Գերդաստաններ

Գետիկ Բաղդասարյանի էլեկտրազոդման տեխնիկան՝ նոր ոճ հայ քանդակագործության մեջ․ «Գերդաստաններ»

Նա է հեղինակը Զանգեզուրի դարպասների, Սիսիանի «Անմահական  խնձորը»  և  «Կտրիճը»  հուշարձանների, բոլորովին վերջերս Ազատության հրապարակում  տեղադրված  դիրիժոր Օհան Դուրյանին  հետաքրքիր ու ինքնատիպ մեկնաբանությամբ արձանի։ Նա իր կախարդական էլեկտրազոդման տեխնիկայով նոր ոճ հաղորդեց հայ քանդակագործությանը։

19-րդ դարի սկզբին Սիսիանը հայտնի էր իր շատ շնորհալի և ստեղծագործ արհեստավորներով։ 1830-ական թվականներին Խոյից ծնողների հետ այստեղ էր գաղթել Հայրապետը, որը ամուսնացել էր դարձյալ խոյեցի բարձրահասակ և նրբիրան Սալբիի հետ։

Նրանց որդիներից Սամվել Բաղդասարյանը դարբին էր, Բաղդասար Արզումանյանը՝ ճարտարապետ, Հովհաննեսը ժամագործ էր և փայլուն արհեստավոր, քանի որ նրան էին վստահում բոլոր տեսակի բարդ սարքավորումների վերանորոգման հետ կապված աշխատանքները։ Հենց նրա որդին էր հանրահայտ քանդակագործ Գետիկ Բաղդասարյանը։

Գետիկ Բաղդասարյանի 3 զավակները

Գետիկը տասը տարեկան էր, երբ գրեթե ամեն օր դասերից հետո գնում էր հորեղբայր Սամվելի դարբնոցը և ոչ միայն օգնում և առանց դժգոհելու կատարում էր նրա հանձնարարությունները, այլև ուշի-ուշով հետևում էր նրա աշխատանքին, սովորում  նրանից էլեկտրազոդման արհեստը, որի մասին տարածաշրջանում գրեթե չգիտեին։ Հենց այս հնարքն էլ հետագայում հնարավորություն տվեց Գետիկին կերտել զարմանահրաշ և կախարդական քանդակներ։

Արմենուհի Բաղդասարյան

Գետիկ Բաղդասարյանի աստվածատուր շնորհն առաջինը նկատեց ճարտարապետ հորեղբայրը՝ Բաղդասար Արզումանյանը, որը Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի, Մասիվում կառուցված Սուրբ Սարգիս եկեղեցու, շուրջ տասնմեկ եկեղեցիների և Էջմիածնում ներկայացված ոսկե տառերով հայոց այբուբենի ճարտարապետն է։ Հենց Բաղդասար Արզումանյանը, տեսնելով Գետիկի պլաստիլինե աշխատանքները, կանխորոշեց նրա ապագան։

Վարթեր Բաղդասարյան

Քանդակագործի առաջին աշխատանքը պատկերում էր Սալբի տատին խոյեցու տարազով։ Կոլորիտային այս կնոջ կերպարն անմոռաց է Գետիկի հիշողության մեջ, և իր դիպլոմային աշխատանքում նա նյութականացրեց Սալբիին մարդկային բնավորությամբ և դարձրեց «Մայրություն» անվամբ հուզիչ մի կերպար։

Գետիկ Բաղդասարյանի ինքնատիպ աշխատանքները հանրության ուշադրության կենտրոնում են եղել, սակայն քանդակագործը մեծ ցավ է ապրում, որ մինչ այսօր իր արվեստանոցում են «Ներսես Աշտարակեցի», «Նարեկացի», «Կոմիտաս», «Պարույր Սևակ» բարձրաքանդակները։

Նա կարծում է, որ քանդակագործության մեջ նմանը չունեցող էլեկտրազոդման ոճն անտարբերության է մատնվում։

Հովհաննես Բաղդասարյան

Գետիկ Բաղդասարյանի որդին՝ Հովհաննես Բաղդասարյանը, շուտով կավարտի Գեղարվեստի ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրան և կշարունակի հոր գործը։ Հետաքրքրությունն ու սերը քանդակի նկատմամբ առաջացավ այն պահից, երբ հոր հետ աշխատելիս առաջին անգամ լսեց քարից արձագանքվող կախարդական ձայնը՝ ասում է Հովհաննեսը։

Հովհաննեսի առաջին աշխատանքը՝ «Շունն ու Կատուն» անչափ խոսուն է, չոբանի շան գլխին պատկերված կատուն ասես մի նոր պատմություն է ստեղծում։

44-օրյա պատերազմից հետո նոր մտորումների մեջ ընկավ Հովհաննեսը։ Նրան հետաքրքրեցին թռչուններն իրենց ազատության տենչանքով, նաև անօգնականությամբ և շատ հեռավոր երազանքներով։

Քանդակագործի դուստրը Գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի բաժնում է սովորում։ Նա դեռ որոնումների մեջ է։ Կձուլվե՞ն արդյոք երաժշտությունն ու նկարչությունը, թե՞ կառանձնանան, կարևոր չէ։ Կարևորն այն է,  որ տարիներ հետո խոսի արվեստագետի գենը նոր գույնով, նոր հրաշագեղ ձայնով կամ քարով։  

Back to top button