ԿարևորՔաղաքական

Ո՞վ է Հայաստանի խորհրդարանում սպասարկում Ալիևի շահը ԱԺ–ում ծանր մեղադրանքներ են հնչել

Լաչինի միջանցքի արգելափակման ու Արցախի շրջափակման 100–րդ օրը Հայաստանի խորհրդարանը այսօրվա լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող նոր հայտարարություն ընդունելու հնարավորություն ուներ, սակայն, փաստաթուղթը այդպես էլ մնաց որպես նախագիծ, քանի որ դրանում ներկայացված ձևակերպումները ընդունելի չէին խորհրդարանական մեծամասնության համար։ Այս նախագիծը առաջինը չէ, որ առնչվում է Լաչինի միջանցքի արգելափակմանը։ Ադրբեջանի ապօրինի գործողություններից օրեր անց՝ 2022–ի դեկտեմբերի 14–ին, Հայաստանի խորհրդարանը դատապարտող մի հայտարարություն արդեն ընդունել էր։ Այն ժամանակ էլ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախընտրեց ընդունել ոչ թե ընդդիմադիրների առաջարկած, այլ իր մշակած հայտարարության տեքստը։ Ընդդիմություն–իշխանություն այսօրվա վեճը, սակայն, չսահմանափակվեց միայն հայտարարության տեքստով։  

Լաչինի միջանցքի հետ կապված երկու նոր հանգամանքը՝ արցախցի ոստիկանների սպանությունը մարտի 5–ին և ՄԱԿ–ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը Ադրբեջանի կողմից, Հայաստանի խորհրդարանում կարող էին հիմք դառնալ Բաքվի գործողությունները դատապարտող երկրորդ հայտարարությունն ընդունելու համար։ Առաջին հայտարարությունն ընդունվել էր դեռ 2022-ի դեկտեմբերի 14–ին։

Ընդամենը մի քանի ձևակերպման պատճառով, սակայն, թարմացված հայտարարություն ունենալու հնարավորությունը տապալվեց, խորհրդարանական մեծամասնությունն ու ընդդիմությունն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան, թեև փորձել էին բանակցել։

«Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն է առանձնացրել շեշտադրումների տարբերությունը․ «Ըստ ընդդիմության՝ Հայաստանը հարցերը կոշտ պետք է ներկայացնի միջազգային հանրությանը և միջազգային հանրությունը, ըստ այդմ, կձևավորի իր դիրքորոշումը դրա հիման վրա։ Մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանը իր դիրքորոշումը պետք է ներդաշնակեցնի միջազգային հանրության դիրքորոշումների հետ, որովհետև, եթե ԼՂ հիմնախնդիրը առհասարակ կամ Լաչինի միջանցքի վերաբացումը լուծում ունեն, ապա այդ լուծումը հնարավոր է այլ դերակատարների ներգրավմամբ, այսինքն՝ միջազգային հանրության ներգրավմամբ։ Հայաստանը միայնակ ի զորու չէ պայքարելու տարածաշրջանի դեմ։ ՀՀ արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր կլիներ հայտարարության տեքստի մեջ նշել ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման հարցը, միջազգային մեխանիզմի երկխոսության կարևորության հարցը, ԼՂ և Լաչինի միջանցք փաստահավաք խմբի ուղարկման կարևորության հարցը։ Ընդդիմության համար սրանք չեն կարևորը, կարևոր են այլ շեշտադրումներ»։

Regular session of the RA National Assembly took place

Ընդդիմադիրներն էլ հենց այս ձևակերպումներն են անընդունելի համարում։ Նրանք համոզված են, որ դրանց միջոցով է փոխվել բանակցային օրակարգը և էությունը։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը պնդում է՝ «արցախցիների իրավունքների և անվտանգության ապահովում» ձևակերպումով զգալիորեն իջեցվել է հայկական կողմի ակնկալիքների նշաձողը․

 «Մի շնչավոր էակ չկա ՔՊ–ից, որ խոսի ինքնորոշման մասին։ Պատերազմից հետո, իհարկե, իրավիճակ է փոխվել, բայց պատերազմից հետո և՛ ՌԴ նախագահը, և՛ Բորելը ( ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորել – խմբ․), և՛ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարել են, որ Արցախի կարգավիճակը հետագա ճշգրտման կարևորություն ունի, պետք է ճշգրտվի ՄԽ երեք հիմնհարար սկզբունքների համատեքստում ու այսպես շարունակ։ Աշխարհը մեզ, թե քանի՞ անգամ է տալիս ու ո՞ր պահից սկսած այդ հնարավորությունը վերանում է, դա հարցի հաջորդ կողմն է։ Բայց, համենայնդեպս, աշխարհը, ԵԱՀԿ ՄԽ բոլոր երկրները այդ հնարավորության պատուհանը բացել են։ Պաշտոնական Երևանը այն չի օգտագործել»։  

Ադրբեջանի գործողությունները դատապարտող երկրորդ հայտարարության հեղինակ, «Հայաստան» խմբակցության անդամ Անդրանիկ Թևանյանը պնդում է՝ «Քաղաքացիական պայմանագիրը» նոր հայտարարության ընդունումը տապալելով ըստ էության հրաժարվել է 2021 թվականի իր նախընտրական ծրագրից, բայց սա ընդդիմադիրների միակ մեղադրանքը չէ ուղղված իշխանությանը․

 «Իրենք ամբողջությամբ տեղավորվել են ադրբեջանական օրակարգի մեջ։ Իլհամ Ալիևին նման գործողությունների համար հիմք է հանդիսացել առաջինը՝ Պրահայում տեղի է ունեցել, ըստ էության, համաձայնություն, որ Արցախը կարող է դիտարկվել Ադրբեջանի կազմում, երկրորդ հանգամանքը այն է, որ հայ–ռուսական հարաբերությունները հերթական լարվածության և փչացման փուլն են ապրում, և դա նույնպես թևեր է տալիս Ալիևին, և երրորդ հանգամանքը՝ Հայաստանի իշխանությունները Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ և մեր երկիրը վերածել են մանրադրամի»։

Ո՞վ է Հայաստանում սպասարկում Ալիևի շահերը․ նաև խորհրդարանական մեծամասնությունն է այս հարցը բարձրաձայնում։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նույնպես օրինակներ ունի․

«Երբ դուք մանտրայի պես կրկնում եք ինքնորոշման իրավունքի ԼՂՀ վերաբրյալ ձեր թեզերը, մենք, եթե քաղաքական հիշողություն չունենանք, կմոռանանք, որ դուք ներկայացնում եք այն մարդու խմբակցությունը, խոսքը Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով ժամանակին բանակցում էր ընդհանուր պետության շուրջ, համաձայն որի՝ ԼՂ հայությունը պետք է ունենար ադրբեջանական անձնագրեր։ Ես խնդրում եմ, մի՛ մոռացեք պատմությունը, որովհետև մենք չենք մոռանում և անընդհատ հիշեցնելու ենք ձեզ։ Հերիք է գալ այստեղ և զբաղվել Իլհամ Ալիևի փաստաբանական գործունեությամբ»։

Թեև Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Բաքվի գործողություններում, ըստ էության, նույն նպատակներն են տեսնում՝ էթնիկ զտումների նախապատրաստում, առաջարկվող լուծումները էականորեն տարբեր են։ Օրինակներից մեկը Լաչինի միջանցքում խաղաղապահների գործունեությանն է առնչվում։ Այն դեպքում, երբ գործող իշխանությունը այս փուլում սկսել է խոսել ԼՂ–ում ՄԱԿ-ի խաղաղապահների առաքելություն տեղակայելու անհրաժեշտության մասին, ընդդիմադիրների հայտարարության տեքստում կոչ կա երկարաձգել ՌԴ խաղաղապահների մանդատը։

Սա մոտեցումների բազմաթիվ տարբերություններից ընդամենը մեկն է։ Խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ միայն հայտարարություններով Հայաստանի խորհրդարանը չի զսպի Ալիևին, բայց փաստաթղթի ձևակերպումների պատճառով կարող է անընկալելի և անըմբռնելի դառնալ միջազգային հանրության համար։ Սա է հիմնական հիմնավորումը ընդդիմադիրների հեղինակած հայտարարության տեքստը չընդունելու համար։ Խորհրդարանական մեծամասնությունը պարզապես չմասնակցեց փաստաթղթի քվեարկությանը։

Back to top button