Սփյուռքի ձայնը

Ռուսական բուրժուական ճարտարապետությունից մինչև Երևան ու Թավրիզ․ Ալեքսանդր Թամանյանի 145 -ամյակը․ «Սփյուռքի ձայնը»

Հայ նորագույն ճարտարապետության հիմնադիրներից մեկը՝ Ալեքսանդր Թամանյանը, ստեղծագործել է նաև Հայաստանի սահմաններից դուրս և մինչև հայրենիք վերադառնալն արդեն ճանաչված ճարտարապետ էր։ Նրա կառուցված շինությունները մինչև այսօր կանգնած են Ցարական Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում, իրանական Թավրիզում։

Նրա թոռը, երաժիշտ Գագիկ Թամանյանը, որն այսօր ապրում է Անգլիայում, սրտացավ է պապի թողած ժառանգության պահպանման գործում, ծանոթ է նրա կյանքի ու աշխատանքների բաց ու փակ անկյուններին։

Գագիկ Թամանյան

«Թամանյանն այնքան մեծ ժառանգություն ունի, որի գաղտնիքներին այսօրվա սերունդը պետք է ծանոթ լինի, իսկ դրա համար պետք է թանգարան ունենալ»,- ասում է նա:

Թամանյանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ. Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումն էր (1906 թ.): Նրա նախագծով 1907–1913 թթ.- ին կառուցված շենքերից ուշագրավ են Կոչուբեյի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ Պուշկին), Շչերբատովի տունը` Մոսկվայում (արժանացել է Մոսկվայի քաղաքային դումայի ոսկե մեդալի), Մոսկվա–Կազան երկաթուղու հիվանդանոցային համալիրը՝ Պրոզորովկա ավանում (այժմ՝ Կրատովո), որտեղ Թամանյանը կիրառել է դասական և XVIII դարի ու XIX դարի սկզբի ռուսական ճարտարապետության ձևերը` ինքնատիպ մեկնաբանմամբ:

«Տարիներ առաջ ես և զարմիկս կարողացանք մուտք գործել Շչերբատովի տուն, որի ներքին գեղեցկությունը զարմացրեց ու հիացրեց մեզ: Ի դեպ, կառույցը հսկվում է ռուսական իշխանությունների կողմից: Այնտեղ մուտք գործելը անհնար է, ինչին բախվել էին հայրս և հորեղբայրս տարիներ առաջ»,- պատմում է Գագիկ Թամանյանը։

1923 թ-ին Թամանյանը վերջնականապես հաստատվում է Հայաստանում: Նրա ճարտարապետական առաջին և կարևորագույն աշխատանքը Երևանի գլխավոր հատակագիծն էր 150 հազ բնակչի համար: Նա գոտևորել է քաղաքը, նշել նրա հորինվածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին, Հյուսիսային պողոտան:

«Հյուսիսային պողոտան, ըստ Թամանյանի, պետք է ունենար ոչ թե նման բարձրահարկեր, այլ ցուցասրահներ ու ցածրահարկ կառույցներ: Ի դեպ, Թամանյանի նախագծով Երևանում բոլոր շինությունները բարձրահարկ չպետք է լինեին: Նա ասում էր, որ մեր քաղաքի հիմքը այն պահել չի կարող: Իսկ այսօրվա Կասկադը այն չէ, ինչ նախագծել էր Թամանմանը: Այն ավեի շատ ջրային կասկադ պետք է լիներ, որպեսզի կլիմայական պայմաններին համապատասխաներ»,- պապիկի նախագծերի մասին է խոսում նրա թոռը։

Ալեքսանդր Թամանյանը հնի ու նորի խաչմերուկում կարողացավ ստեղծել նոր հայկական ճարտարապետության` նեոհայկական ոճը։

Back to top button