ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է սփյուռքահայ պատանիների «Քայլ դեպի տուն» ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆ (մարտ 21, 2023) — ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մեկնարկել է «Քայլ դեպի տուն» 2023 երկշաբաթյա ծրագրի հայտադիմումների ընդունումը:

Ծրագիրը հնարավորություն է տալիս սփյուռքի 13-18 տարեկան պատանիներին ժամանել Հայաստան, բացահայտել իրենց հայրենիքը և ամրապնդել ազգային ինքնությունը: «Քայլ դեպի տուն»-ն այս տարի կընդունի 600 սփյուռքահայ պատանիների և կանցկացվի հունիսի 19-ից օգոստոսի 26-ը՝ 5 փուլով:

Ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:

Ծրագրի հայաստանյան մասի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը: Ծրագրին մասնակցել կարող են սփյուռքահայ այն պատանիները, ովքեր նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին, ինքնուրույն կարող են հոգալ Հայաստան ժամանման և մեկնման տրանսպորտային ծախսերը և ձեռք բերել երկշաբաթյա տուրիստական ապահովագրություն:

Հայտադիմումները լրացնելու համար պետք է այցելել ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի պաշտոնական կայքէջ, և լրացնել հայտադիմումները մինչ մայիսի 10-ը:

Back to top button