ԿարևորՀասարակություն

Երբ անվտանգության համար պատասխանատու է «զինվոր-քաղաքացին»․ «Ոգեզէնն» ամփոփել է երկու տարվա գործունեությունը

21-րդ դարի անվտանգային միջավայրում ագրեսիան զսպելու և դրանից պաշտպանվելու համար պահանջվում է ինտեգրել ազգային կարողության բոլոր տարրերն ու օգտագործել ողջ հանրության ներուժը։ Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքի ընթացքում ներկայացվել են սեպտեմբերյան մարտերից հետո կատարված աշխատանքները և քննարկվել հետագա անելիքները։ «Ոգեզէն» համակարգը  ստեղծվել է 44-օրյա պատերազմից հետո` առաջ քաշելով «զինվոր-քաղաքացի» բանաձևը, ըստ որի՝  երկրի անվտանգության համար պատասխանատու է յուրաքանչյուր քաղաքացի։

Պետության պաշտպանությունը ոչ միայն պետական կառույցների, այլև ամբողջ ժողովրդի խնդիրն է։ Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգը ազգային անվտանգության համակարգի կերտման համար առաջարկում է որդեգրել «զինվոր-քաղաքացի» բանաձևը։ Սա նշանակում է, որ անվտանգության մարտահրավերների դիմադրում է ոչ միայն բանակը, այլև յուրաքանչյուր քաղաքացի։ «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն»-ի տնօրեն Հրաչյա Արզումանյան վերջերս հրատարակած իր գրքում շարադրել է, թե ինչպես են կառուցվել նման համակարգերն այլ երկրներում ։ 

«Այստեղ խնդիր կա, որովհետև բոլոր երկրները, որ այդ համակարգը կառուցել են, դա արել են տասնյակ տարիների ընթացքում։ Ֆինլանդիան՝ 80 տարի, Իսրայելը՝ 70 տարի, Շվեյցարիան՝ 3-4 դար, Թայվանը 50 տարի է կառուցել։ Մենք այդքան ժամանակ չունենք։ Մենք այն 30 տարիներին, որ պետք է նման մոտեցում կառուցած լինեինք, որպես պետություն այլ բաներով ենք զբաղվել։ Այդ 30 տարին կորցրել ենք, հիմա ստիպված ենք հնարավորինս արագացնել այդ գործընթացները և 5-10 տարվա ընթացքում կարողանանք փոխել մեր անվտանգային համակարգը»։

Համակարգը նախատեսվում է ոչ թե տեղայնացնել, այլ կառուցել մեր ունեցած հիմքի, մշակույթի մեջ։ Այն որպես գաղափար, համակարգված կոնցեպտի մոտեցում գոյություն ունի, այժմ աշխատանքներ են տարվում տեսլականը մշակելու, ապա ռազմավարությանն անցնելու համար։ 

«Հույս ունեմ, որ 2023-ին դուրս կգանք տեսլականի մակարդակի վրա։ Գաղափարները հասկացել ենք, գիտենք՝ ինչպես պետք է անենք, որ աշխատի, փորձը բերել ենք, շտրիխներով հավաքել կոնցեպտի անհրաժեշտ կտորները, որ պետք է Հայաստանում լինի։ Հիմա պետք է կառուցենք տեսլական, որն ընդունելի է հասարակության, բիզնեսի ներկայացուցիչների, պետության, Սփյուռքի և եկեղեցու կողմից։  Այդ փուլից հետո կանցնենք ռազմավարությանը»։  

«Ոգեզէն» համակարգի «ուժային թևում» է գործում «Ազատազէն» ՀԿ-ն, որը փորձում է զենքի մշակույթը կենցաղ մտցնել։  «Ազատազէն»–զը զենքով կռվելու պատրաստ մարդ է, որը զինվորական չէ, բայց պատրաստ է պետությունը պաշտպանել։ «Ազատազէն»-ը Հայաստանում դեռևս միակ քաղաքացիական հրաձգարանն է։ Կազմակերպության ղեկավար Իշխան Գևորգյանի խոսքով՝ նախատեսում են ամեն մարզում մեկ հրաձգարան ունենալ։

«Վայքում «Արշակունիներ» կառույցի հետ երկրորդ հրաձգարանի հիմքն ենք դրել, այսինքն՝ տեղ ենք սարքել, որտեղ մարզում ենք սարում կրակելու օրենքով, մինչև դրա թղթերի հարցերն էլ մարզի աջակցությամբ կլուծենք ու արդեն մեր ծրագրի հաջորդ քայլը կանենք։ Իսկ մեր ծրագրով ամեն մարզում առնվազն մեկ հրաձգարան պետք է լինի»։

«Ազատազէն»-ը սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ մասնակցել է Ջերմուկի պաշտպանությանը, այդ ընթացքում  չի փակել հրաձգարանը և շարունակել է մարզել ցանկացողներին։ Ջերմուկից վերադառնալուց հետո այստեղ իրականացվող աշխատանքներին տեմպ են հաղորդել, ստեղծել արագ արձագանքման ու դիպուկահարների ջոկատները։ Կազմակերպության զենքի խանութը մեկ շաբաթից վաճառքի տեսականի կունենա։  

«Ոգեզէն»-ի ուժային թևում է գործում նաև «ՈՄԱ» կազմակերպությունը։ Այն թիկունքում ամրաշինական աշխատանքներ է իրականացնում՝ ստեղծելով «Գմբեթ 2»(народний ДЗОТ Деревоземляная огневая точка) պաշտպանական համակարգեր սահմանապահ համայնքներում։  «Գմբեթ» -ը «Ոգեզէն»-ի առաջին հավաքի ժամանակ ներկայացված գաղափարներից է, որի փոխակերպված՝ ավելի մատչելի տարբերակները, գրեթե 5 տասնյակի հասնող կրակակետեր տեղադրվել են Կապանի, Գորիսի, Ջերմուկի և Երասխի տարածքներում։ Մեկ գմբեթի արժեքը 2300 դոլար է։ Կազմակերպության հիմնադիր Վովա Վարտանով․

«Հեշտ տեղադրվող կրակակետերի գաղափարն իմն է։ Ես խնդրել էի Մերուժանին, իրենց ընկերության անվանումը «Ստորակետ» է, որ կոնստրուկտորական լուծումներ տան։ Երբ շինարարական տեսակետից լուծումներ տվեցին, անունը դրեցին «Գմբեթ», Մերուժանի թեթև ձեռքով «Գմբեթ» կոչվեց ամբողջ ծրագիրը։ Հետո, երբ հասկացանք՝ ինչ ինքնարժեք է ունենալու, դա ինձ մի քիչ վախեցրեց։ Ավելի ուշ՝ մտքովս անցավ անիվների օգտագործման ձևը, որն արդեն անվանեցի «Գմբեթ 2»։ Մեկը մյուսից առաջացած կրակակետի նախագծեր են։ Երբ մեր մոտ անիվները վերջանան, դրանք անսահմանափակ չեն, բնական է՝ պետք է անցնենք ուրիշ մեթոդների ու կարող է ստիպված լինենք այդ թանկ ծրագիրը կյանքի կոչել։ Երկուսի հուսալիությունը հավասար է, քանի որ ոչ թե բետոնի կամ հաստ անիվի շերտն է պահում, այլ՝ իր վրայի հողը։ Հակառակորդի կրակից պաշտպանում է հողը»։  

Կազմակերպությունը հողային աշխատանքներ իրականացնող մարդուժի կարիք ունի։ Թեև ՈՄԱ-ի կամավորները իրականացնում են անհրաժեշտ աշխատանքները, սակայն դա բավարար չէ աշխատանքների ծավալը մեծացնելու համար։

«Ոգեզէն»-ի կառույցներից Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորումը, համագործակցելով պետական մարմինների հետ, փոփոխություններ է առաջարկել «Զենքի շրջանառության մասին» օրենքի մեջ, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 26-ից։ Միավորման նախագահ Նարեկ Ներսիսյան․

«Թյուր կարծիք կա, որ այս օրենքը զենքի ազատականացման մասին է, բայց իրականում այդպես չէ։ Մի կողմից՝ շրջանառությունն է խստացնում, մյուս կողմից՝ հնարավորություն է տալիս ավելի մեծ քանակությամբ զենք ձեռք բերելու։ Հին օրենքում զենք կրելու հասկացությունը չկար, որը շատ կարևոր բաղադրիչ է, այս օրենքում կրելը և փոխադրել կարգավորվում է։  «Զենքի շրջանառության մասին» օրենքում առաջին անգամ հրաձգարան հասկացությունն է մտել, որը  շատ կարևոր փոփոխություն է»։

Զենքի ձեռք բերման հիմքերից մեկը պետք է ռազմամարզական կազմակերպությունների կողմից քննություն ընդունելը կամ զենք ձեռք բերողի կողմից քննություն հանձնելը լինի, սակայն ռազմամարզական կազմակերպությունների մասին օրենք չկա, որն անհրաժեշտ է համակարգային լուծումների համար։Այժմ աշխատանքներ են տարվում այդ բացը լրացնելու ուղղությամբ։

Back to top button