Դպրություն

Ճանաչել հայ երգը՝ կապվելով արմատներին․ «Դպրություն»

ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» – ի Կրթական նորարարությունների բաժինը հայտարարում է «Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագիծը, որին կարող են մասնակցել ՀՀ դպրոցների 5 – 12 -րդ դասարանների աշակերտները։

«Հայ երգը դպրոցում» ծրագրի նպատակն է սովորողների շրջանում հետաքրքրություն առաջացնել ազգային երաժշտության հանդեպ՝ նպաստելով նրանց մշակութային կարողունակության զարգացմանը:

Լիլիթ Մկրտչյան


«Մենք խրախուսում ենք մեր աշակերտներին, որ յուրաքանչյուրը հետազոտի իր ընտանիքի ավանդույթը, իր համայնքի ավանդույթը, ինչ են երգում տատիկներն ու պապիկները, ինչ են երգում գյուղում, ինչ առանձնահատկություններ կան։ Աշակերտը պետք է նման մի հետազոտական աշխատանք ներկայացնի և իր դասընկերներին, և իր համայնքի դպրոցի ներկայացուցիչներին և ԿԶՆԱԿ հիմնադրամին»,– ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության պետ, պատմագիտության դոցենտ Լիլիթ Մկրտչյանը։

Վալտեր Բերբերյան

««Հայ երգը դպրոցում» հանրապետական նախագիծը ինքնանպատակ չէ։ Տևական ժամանակ աշխատում եմ դպրոցում և կարող եմ ասել, որ աշակերտները ոչ միայն չեն լսում հայկական լավ երաժշտություն, այլ նաև չգիտեն, որ հայ գրողների շատ գործեր դարձել են երգեր։ Սա նաև հնարավորություն է, որ իրենք բացահայտումներ անեն», – ասում է ԿԶՆԱԿ հիմնադրամի կրթական նորարարությունների և հետազոտության վարչության կրթական նորարարություն բաժնի մասնագետ Վալտեր Բերբերյանը։

Տիգրան Հեքեքյան

«Պետք է հասկանալ, թե ի՞նչ են սովորեցնում այս ծրագրով՝ «Հայ երգը դպրոցում»։ Հայ երգ։ Ի՞նչ է սա նշանակում՝ հայ հեղինակի ստեղծած, հայ ժողովրդական, աշուղական, գուսանական, քաղաքային ֆոլկլորն էլ կարող է մտնել այս ցանկ, անորակ երաժշտությունն էլ։ Այստեղ շատ կարևոր է, որ լինի լավ մասնագետների խումբ, որոնք զատեն, թույլ չտան, որ ամեն ինչ անցնի այդ «ցանցից» ներքև։ Երեխան ամենանուրբ էակն է։ Մի փոքր սխալ և կարող է խաթարվել ամեն ինչ այնպես, որ երկար տարիներ չկարողանանք ետ բերել, շտկել», – ասում է «Հայ Փոքրիկ Երգիչներ» միջազգային ասոցիացիայի հիմնադիր և նախագահ, «Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, պրոֆեսոր Տիգրան Հեքեքյանը։

Back to top button