ՀարցուԳԻՏԱփորձ

Որտեղի՞ց է գալիս մուսան․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Երբ մենք ասում ենք մուսա, միշտ ընկալում ենք բարի, գեղեցիկ, ստեղծագործ ներշնչանք, բայց պարզվում է, որ մուսաները կարող են լինել նաև չար ու ներշնչել չար գործեր»։

Կալլիոպե, Եվտերպե, Մելպոմենե, Թալիա, Տերփսիքորա, Պոլիհիմնիա, Ուրանիա, Էրատո, Կլիո

Ձեզ գուցե ոչինչ չասող այս անունները կրող Զևսի դուստրերը գալիս էին, որ մարդն ասելու բան ունենար։

«Ստեփան Զորյանը նստում, հատիկ–հատիկ գրանցում էր, թե ինչպես պետք է սկսվի գործը, որտեղ պետք է ավարտվի, ով պետք է գա։ Այդ պրոֆեսիոնալ աշխատանքը կապես հատուկ ուժերի հե՞տ․ այդպես ճիշտ չի»։

Բարև։ Այսօր «ՀարցուԳԻՏԱփորձ»-ը մուսաներին է փնտրում։

Անտիկ ժամանակներում ամեն ինչ պարզ էր․ Զևսի 9 դուստրերը՝ մուսաները, ապրում էին Օլիմպոս Լեռան կամ Պառնաս սարի վրա։ Յուրաքանչյուրը մի ոլորտի համար էր պատասխանատու․

Կալլիոպե- էպիկական պոեզիայի՝ էպոսի,
Կլիո- պատմության,
Եվտերպե- քնարերգության,
Թալիա- կատակերգության,
Մելպոմենե- ողբերգության,
Տերփսիքորա- պարերի,
Էրատո- էրոտիկ (սիրո) պոեզիայի և երաժշտության,
Պոլիհիմնիա- հիմների,
Ուրանիա- աստղագիտության։

Ու թե մարդն ուզում էր ստեղծագործել, դիմում էր կոնկրետ ոլորտի համար պատասխանատու մուսային ու խնդրում, որ նա գա, ոգեշնչում բերի։

Հիմա խառը ժամանակներ են․ մարդը կորցրել է Օլիմպոսի տեղը, մուսաներն էլ շատ վստահություն չեն ներշնչում։ Եվ այնուամենայնիվ այսօր էլ մենք փնտրում ենք նրանց, ստեղծագործելիս շնորհակալ լինում, մեր անկարողությունը կամ ծուլությունը քողարկելուց՝ մեղադրում, որ չեկան։ Իսկ մուսան կա՞, նրան կարելի՞ է ձեռք տալ, ի՞նչ տեսք ունի ու որտեղի՞ց է գալիս նա․ «ՀարցուԳԻՏԱփորձն» այսօր այս հարցերին է պատասխանելու։

***

«Մուսան այն միլիավայրկյանն է, նանովայրկյանն է, որ դու ուզում ես մի բան ասել աշխարհին։ Այդ պահն է մուսա հասկացությունը։ Քիմիական գործընթաց է մարդու մտքում, հոգում կամ սրտում։ Դու կարող ես անունը մուսա դնել, ներշնչում, ոգեշնչում, պանիր կարող ես ասել իրեն, ինչ անուն ուզում ես՝ դիր։ Ինչ–որ բանից կարող ես ոգևորվել, ուղեղումդ տեղի ունենա ինչ–որ գործընթաց, որի արդյունքում դու ուզես արտահայտվել»։

Յոհան Հենրիխ Տիշբեյն, Եվտերպե (1782)

Դժվար է ասել՝ քնարերգության մուսա Եվտերպեի կամ պոեզիայի և երաժշտության մուսա Էրատոյի մատը խա՞ռն էր 2001 թվականի իրադարձության մեջ, թե ոչ, բայց այդ տարի Ավետ Բարսեղյանը սկսեց երգի բառեր գրել։ Մի զույգ 25 տարվա դադարից հետո կրկին միացել էր և նրան խնդրել գրել «Սիրո հարություն» երգը։ 22 տարի է անցել, Ավետ Բարսեղյանը գրելու համար էլ մուսաներին չի սպասում․ ժամանակ չկա։

— Եղել է՞, որ մուսային համոզեք, որ գա։
— Հա, եղել է՝ երկար պահանջել եմ, որ արդեն ժամանակն է, վառվում ենք, ունեն օրեր կան, հասցնելու խնդիր կա, պիտի հասցնել, խոսքը երգերի մասին է։ Դա մեծ բանակցություններ են սեփական գիտակցության հետ։ Դու քո մեխանիկական «զավոդն» ես «խոդի տալիս», հասկանում ես, որ չէ, հոգին քիչ է, սաղ մեխանիկական աշխատանք է, բայց պարտավոր ես «զավոդը խոդի տալ»։ Ու մուսան գալիս, հասնում է։ Միևնույն է, երբ տեսնում է՝ քո գործարանն աշխատում է, գալիս է։ Դու պետք է թեկուզ մեխանիկորեն աշխատեցնես, որ հաստոցների ձայնից ինքը արթնանա ու գա։

Բանաստեղծությունն այլ է։ Այստեղ ոչ ոք չի պարտադրում՝ կոնկրետ ժամկետներում զգալ կոնկրետ էմոցիա, այն բառ դարձնել, տալ մարդկանց։ Բանաստեղծության համար, Բարսեղյանի խոսքով, իսկապես ոգեշնչում է պետք։

— Իմ մուսան եղել է կինն էլ վերերկրային վիճակն էլ, երեխաս էլ, կինս էլ, մայրս էլ, քույրս էլ, ամեն ինչն էլ, հայրենիքն էլ, սերն էլ, ընկերությունը, դավաճանությունը, ապերախտությունը։ Ես կարամ գրկեմ, պաչեմ, բարևեմ, ճմկտեմ, լացացնեմ իմ մուսային։
— Աշխատավարձը սպանու՞մ է ոգեղենությունը։
— Հա, հա, իհարկե, դա նորմալ է, դա մարդկային է, ու չի կարելի վերամբարձ տեքստեր ասել ու փորձել ավելի լավը թվալ, քան իրականում կաս։ Հա, դեդլայն ունես, պետք է հասցնես, մուսան գա-չգա, հիմա ոգեշնչում ունենաս-չունենաս։ Մարդը պետք է երգի էդ երգը կամ ամուսանան էդ օրը, էդ երգը պե՛տք է լինի, ինքը պե՛տք է կնոջ հետ մտնի սրահ էդ երգի տակ։ Իրեն հետաքրքի՞ր է Ավետ Բարսեղյանը մուսա ունի, թե չէ։

Անտոնիո Կանովա Տերփսիքորա (1816),

Իսկ առաջ առանց մուսայի գործն առաջ չէր գնա։ Մուսան ծնվեց անտիկ շրջանում։ Դա մի ժամանակ էր, երբ ամեն մարդ չէր կարող գրել։ Ու մարդիկ հավատացին, որ եթե մեկի մոտ ստացվում է դա անել, ապա այստեղ աստվածային միջամտություն կա։ Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանն ասում է՝ անտիկ շրջանում մարդը հաճախ էր խոսում մուսայի հետ․

«Անտիկ գրականության մեջ, հատկապես էպիկական գործերում, Հոմերոսի, Օվիդիուսի, հետագայում՝ Վիրգիլյուսի, շատ-շատերի մոտ մենք տեսնում ենք այն փաստը, որ հատկապես ծավալուն ստեղծագործություն սկսելուց առաջ էդ գրողները նախ դիմում էին մուսաներին՝ ստանալու նրանց քաջալերանքը, խորհուրդները, խնդրում էին չբացակայել իրենց կողքից, որ կարողանան բարեհաջող ձևով գործն ավարտին հասցնել»։

Հետո եկավ մշակույթի քրիստոնեական ընկալման շրջանը։ Ստեղծագործելու ուժ ստանալու խնդրանքներն արդեն ուղղվում էին ոչ թե մուսաներին, այլ Աստծուն։ Տարբերությունն այն է, որ անտիկ շրջանում մարդը ներշնչանք էր խնդրում, քրիստոնեական շրջանում՝ իր համոզմունքներում ու սկսած գործն ավարտելու հարցում կամք ու կորով։ Իսկ հետո արդեն հերթը վերածննդինն էր․

«Բայց այստեղ խնդրին պետք է մոտենալ մի այսպիսի վերապահումով․ եթե անտիկ շրջանի հեղինակները միանշանակ հավատում էին այդ մուսաների գոյությանը և միանշանակ հավատում էին, որ հենց նրանց տվածն է, նրանց շշնջացածն է, նրանց թելադրածն է, որ ի վերջո դառնում է գեղարվեստական ստեղծագործություն, ապա արդեն վերածննդի շրջանում ու հատկապես կլասիցիզմի շրջանում դա պարզապես գեղարվեստական մեթոդ էր, ձև էր, որով ի ցույց էր դրվում հավատարմությունը անտիկ մշակույթին»։

Կոմար և Մելամիդ․ Ստալինը և Մուսաները (1981)

Հենց այս շրջանում կերպարվեստի աշխարհը համալրվեց նոր գործերով՝ նկարիչն ու մուսան, բանաստեղծն ու մուսան․․․ Նիկողոսյանը պատմում է՝ սա զավեշտալի մի ձև ընդունեց հասնելով այն կետին, երբ արդեն պատկերվում էին Ստալինն ու մուսան։ Եվ մուսան դադարեց ընկալվել միայն որպես բարու ու գեղեցիկի ստեղծմանը նպաստող ուժ։ Իսկ հետո եկավ գրականության մի նոր՝ ժամանակակից շրջան, երբ հանկարծ պարզվեց, որ մուսաները լավ են տիրապետում ժամանակի իրադարձություններին, հասարակական, սոցիալական, նույնիսկ քաղաքական վիճակին և պոետի ականջին ժամանակի ճաշակով մի բան են շշնջում․

«Այսօր դժվար է շատ գրողների ստեղծագործական աշխատանոց փորփրել, որովհետև շատերը կան՝ խոստովանում են, որ հենց ֆեյսբուքում էլ գրում են։ Գալիս ենք իրավիճակային մուսաների գոյությանը, որոնք, օրինակ, շատ բանաստեղծների կարող են դրդել ստեղծագործել հենց ֆեյսբուքում կամ համակարգչում ստեղծագործել, վայրկյաններ անց ֆեյսբուքում տեղադրել, տվյալ պահի թելադրանքով, ենթադրենք՝ ինչ է կատարվել, ինչ արձագանքներ կստանա․ այ էսպես գրեմ՝ քանի լայք կհավաքի, էսպես գրեմ՝ քանի սրտիկ կունենա և այլն»։

***

Կլոդ Լորեն, Ապոլոնը և մուսաները (1680) 

Պրոֆեսիոնալները մուսաներին չեն սպասում։ Սա Արքմենիկ Նիկողոսյանի համոզմունքն է՝ հիմնված պատմության վրա։ Մուսան հիմա պատճառաբանություն է, դրա չգալը՝ արդարացում․

«Կա պրոֆեսիանալ գրող հասկացություն և մենք ունենք տասնյակ գրողներ աշխարհում, որոնք չեն սպասել մուսայի գալուն, գնալուն, երևալուն, անհետանալուն։ Իրենք ունեցել են կոնկրետ աշխատանքային ժամեր, աշխատանքային մեթոդներ և նույնիսկ գրողներ կային, որ ծավալ էին դրել իրենց վրա՝ գրել օրական այսքան էջ։ Ալեքսանդր Դյումայի օրինակով դատենք․ նա իր ոչ այնքան երկար կյանքում հասցրեց հեղինակել 227 վեպ։ Դա մի սարսափելի մեծ թիվ է և շատերը գուցե չգիտեն, բայց էդ վեպերը թերթերին հասցնելու համար Դյուման պահում էր տասնյակ գրագիրներ, որոնք շնորքով մարդիկ էին, որոնց տալիս էր գաղափարը, սյուժեի ընդհանուր բնույթը և նրանք պարզապես շարադրում էին։ Դե եկեք ասեք՝ այստեղ մուաների ի՞նչ դերակատարություն կա»։

***

Եվ այնուամենայնիվ, նույնիսկ եթե գրելն աշխատանք, վարպետություն, փորձառություն, ջանք կամ սովորություն ես համարում, միևնույն է՝ հարցեր կան։ Ինչո՞ւ ենք հենց մենք, և ոչ ուրիշ մեկը, հենց այդ պահին, և ոչ ուրիշ օրերում, հենց այդ, և ոչ մեկ ուրիշ միտք ունենում։ Մտքի շուրջ գիտական դատողություններ անելն անշնորհակալ գործ է։ Բայց, ասում են, մուսան ավելի հաճախ այցելում է տխուր մարդկանց․

«Դու ուզում ես նեղվածությունից ավելի շատ խոսել։ Երջանկությունը ինչ–որ հագեցվածություն, ներքին բավարարված լռություն է տալիս մարդուն։ Շատ քիչ են երջանիկ, քաղցր սիրո բանաձևերը, շատ քիչ պոետներ կան, որ ֆիքսել են իրենց երջանիկ պահերը, սիրահարված եմ ու իմ մոտ էս վիճակն է, սիրում եմ ու էս վիճակն է»։

Ավետ Բարսեղյանը Հանրային Ռադիոյում վարում է «Տաղանդների տաղավար» հաղորդումը։ Այստեղ երիտասարդներն իրենց ստեղծագործություններն են ներկայացնում։ Հարցնում եմ՝ ուրեմն նրանք հասցրե՞լ են ստեղծագործելու համար բավականաչափ տխրել․

«Այդ երեխեքն այնքան հետաքրքիր են․ իրանք չապրելով կարողանում են։ Բոլորին միշտ հարցնում եմ՝ դու ես ապրե՞լ, թե՞ մոդելավորել ես իրավիճակը։ Այս սերունդն ունի հեքիաթային կարողություն մոդելավորել իր հետ տեղի չունեցածը։ Ինձ համար դա շատ դժվար է։ Օրինակ, եթե գրում եմ մոր հիշատակի մասին երգ, ինձ շատ երկար ժամանակ է պետք, որ կարողանամ մեջս ծնողի կորուստ մոդելավորել։ Հոր կորուստը հեշտ է, ունեցել եմ, գիտեմ՝ ոնց են գրում։ Այս սերունդը շատ արագ, շատ սուր կարողանում է գրել այն, ինչը չի վերապրել»։

Սա մուսաների՞ ձեռքի գործն է, նրանք այժմ նոր գործառո՞ւյթ ունեն, թե՞ այսօր մարդն ավելի համառ է գրելու իր ցանկության մեջ ու գտնում է դա անելու ձևը, օրինակ, աշխատասիրությամբ ու միտքը լարելով։ Այս հարցերը վերջնական պատասխան չեն ակնկալում։ Փոխարենը զրուցակիցներս ասում են՝ միշտ գեղեցիկ է, երբ կինը, մայրը, հայրենիքը, երեխան, ընկերությունը կամ ուրիշ մի բան ոգեշնչում են, թեկուզ, շատ ու լավ աշխատել։

Գրողները շարունակելու են ստեղծագործել՝ նույնիսկ ֆեյսբուքում, անկախ մուսաների հետ հարաբերություններից, գրաքննադատները շարունակելու են կարդալ՝ գրում գեղարվեստական արժեք փնտրելով մուսայի փոխարեն։

Back to top button