ԿարևորՀասարակություն

Ե՞րբ կվերանան հերթերն անձնագրայիններում, ի՞նչ անձնագիր ու  նույնականացման քարտ է տրամադրվում Հայաստանի քաղաքացիներին

Ծառայությունների հանդեպ  պահանջարկի ավելացում, հերթերի կառավարում․ Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը վերջին մեկ տարում անձնագրային բաժիններում առաջացած աննախադեպ հերթերն այս երկու գործոնով է պայմանավորում։ «Ռադիոլուրի» հետ զրույցում նա խոստովանում է՝ չի կարող ասել, որ առկա իրավիճակից գոհ է։

Միաժամանակ Ղազարյանը նշում է, որ ենթակառուցվածքը պատրաստ չէր վերջին 1․5-2 տարում անձնագրային ծառայությունների նկատմամբ աննախադեպ ավելացած պահանջարկը բավարարելուն։ Բայց ծառայության պետը խոստանում է, որ առաջիկայում, թվային օրակարգի ներդրմանը զուգահեռ, խնդիրները կլուծվեն։ 

«Ռադիոլուրի» հարցազրույցը՝ Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանի հետ

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետը հստակեցնում  է՝ նույնականացման քարտեր տրամադրվում են բոլոր դիմողներին, բայց 2023-ի փետրվարի 15–ից արդեն դրանք տրամադրվում են առանց էլեկտրոնային կրիչի, քանի որ նախկին համակարգը հնացել է, մաշվել, և արդեն տրամադրված նույնականացման քարտերում առկա էլեկտրոնային կրիչները այժմ չեն արտադրվում։ Ուստի, մինչև համակարգի ամբողջական արդիականացումը, նույնականացման քարտերն առանց կրիչների կլինեն։ 

Արմեն Ղազարյանն ասում է, որ էլեկտրոնային կրիչն իր մեջ պարունակում էր ամբողջական բիոմետրիկ տվյալները, նաև՝ նույնականացման քարտերի վրա ֆիքսվող տեղեկությունները։ Այժմ «Էկենգ» ընկերությունն ու մյուս գերատեսչությունները, որոնք աշխատում են էլեկտրոնային ստորագրությամբ, խնդիրը լուծել են։ Առանց էլեկտրոնային կրիչի նույնականացման քարտ ստացող քաղաքաքին, ըստ անհրաժեշտության, կարող է մոտենալ իր հեռախոսը սպասարկող բջջային ընկերությանը, փոխել հեռախոսի քարտը, և հեռախոսի միջոցով՝ mobile id–ի կիրառմամբ, օգտագործել իր էլեկտրոնային ստորագրությունը։

Ինչու ՞ Արցախում  նույնականացման քարտեր չեն տրամադրվում

Արմեն Ղազարյանն ասում է, որ նոր համակարգի տեխնիկական  սպասարկման հետ կապված Արցախում որոշակի խնդիրներ են առաջացել։ Այդ խնդիրները կան նաև Երևանում ու Հայաստանի մարզերում։ Օրինակ՝ տվյալները  համակարգ ներմուծելիս կամ արտածելիս որոշակի խնդիրներ են առաջանում, բայց դրանք լուծվում են։

Ե ՞րբ կլինեն նոր նույնականացման քարտերը

Միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Ռադիոլուրի»հետ զրույցում նշում է, որ նոր նույնականացման քարտեր ունենալու գործընթացն ավելի երկարատև է։ Դա պայմանավորված է ընդհանուր թվայնացման օրակարգով։ ՀՀ–ում կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի տրամադրման նոր համակարգ ներդնելու համար տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի կառավարման խորհուրդ է ստեղծվել, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այդ համակարգի շրջանակներում ամբողջական թվային հասարակություն ստեղծելուն, ծառայություններն ընդլայնելուն ուղղված ծրագրեր են մշակվում։ Գործող նույնականացման քարտերը գործում են մինչև վավերականության ժամկետի ավարտը։ Դրանք տրամադրվում են  տասը տարով։ Ժամկետի ավարտից հետո քաղաքացիները դիմում են անձնագարային ծառայություն։ Այստեղ գործում է  «մեկ պատուհան» սկզբունքը։

Կան արդյո՞ք անձնագրերի հետ կապված խնդիրներ

Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ այս պահին տրամադրվում են կապույտ, առանց բիոմետրիկ կրիչի անձնագրեր։ Դրանք կտրամադրվեն մինչև նոր կենսաչափական անձնագրերի կիրառումը, իրենց մեջ կրելով ամբողջական ինֆորմացիան։ Ծրագիրը մշակման փուլում է, այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Ղազարյանը ժամկետներ չի նշում, բայց հույս ունի, որ  առաջիկա տարիներին կլուծվի հարցը։ Նրա պարզաբանմամբ՝ նոր կենսաչափական անձնագրերում կարևորը ոչ թե ավելի շատ կամ քիչ տվյալներ ներառելն է, այլ եղածը պահպանելն ու դրանց փոխգործելիությունը ապահովելը։ 

Ներկայիս կենսաչափական անձանգրերի կրիչների ատադրության հետ կապված խնդիրներ կան, քանի որ աշխարհոմ արդեն չկա նման բիոմետրիկ կրիչներ արտադրող կազմակերպություն։

Կենսաչափական անձնագրեր և նույնականացման քարտեր արտադրող լեհական «PWPW S.A.» ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը լրացել է ու այն չի թարմացվել։ Արմեն Ղազարյանը վստահեցնում է, որ լեհական ընկերությունը չի հրաժարվել Հայաստանի կառավարության հետ համագործակցելուց։

Back to top button