքում անհամեմատ ավելի առարկայական քայլեր կձեռնարկվեն»։  

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն այժմ Արգենտինայում է, Մարդու իրավունքների միջազգային ֆորումի է մասնակցում։ Օմբուդսմենը կարծում է, որ այդ հարթակն էլ կարող է ինչ-որ չափով օգտակար լինել։ Դժվարություններով, բայց փորձում են ամփոփ զեկույցով միջազգային հանրությանը ներկայացնել իրավիճակը․

«Արցախում մարդու իրավունքների երաշխավորման համար անհրաժեշտ և ամենակարևոր պայմանը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումն ու ճանաչումն է։ Առանց այդ ինքնորոշման իրավունքի ճանաչման և դրա ճանաչման ուղղությամբ իրական քայլերի, այլ իրավունքների երաշխավորման որևէ ողջամիտ հնարավորություն առկա չէ»։  

Արցախում ապրող հայերը և ադրբեջանցիները երբեք ինտեգրված չեն եղել՝  շեշտում է Արցախի պետնախարարը, անդրադառնալով Բաքվի կողմից առաջ քաշվող «վերաինտեգրացիայի» թեզին։ Գուրգեն Ներսիսյանը համոզված է, որ դա միջազգային հանրությանը մոլորեցնելուն միտված քայլ է․

 «Մենք պետք է կարողանանք ճշմարտությունը լիարժեքորեն ներկայացնել, ուղիղ հաղորդակցվել միջազգային դերակատարների հետ»։   

Բաքու-Ստեփանակերտ երկխոսության վերաբերյալ էլ Արցախի դիրքորոշումը հստակ է։ Արցախի արտգործնախարարը հիշեցնում է, թե ինչպես է Բաքուն ներկայացնում հումանիտար հարցերի շուրջ քննարկումները ։

Արցախը շարունակելու է պայքարը ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ուղղությամբ։ Ակնկալիքն էլ՝ հարցը Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ լուծելն է։

«Մեր համոզմամբ՝ նրանք մինչ օրս պարտավորություն են կրում ստեղծված իրավիճակի համար։ Չնայած բոլոր դժվարություններին՝ Արցախի ժողովուրդը հավատարիմ է իր ընտրած ճանապարհին  և գործադրելու է բոլոր ջանքերը»,– ասում է Սերգեյ Ղազարյանը։   

Արցախի արտգործնախարարը բացառում է ինտեգրացիան։ Շրջափակումն, ըստ նրա՝ դրա վառ ապացույցն է։

Back to top button