ԿարևորՔաղաքական

Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չենք բանակցում․ Արարատ Միրզոյան

Հայաստանը չի բանակցում Լաչինի միջանցքում՝ Հայաստանի հետ սահմանին, ադրբեջանական անցակետ տեղադրելու հարցի շուրջ՝ ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Լաչինի միջանցքն անհապաղ բացելու հարցով  ԱՄՆ պետքարտուղարի հետ վերջին հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահը պնդել էր անցակետի տեղադրման անհրաժեշտությունը, ինչի ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը հայտարարում է, որ Լաչինի միջանցքի և դրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։

 «Մենք այստեղ արդեն պետք է կասկած հայտնենք հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ։ Ինչ իմաստ ունի պայմանավորվածություններ ձեռք բերել այլ հարցերի շուրջ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են, և Ադրբեջանը նույն հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով։ Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ»։  

Արտգործնախարարը հիշեցնում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստով Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների երաշխավորության ներքո, իսկ Ադրբեջանը պարտավորվում է ապահովել այդ միջանցքով բեռների և մարդկանց անխափան երթևեկությունը։ Լավրով–Միրզոյան վերջին հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարը խոսում էր նաև երրորդ կողմի պատասխանատվության մասին, սակայն, Միրզոյանը հստակեցնում  է, որ Լաչինի միջանցքը բացելու ակնկալիք ունեն՝ հստակեցնելով, թե ումից․

«Այս երկու երկրները անելիքներ ունեն բացելու ուղղությամբ․ Ադրբեջանը պետք է ապահովի, ՌԴ-ն պետք է վերահսկի։ Կրկնում եմ՝այնպես, ինչպես գրված է հայտարարության մեջ»։

Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ հայտարարություն է ընդունել ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը։ Կարևորելով միջազգային հարթակում հերթական նման հայտարարությունը՝ Հայաստանի արտգործնախարարը հիշեցնում է ՄԱԿ-ի միջազգային դատարանի կայացրած որոշումը։

«ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր են, ենթակա են կատարման, և չկատարման դեպքում դրանից պետք է ինչ-որ հետևանքներ բխեն, այլապես ընդհանրապես միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի»։

ԱԺ-ի ամբիոնից կրկին արձանագրելով, որ Ադրբեջանի կողմից առկա է էսկալացիայի իրական վտանգ թե Հայաստանի, թե ԼՂ նկատմամբ, Միրզոյանը, այնուամենայնիվ, պնդում է՝ Հայաստանը չի շեղվելու և շարունակելու է տարածաշրջանում տևական խաղաղություն հաստատելու համառ ջանքերը։ Հայաստանի արտգործնախարարի խոսքով՝ այս պահին ուսումնասիրում են Ադրբեջանից ստացված առաջարկները «խաղաղության պայմանագրի» տեքստի առնչությամբ և առաջիկայում հանդես կգան պատասխան առաջարկներով։ Հաստատում է, որ Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ հանդիպման  ժամանակ քննարկել են նաև արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու հավանականությունը։

«Պարզ է, որ բանակցություններն ընթանում են հեռավար, եթե կարելի է այդպես կոչել, որովհետև մենք փոխանակում ենք այնուամենայնիվ մեր առաջարկները, մեր պատկերացումները «Խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից նաև պետք է վերսկսվեն ֆիզիկական հանդիպումները և քննարկումները։ Այո, այդ թեման քննարկվել է Մոսկվայում, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա»։

Արարատ Միրզոյանը նաև հաստատում է՝ վերջին շրջանում ավելին քան սրվել է Ադրբեջանում հայատյացության քարոզը և ռազմատենչ հռետորաբանությունը։ Օրինակը թուրքալեզու երկրների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահի ելույթն է, որտեղ նա ակնարկել է, թե «հայերը հանգիստ չեն ապրելու 29800 քառակուսի կիլոմետրում, եթե չընդունեն Ադրբեջանի բոլոր առաջարկները»։

Սրան ի պատասխան Հայաստանի արտգործնախարարը ենթադրում է, որ Արաբական երկրների լիգայում, որի աշխատանքներին նա մասնակցել էր Եգիպտոսում և հիմնավորումներով ներկայացրել Ալիևի ապատեղեկատվությունը, ճիշտ են հասկանում ԼՂ հակամարտության էությունը, և հարցն ընդհանրապես չեն դիտարկում կրոնական երանգի ներքո։

Back to top button