ԿարևորՔաղաքական

«ԱՄՆ-ն ճնշում է գործադրում»․ Երևան-Բաքու հարաբերությունների հարցը՝ ԱԺ-ում և ԱՄՆ Սենատում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում անդրադարձ է եղել Երևան-Բաքու գործընթացին և Ադրբեջանի ամերիկյան օժանդակությանը։ Սենատորների հարցերին պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ քննարկման ընթացքում հայտարարելով, որ Երևանի ու Բաքվի միջև  խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն կա։

Պահն, ըստ պետքարտուղարի, բարենպաստ է, և հնարավոր համաձայնությունը  կարող է բավարարել թե Հայաստանի, թե Ադրբեջանի շահերը։ Բլինքենի լավատեսությունը չեն կիսում Հայաստանի խորհրդարանում։ Գործադիրում էլ արձանագրում են, որ Երևանի ահազանգերն արդեն իրականության են դառնում։

Մոտավորապես այն պահին, երբ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարում էր, թե կա խաղաղության համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու հնարավորություն, Ադրբեջանը նորից կրակում էր Հայաստանի սահմանների ուղղությամբ։ Երասխում դիպուկահար կրակոցով հայ զինծառայողի հերթական սպանության քայլով Բաքուն ապացուցում է, որ անգամ «խաղաղության պայմանագիր» քննարկելիս պատրաստ չէ թշնամուց վերածվել հարևանի։

44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած Թալիշում Ալիևի հայտարարության ուղերձները, ըստ Հայաստանի վարչապետի, պետք է ճիշտ հասկանալ։

«Թալիշ գյուղում սեփականության իրավունքով հայերին պատկանող տները քանդում է Ադրբեջանը և դրանց փոխարեն կառուցում ադրբեջանցիների համար նախատեսված տներ։ Ադրբեջանի ղեկավարությունը ցույց է տալիս ԼՂ հայության իրավունքների և անվտանգության երաշխավորման կամ «ինտեգրացիայի» իր մոդելը։ Ադրբեջանի ղեկավարի ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել։ Նա բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Բաքվի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ-ի նկատմամբ և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում դժվար է որակել»։

Ալիևի ելույթի այն հատվածներում, որը մեջբերել է վարչապետ Փաշինյանը, խախտվում է միանգամից երկու պայմանավորվածություն։ Առաջին հատվածը բացահայտ հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետին, որտեղ ասվում է․ «Ներքին տեղահանված անձին և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո»։ Երկրորդ խախտումն առնչվում է 2022-ի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությանը։ Փաստաթղթի ձևակերպմամբ՝ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և  հաստատում, որ դրանք հիմք կհանդիսանան սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար։     

Այս ֆոնին ինչի՞ մասին է խոսում Բլինքենը, դժվարանում են մեկնաբանել նաև Հայաստանի ԱԺ-ում։ Խորհրդարանական մեծամասնության անդամները պնդում են՝ դեռ չկա փաստաթուղթ, որը հնարավոր է ստորագրել։ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը փոխանցում է՝ առաջարկները, որով փոխանակում են Հայաստանն ու Ադրբեջանը, կոմունիկացվում են նաև միջազգային միջնորդների հետ։   

 «Ոչ միայն առաջարկները, այլ նաև  դրանց բացվածքը, թե ինչու ենք այս բանը առաջարկում, թե ինչու ենք Ադրբեջանի այս առաջարկին հետևյալ կերպ արձագանքում, շատ մանրամասն ներկայացվում է մեր միջազգային գործընկերներին, և մեր ակնկալիքը մեր միջազգային գործընկերներից հենց այն է, որ փորձեն որոշակի քաղաքական ճնշումների միջոցով բալանսի և կառուցողականության հուն բերել մեր ապակառուցողական հարևանին»։

Այս ակնկալիքի կողքին ունենք իրավիճակ, երբ ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը 700 հազար դոլարի հատկացում է խնդրում 2024-ի բյուջեից՝ ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար: Այս ցանկությունների դեմ խոսել է Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։

Մենենդեսի խոսքով՝ վերջին տարվա ընթացքում տեսել են, թե ինչպես է Ադրբեջանը ներխուժում Հայաստանի տարածքներ, հումանիտար  ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ, վերջին 5 տարվա ընթացքում տեսել են, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել ու գրեթե 100 հազար հայ տեղահանվել:

Բլինքենը երեք հիմնավորում ունի՝ Ադրբեջանին ուղղված ֆինանսավորում ստանալու համար։

«Կարծում է, որ ադրբեջանցի սպաների արևմտյան կրթությունն ու արևմտամետ  կողմնորոշումը ձեռնտու է, երկրորդ հիմնավորումը  Ադրբեջանի Զինված ուժերի ներգրավվածությունն է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում, իսկ երրորդ պատճառն, ըստ Բլինքենի,  այն է, որ Ադրբեջանին պետք է պաշտպանել, քանի որ այդ երկիրը  սահմանակից է Իրանին»։

Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկվող «Խաղաղության պայմանագրին» առնչվող Բլինքենի լավատեսությունը չեն կիսում Հայաստանի խորհրդարանում։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ընդամենը մի տարբերակ է նշում, որի դեպքում Հայաստանը այս պահին կարող է Ադրբեջանի հետ համաձայնության գալ փաստաթղթի շուրջ։ «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանն էլ կասկածի տակ է դնում այդ միջոցով ենթադրաբար կնքվելիք պայմանագիրը։

Տիգրան Աբրահամյան․ «Մոտակա ժամանակահատվածում խաղաղության փաստաթղթի ստորագրման միայն կարող է մեկ պատճառ լինել, եթե Հայաստանը ամբողջությամբ հրաժարվի դիմադրելու իր հնարավորությունից։ Այսինքն՝ համաձայնի բոլոր այն առավելապաշտական մոտեցումներին, որը ներկայացրել է Ադրբեջանը»։

Արծվիկ Մինասյան․«Ի դեպ, պարոն Բլինքենը լավ կլինի նաև անդրադառնա միջազգային պայմանագրերի Վիեննայի կոնվենցիային, որով սևով սպիտակի վրա գրված է, որ սպառնալիքի կամ դրա անմիջական գործադրման պայմաններում ցանկացած համաձայնություն առ ոչինչ է»։

Մինչդեռ իր խոսքում Բլինքենն ընդգծել է՝ պայմանագրի կնքումը Հայաստանին չեն պարտադրում, այլ արձագանքում են պաշտոնական Երևանի արտահայտած մեծ ցանկությանը՝ վերջ դնելու ավելի քան 30 տարի շարունակվող հակամարտությունը։

Բայց այն, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրվում է, Բլինքենը հաստատել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում։

Նրա խոսքով՝ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում ՝ այս շաբաթ, որպեսզի Լաչինի միջանցքը կրկին բացվի։ Ասում է՝ աշխատում են այդ ուղղությամբ։

Ի պատասխան Ալիևի սպառնալիքների, թե որ դեպքում չի լինի «խաղաղության պայմանագիրը», Հայաստանի վարչապետը ուղերձ է հղում միջազգային հանրությանը․

«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչև օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա»։

Միաժամանակ Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը չի կարծում, որ Ղարաբաղի կարգավիճակի հարցում միջազգային կոնսենսուս կա։ Թվարկում են առնվազն մի քանի օրինակ, երբ միջազգային խոշոր «խաղացողները» 44-օրյա պատերազմից հետո խոսել են ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին։

Back to top button