Մարտահրավերներն ու սպառնալիքները Հայաստանի և Իրանի համար ընդհանուր են դարձել․ իրանագետ


Հարևաններին փոխել հնարավոր չէ, ուստի պետք է նրանց հետ համագործակցել. Իրանի համար առաջնահերթություն է հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումը, և այդ երկրի արտաքին քաղաքականությունը միտված է հարևանների հետ սերտ համագործակցությանը` ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը` վերլուծելով Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանիի հայաստանյան այցի հայտարարությունները։
Ըստ փորձագետի` 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները ընդհանուր են դարձել Հայաստանի ու Իրանի համար։ Երկու երկրների փոխգործակցությունը ներառում է թե անվտանգային խնդիրները, թե երկկողմ տնտեսական, քաղաքական հարաբերությունները։ Ըստ իրանագետի` հայ-իրանական հարաբերությունների օրակարգի անվտանգային բաղադրիչի գլխավոր շեշտադրումը Սյունիքն է, Հայաստանի հարավում համագործակցության զարգացումը։
«Թեհրանի համար առանցքային է հարևանության ամրապնդումը, իսկ Կովկասյան տարածաշրջանը իրանական կողմը դիտարկում է որպես առաջնահերթություն: Կովկասի դեպքում Իրանի համար հավասարապես կարևոր են թե Հայաստանի, թե Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումը, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո տեղի է ունեցել որոշակի փոփոխություն։ Ադրբեջանը վերածվել է հակաիրանական երկրի, որը չի թաքցնում և Իսրայելի ակնհայտ ազդեցությամբ բացահայտ դրսևորում է իր հակաիրանական դիրքորոշումը։ Այս տրամադրությունների հիմքում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցներն են Թուրքիան և Իսրայելը։ Ստեղծված իրավիճակում Իրանի համար ավելի դժվար է Ադրբեջանի հետ զարգացնել հարաբերություններմ այնպես, ինչպես նախքան պատերազմն էր։ Փոխարենը այս պահի դրությամբ Հայաստանը չունի որևէ խնդիր Իրանի հետ, և հայ-իրանական հարաբերությունները զարգանում են առավել սերտ համագործակցությամբ»,- ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։
Փորձագետը շեշտում է` Իրանը տարածաշրջանում մշտապես հանդես է եկել խաղաղության օգտին, այդպես եղել է և Արցախյան առաջին պատերազմի տարիներին և դրան հաջորդած ժամանակաշրջանում։
«Թեհրանն առաջին հերթին կողմնակից է տարածաշրջանային երկրների մասնակցությամբ ձևաչափերին, որտեղ միջնորդական առաքելությունը վերապահված կլինի Իրանին։ Այս պահին Իրանը կարևորում է «3+3» ձևաչափը, քանի որ դրանում չկա Արևմուտքի ներգրավվածությունը։ Իրանի համար ցանկալի չէ եվրոպական միջամտությունը` նկատի ունենալով Հարավային Կովկասում Հավաքական Արևմուտքի և Իսրայելի ներկայությունը։ Եվ հենց սա է պատճառը, որ Երևանում Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին ևս մեկ անգամ շեշտել է տարածաշրջանի երկրների խաղաղության և կայունության երաշխավորը լինելու հանգամանքը` նշելով, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը չի կարող ապահովել այդ խաղաղությունը, քանի որ դրանք, ըստ Թեհրանի, այլ հեռանկարներ են հետապնդում»,- ասում է իրանագետ Ժաննա Վարդանյանը։