ԿարևորՀասարակություն

Ընդդիմությունը գնահատում է ՄԻՊ թեկնածուի մասնագիտական որակները, կասկածում՝ անաչառությանը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում որոշել է առաջադրել Գլխավոր դատախազի տեղակալի թեկնածությունը։ Անահիտ Մանասյանն, ըստ իշխող ուժի,  ՄԻՊ-ի լավագույն թեկնածուն է։ Ընդդիմադիր խմբակցություններն թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցում դեռ չեն կողմնորոշվել։ Գնահատում են Անահիտ Մանասյանի մասնագիտական որակները, կասկածում՝ անաչառությանը։

Եռամսյա փնտրտուքից հետո ԱԺ իշխող խմբակցությունը կողմնորոշվել է ՄԻՊ-ի թեկնածուի հարցում և այդ պաշտոնի համար առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասում է՝ շատ մանրակրիտ են ուսումնասիրել հարցը, մի քանի անուններ են քննարկել, կանգ են առել Անահիտ Մանասյանի թեկնածության վրա։

«Ես հիմա չեմ ասի այլ անուններ, բայց կարող եմ ասել, որ տիկին Մանասյանը, իր մասնագիտական կարողություններով, իր արժեքային համակարգով, սկզբունքներով և անցած ճանապարհով այն թեկնածուն է, որը կարող է լինել Մարդու իրավունքների պաշտպան»,- ասում է Կոնջորյանը։

Սահմանադրությամբ Մարդու իրավունքների պաշտպան կարող  է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթությամբ թեկնածուն։ Անահիտ Մանասյանը մասնագիտությամբ իրավաբան է։ 2009-2013թթ. եղել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի օգնականը, ապա՝ խորհրդականը։ ՍԴ-ում շարունակել է աշխատել մինչև  2018-ը։ Վերջին 4 ամիսներին  գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի տեղակալն է։

Ազգային ժողովի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ » խմբակցության պատգամավոր  Թագուհի Թովմասյանը  ՄԻՊ թեկնածուի մասնագիտական  որակները կասկածի տակ չի դնում, բայց կասկածում է նրա անաչառությանը։ Բացի դրանից, ասում է, Մայր օրենքի պահանջը`բարձր հեղինակության մասին, մնում է անկատար։

«Մանասյանին հանրության լայն շերտերը չեն ճանաչում։ Օմբուդսմենի պաշտոնում ստիպված է լինելու հակադրվել գլխավոր դատախազին։ Հայաստանում բոլոր տեսակի քննությունների օրինականության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը, հետևաբար նա ի պաշտոնե ամբողջությամբ պետք է հակադրվի։ Արդյո՞ք նա պատրաստ է դուրս գալ իր նախկին գործընկերների դեմ՝ դժվարանում եմ ասել»,-ասում է Թագուհի Թովմասյանը։

Իշխող խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը, սակայն, չի կասկածում իրենց թեկնածուի անաչառությանը։ Հիշեցնում  է՝ նույն խոսակցությունները կային նաև այն ժամանակ, երբ ՄԻՊ պաշտոնում ընտրվեց Քրիստինե Գրիգորյանը։

Նախկին պաշտպան  Քրիստինե Գրիգորյանը մեկ տարի պաշտոնավարելուց հետո անսպասելի հրաժարական տվեց՝ հայտարարելով, որ անցնում է այլ աշխատանքի։ Թե ուր է գնալու նախկին օմբուդսմենը, առայժմ հայտնի չէ։   

Ընդդիմադիր երկու խմբակցությունները դեռևս թեկնածու չեն առաջադրել։ «Այս պահի դրությամբ վերջնական որոշում չկա, դեռևս քննարկվում է»,-ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Ագնեսա Խամոյանը։

Պատասխանը նույնն է նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունից։

Իսկ արդյո՞ք ընդդիմությունը պատրաստ է հանդիպել իշխանության թեկնածուի հետ։  «Հայաստան» դաշինքում  չեն բացառում։

«Նման առաջարկության դեպքում, իհարկե, կքննարկենք։ Եթե ՄԻՊ թեկնածուն նախաձեռնություն ցուցաբերի, կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա»,-ասում է Ագնեսա Խամոյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցությունում սպասում են առաջարկին, եթե-ներով չեն  առաջնորդվում։ Օրը կգա բարին հետը՝  ասում են։

Նույն խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը նկատում է, որ ընդդիմությունը ոչ թե պետք է մտածի, թե ինչ թեկնածու առաջադրի, այլ  պետք է այնպիսի թեկնածու ընտրի, որն ունակ է  հակադրվել իշխող թիմին։

«Իսկ նախորդ թեկնածուի օրոք ու թերևս այս թեկնածուի մենք չենք լսի քննադատական խոսք՝ ուղղված իշխանությանը, իսկ դա արդեն խնդիր է»։

Հիշեցնենք, Մարդու իրավունքների պաշտպանին ընտրում է խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ։ Եթե նույնիսկ ընդդիմությունը դեմ լինի այս թեկնածուին, իշխող խմբակցության ձայները բավարար են ընտրության  համար։ Նախորդ պաշտպանը՝ Քրիստինե Գրիգորյանը, նույնպես ընտրվել էր միայն իշխող մեծամասնության քվեներով։

Back to top button