ԿարևորՄշակույթՏեսանյութեր

Երևանը՝ կտավ․ նկարապատե՞լ մայրաքաղաքը, թե՞ ոչ

Մի վերջին վրձնահարված․ իտալացի նկարիչ Անտոնինո Պերատտան մի քանի քայլ հետ է գնում, որ աչքն ամբողջությամբ ընկալի 17 մետր բարձրություն ու 11 մետր լայնություն ունեցող կտավը։

Տեսնում է թիկունքով կանգնած երիտասարդի․ ձեռքին վրձին է, քայլում է առաջ, ուր իրեն սպասում են դասականները՝ Միլոսյան Վեներայի, Միքելանջելոյի Դավթի և Պաոլինա Բոնապարտեի քանդակները։ Երիտասարդը մուտք է գործում մշակույթի աշխարհ։

Կտավը քարե է․ այն արդեն կարող ենք տեսնել Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի պատին։

Երևանը՝ կտավ

City of the future. Yerevan street art fest նախաձեռնությունը որոշել է գունազարդել Երևանը։ Հեղինակ և ղեկավար Դավիթ Խաչատրյանը քաղաքային պատերին վերաբերող շատ ծրագրեր ունի։ Ասում է՝ խորհրդային տարիներին և դրանից հետո Երևանում ստեղծվել են գեղագիտական տեսանկյունից աչքի չընկնող շինություններ, որոնք կտավ դառնալու մեծ պոտենցիալ ունեն։

«Մեծ միջազգային համայնք կա, որը հերթ է կանգնել Երևանում գործ անելու համար։ Եթե դու լավ ես ներկայացնում քո մշակույթը, քո երկիրը (եթե նույնիսկ գիտես, որ այն բավականին խնդիրներ ունի), մարդկանց մոտ հետաքրքրություն է առաջանում։ Ու ես հատկապես ուզում եմ նշել արտասահմանցի արվեստագետների էնտուզիազմի մասին։ Մարդկանց հետ նախագծերի մասին ես խոսում, ու անընդհատ սպասում ես, թե երբ պիտի ֆինանսներից խոսեն։ Մեկ, երկու, երեք, չորս, տեսնում ես՝ ինքը դեռ ֆինանսից չի խոսում։ Դու ես ասում, գիտե՞ս՝ հոնորարը այսքան է լինելու։ Ասում է՝ հա խնդիր չկա, ի՞նչ ենք նկարում, ո՞նց ենք անում, ի՞նչ ենք ստեղծելու»։

Որմնանկարչությունը՝ մուրալիզմը, Հայաստանում զարգացած չէ 2 պատճառով՝ այն թանկ է, ու մենք պահպանողական ենք։

«Մենք միշտ փորձել ենք ավելի շատ տեղայնացված, արդեն իսկ սովորած ուղղությունների վրա ուշադրություն դարձնել արվեստի մեջ, մենք չենք փորձել ընդլայնել մեր սահմանները»,- ասում է Դավիթ Խաչատրյանը։

Ի՞նչ է խոսում նկարը

«Պատերին նկարել են դեռ միջնադարից սկսած։ Դա նոր երևույթ չի։ Բայց դա պետք է շատ զգույշ անել, որովհետև ամեն քաղաք ունի իր մշակութային միջավայրը, առանձնահատկությունները պետք է հաշվի առնել։ Երևանն այն քաղաքներից չէ, որտեղ կան շատ մակերեսներ, որոնց վրա կարելի է դա անել․ այդ մակերեսները շատ զգույշ է պետք ընտրել։ Եվ իհարկե ոչ միայն ուշադիր լինել, թե ինչպես է արվում, այլ նաև թե ինչ է արվում»։

Նկարիչ Ռուբեն Մալայանը չի հավանել նկարը։ Ամենամեծ խնդիրն, ասում է, բովանդակությունն է։ Իր խոսքով՝ դրա բացակայությունը։

«Եթե արվում է, ապա պետք է լինի մի բան, որը կստիպի մարդկանց գոնե մի քիչ մտածել, գոնե մի քիչ անդրադառնալ իրենց մշակույթին։ Դուք համարում եք, որ կարևոր է բովանդակությու՞նը, թե՞ կարծում եք՝ էսթետիկ տեսանկյունից հաճելի բան լինի, դրանով բավարարվենք։ Եթե դա է մոտեցումը, այս խոսակցությունն արդեն անիմաստ է դառնում, որովհետև ես սկզբունքորեն համաձայն չեմ դրա հետ։ Ինձ համար բավարար չէ, որ դա լավ կատարված լինի, ինձ պետք է նաև, որ այդ նկարն ինձ ոգեշնչի, որ ես սկսեմ մտածել, որ ես ընկալեմ քաղաքային միջավայրը ինչ է, ինչի համար է դա արվել հենց այնտեղ»։

Մալայանին փոխանցում եմ՝ ինչպես են մեկնաբանում նկարը հեղինակները։ Պատասխանում է՝ նկարին նայողը դա չի կարող ընկալել։

«Ընդհանրապես այդպես չի ընկալվում։ Ու դա կոնցեպտուալ տեսանկյունից խնդիր է։ Եթե դա է եղել միտքը, ապա ես համարում եմ, որ չի ստացվել։ Եթե ինձ պիտի բացատրեն պատկերի իմաստը, դա նշանակում է, որ այդ պատկերն արդեն չի ստացվել։ Որովհետև հանրային միջավայրում այդ պատի դիմաց այդ տղան չի կանգնելու, մարդկանց բացատրի, որ իմաստն այն է, որ երիտասարդները կգան, կընդունվեն ու արվեստի աշխարհ կմտնեն։ Այդպես չի ընկալվում ընդհանրապես»։

Մալայանը կարծում է՝ Գեղարվեստի ազգային ակադեմիայի պատը շատ ավելի լուրջ բովանդակություն կարող էր կրել։ Մեկ այլ խնդիր էլ այն է, որ օտարազգի նկարիչն է նկարազարդում այն կառույցի պատը, որը նկարիչներ է պատրաստում։ Սակայն ակադեմիայում նման խնդիրներ չեն տեսնում։ Պրոռեկտոր Ստեփան Եզդողլյանը նկարչի աշխատանքից շատ գոհ է։

«Շատ համեստ է, ու այդ արագությունը․․․ Ես տեսել եմ՝ ինչ արագությամբ է կատարում իր աշխատանքը, ինչ ճշգրիտ է կատարում։ Առաջին օրը բոլորը զարմացան, ինչ-որ թվեր էր գրում, ինչ-որ գծեր է քաշում։ Ու հետո որ տեսնաք՝ դա կամաց-կամաց ինչ է դառնում, դա լրիվ ուրիշ պատկեր է»։

Ռեկտորի տեղակալի խոսքով՝ մարդիկ հիացած են։ Ասում է՝ անցորդները նկարի մասին դրական կարծիք էին հայտնում դեռ ընթացիկ փուլում։

Նորարարության ու պահպանողականության սահմանին

Անտոնինո Պերատտան առաջին անգամ է Հայաստանում։ Հայերեն չի խոսում, շատ բան պարզել չենք կարողանում։ Միայն իմանում ենք, որ այցելության ընդհանուր տևողությունը 10 օր է, այցելությունից թողածը՝ մի նկարազարդ պատ և իր մշակույթից մի մասնիկ։

«Սա նկարչի ստեղծած գործն է, իհարկե օգտագործված են համաշխարհային ճանաչում ունեցող ավեստագետների, քանդակագործների, նկարիչների գործերը։ Ինչքան էլ արվեստը պետք է սահմաններ չունենա, մեկ է՝ դու հայ ես, նրանք իտալացի, ֆրանսիացի և այլն։ Ու ամեն մեկն իր մշակույթն ունի և ամեն մեկը բերում է իր մշակույթը քեզ մոտ ներկայացնելու, իրենից մի փոքր նշույլ թողնում է քո մեջ, և դա հնարավորություն է տալիս հետագայում զարգացնել քո իսկ մշակույթը մի քիչ այլ ձևերով»,- ասում է Դավիթ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ սահմանները պետք է վերանան, մշակույթը պետք է ազատ տեղաշարժվի աշխարհի բոլոր կողմերով․ դա է զարգացման բանաձևը։ Ասում է՝ արվեստի ապագայի մասին մտածելու խնդիր ունենք։

Ռուբեն Մալայանն այս հարցում զգուշավորության հորդոր է անում։ Վստահ է՝ միջավայրը մտածողություն է ձևավորում։

«Մեր հոգեվիճակը, այն, որ չենք կարողանում մասշտաբային պրոյեկտներ իրականացնել, որ այս պահին շատ բան չի ստացվում (դա իմ սուբյեկտիվ ընկալումն է), հենց նրանից է, որ մեր միջավայրը ամբողջովին դեմոտիվացնում է մեզ։ Մեր միջավայրը կարգավորված չի։ Քաղաքը չունի ընդհանուր վիզուալ համակարգ, որը պիտի կարգավորի այդ հարցերը, միջավայրը քաոտիկ է, ու ոչ մի վիզուալ ստիմուլ չի տալիս մարդկանց»։

Նկարչի խոսքով՝ հանրային միջավայրի ցանկացած ատրիբուտ՝ քանդակ, որմնանկար կամ շինություն պետք է վերահսկվի։ Քաղաքապետարանն, ըստ էության, կատարում է այդ գործառույթը։ Գեղարվեստի ակադեմիայի պատին պատկերված նկարն էլ անցել է բոլոր ընթացակարգերով, քաղաքապետարանը հավանություն է տվել էսքիզին էլ, տեղանքի ընտրությանն էլ։ Ռուբեն Մալայանն ասում է՝ ուրեմն, որոշում կայացնող մարդիկ իրենց տեղում չեն։

***

Այս նախաձեռնության շրջանակում մի պատ արդեն կտավ դարձել է․ Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկում կարելի է 4-հարկանի բարձրությամբ «Ժպտացող աղջկան» տեսնել։ Դավիթ Խաչատրյանը «Ռադիոլուր»-ին հայտնում է, եթե խանգարող հանգամանք չլինի, այս տարի մայրաքաղաքի շենքերից շատերը կնկարապատվեն․

«Մենք ապագայում սպասում ենք Միացյալ Նահանգներից նկարչի՝ Մինաս Հալաջյանին, ունենք նկարիչներ Ֆրանսիայից, Բելգիայից։ Ուկրաինայից շատ ուժեղ նկարիչ կա, որ հայկական թեմատիկայով է նկարելու։ Այս տարի, եթե բարենպաստ կերպով գնան գործերը, բոլոր այդ նկարիչների նկարները կստանանք Երևանում»։

***

Վերջին վրձնահարվածից հետո Անտոնինո Պերատտան մի քանի քայլ հետ է գնում, որ տեսնի ամբողջ պատկերը։ Գովեստի խոսքերին պատշաճ չի արձագանքում․ ոչ թե աննրբանկատության, այլ լեզվական խնդիր է։ 30-ամյա նկարիչը, որը կյանքի ուղիղ կեսը պատերի վրա նկարելով է անցկացրել, Երևանից Դիամանտե՝ իր ծննդավայր կգնա։

Իսկ երևանցիներն այսուհետ Գեղարվեստի ակադեմիայի կողքով անցնելիս կտեսնեն երիտասարդի թիկունքը, որը վրձինը ձեռքին արվեստի աշխարհ է գնում։

Back to top button