ԿարևորՏնտեսական

Այս տարի Արցախում ավելի շատ կարտոֆիլ են ցանելու

Արցախի գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշել է, որ չնայած շրջափակմանը՝  Արցախում մեկ շաբաթ առաջ սկսվել են գյուղատնտեսական աշխատանքները։ Այս տարի Արցախում հատուկ ուշադրություն են դարձնելու բանջարեղենի արտադրությանը։ Որոշ տեսակների սերմնացուի տրամադրումն արդեն սկսվել է՝ ասել է նախարարը։

«Այս տարի Արցախում  նախապատվությունը տվել ենք բանջարաբոստանային կուլտուրաների  մշակմանը։ Արտադրման  օրակարգից դուրս  է եկել թութունը»,- նշել է Հայրիյանը։ Նրա խոսքով՝  անցյալ տարվա համեմատ կարտոֆիլի արտադրության  ծավալները մի քանի անգամ ավելացել են։  «Արցախի կառավարությունը մի քանի ծրագրեր է իրականացնում, աջակցում է  տեղական բանջարեղենի արտադրությանը՝ փորձելով  խթանել  կարտոֆիլի, գազարի, բազուկի, կաղամբի, սոխի, սխտորի արտադրությունը»,- պատմել է գյուղոլորտի պատասխանատուն։

Գեորգի Հայրիյանի տեղեկացմամբ՝ «Հայաստան»  համահայկական հիմնադրամն  ու ATP հիմնադրամը  301 տոննա կարտոֆիլի սերմնացու են տրամադրել, որն անվճար  տրվել է  գյուղացիներին՝ տնամերձ հողամասերում ցանելու համար։ Եվս 700 տոննա  կարտոֆիլի սերմնացու  ձեռք է բերել Արցախի հանրապետության գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը։ 

Սերմնացուն գյուղացուն հասնում է, բայց խնդիր է վառելիքի, անասնակերի ու պարարտանյութերի պակասը։ «Գյուղատնտեսության համար շրջափակումը մեծ խոչընդոտ է։  Փորձում ենք ժամկետները բաց չթողնել, այս փուլում ամեն ինչ ուղղել գարնանացանի կազմակերպմանը, հետո արդեն կանցնենք  մյուս խնդիրների լուծմանը»,- եզրափակում է ԱՀ գյուղատնտեսության նախարարն ու վստահեցնում՝  անում են  հնարավոր ու անհնար ամեն ինչ՝  պարենային անվտանգության հարցերը լուծելու համար։

Back to top button