

Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների՝ նախօրեին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերգեյ Լավրովը թվարկել է, թե ինչ իրավունքների փաթեթ է պետք համաձայնեցնել արցախահայերի համար՝ բերելով Դոնբասի օրինակը, հիշատակելով նաև Կոսովոյի սերբերի իրավունքները։ Փորձագետների մի մասը կարծում է, որ Ռուսաստանը շարունակում է կողմ լինել ոչ թե հակամարտության բովանդակային լուծմանը, այլ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոյի պահպանմանը։ Նրանց կարծիքով՝ Մոսկվան պարզապես նոր մարտավարություն է որդեգրել՝ բանակցային գործընթացից դուրս չմնալու համար։ Փորձագետների մի խումբ էլ այլ կերպ է մեկնաբանում լավրովյան «նոր» պլանը ։
Ցանկացած առաջարկ՝ հաճելի կամ ոչ, Արցախում հանգիստ ու սառնասրտորեն լսում են, բայց ունեն նաև սկզբունքային պատասխաններ։ Արցախի նախկին արտգործնախարար, նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում առաջարկում դավադրություններ չփնտրել Լավրովի հայտարարությունների տողատակերում։
«Նախ՝ այդ հայտարարությունը չեն նշանակում, որ դա Ռուսաստանի վերջնական դիրքորոշումն է, որովհետև դրա համար պետք է բոլորը համաձայնվեն։ Մեզ համար ցանկացած տարբերակով Ադրբեջանի կազմում լինելն անընդունելի է, և այս հարցում մենք պետք է սկզբունքային լինենք։ Եթե մենք սկզբունքայնություն չդրսևորենք, վաղը իրավունքների մասին անգամ չեն խոսելու»։
Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը Լավրովի հայտարարություններում հակասություններ է տեսնում՝ նկատում, որ դրանք առաջինը չեն։
«Պետք է առաջին հերթին հասկանանք, որ Մոսկվան այսօր գործում է իր սեփական շահերի բավարարման տրամաբանությամբ, ուստի զարմանալ պետք չէ»։
Ժիրայր Ազիզյանի խոսքով՝ ԼՂ այսօրվա շրջափակումը պարզապես բացառում է որևէ կարգավիճակով Արցախի գտնվելն Ադրբեջանի իրավազորության ներքո, ինչի պարագայում անգամ ապրելու իրավունքը հնարավոր չէ երաշխավորել։ Հետևաբար, ըստ Ազիզյանի, պետք է միջազգային հանրության աջակցությամբ գնալ դեպի ինքնորոշման իրավունքի ճանաչում, իսկ ինքնորոշման իրավունքի մասին Լավրովի հայտարարություններում որևէ խոսք չկար։
Քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը շատ ավելի կարևոր է համարում Լավրովի համեմատությունը Կոսովոյի հետ, որտեղ նա խոսում էր Կոսովոյում սերբական համայնքների միության մասին։
«Կարծում եմ՝ մեր դեպքում դա բացարձակապես անընդունելի է, նախ՝ որովհետև այդտեղ նույնիսկ ինքնավարություն չկա, խոսքը ինքնակառավարման մասին է։ Երկրորդն էլ՝ չկան այն երաշխիքները, որոնք Հայաստանին հնարավորություն կտան նույնիսկ դա ապահովել։ Եվ չեմ ասում այն մասին, որ Ադրդեջանն ընդհանրապես հրաժարվում է խոսել այդ թեմաներով։ Ամեն դեպքում, գործնականում դրա կիրառման հավանականությունը զրոյական է։ Ես կարծում եմ՝ պարզապես Լավրովն ուզում էր առաջին հերթին հայտարարել, որ, այո, Ռուսաստանը ԼՂ անվտանգության երաշխավորը չէ, այսինքն՝ իրենց հետ հույսեր կապել պետք չէ։ Պետք է փորձել Բաքվի հետ երկխոսության միջոցով այդ հարցը լուծել, ընդ որում՝ Բաքուն շա՜տ ցածր նշաձող է սահմանել, թե ընդհանրապես նշաձող սահմանել է, նրանք որևէ ինքնավարության հարց չեն քննարկում»։
Ըստ Բաղդասարյանի՝ իրողությունը դա է, և Լավրովը ցույց տվեց Ռուսաստանի տեսլական-առաջարկը, ընդ որում՝ առանց երաշխիքի, որ Ադրբեջանը կհամաձայնի, ակնարկելով, որ Արևմուտքը նույնիսկ դա չի առաջարկում, այնպես որ՝ դուք ինքներդ որոշեք՝ եզրափակեց քաղաքական մեկնաբանը։
Դավիթ Բաբայանը, մինչդեռ, նկատում է, որ Արցախի գոյությամբ շահագրգռված են շատ երկրներ, քանի որ Արցախի չլինելու դեպքում բազմաթիվ վտանգներ են ստեղծվում բազմաթիվ երկրների համար, այդ թվում՝ նույն Ռուսաստանի։ Սա պետք է լավ հասկանալ՝ առանց որևէ մեկի հետ թշնամանալու, ասում է Բաբայանը։
«Ուկրաինացիներն ու ռուսները գրեթե նույն ազգն են, բայց եթե նույնիսկ Դոնբասը չի տեսնում իր ապագան Ուկրաինայի կազմում, Արցախը՝ Ադրբեջանի կազմում՝ առավել ևս։ Այսինքն, եթե ժողովուրդը գնում է ինքնորոշման իրավունքին, ուրեմն այլ տարբերակ չկա։ Նույնը՝ Կոսովոյի դեպքում»։
Դիտարկմանը, որ Կոսովոյի դեպում Լավրովը պարզապես խոսեց Կոսովոյի սերբական համայնքի իրավունքների, ինքնավարության մասին՝ Բաբայանը հասկանալի է համարում, բայց միաժամանակ նկատում.
«Փաստորեն, պարոն Լավրովն ընդգծեց, որ գոյություն ունի Կոսովո՝ արդեն առանձին սուբյեկտ։ Եվ սա էլ է շատ կարևոր։ Այսինքն՝ ինքնորոշման իրավունքն իրացնելը։ Հիմա արդեն չեն խոսում՝ Կոսովոն Սերբիայի կազմում, իսկ սա այլ խնդիր է, որովհետև Կոսովոյի սերբերը փոքրամասնություն են այնտեղ։ Մենք փոքրամասնություն չենք, մենք ինքնորոշված սուբյեկտ ենք՝ թեպետ չճանաչված։ Այսինքն, ամեն ինչ մեկնաբանումների մեջ է՝ տողատակերը պետք է նայես, պրոֆեսիոնալ ու հայրենասեր դրսևորում ցուցաբերես, ինչը շատ կարևոր է»։
Հետևաբար, նորմալ լսում ենք ու սկզբունքային ձևով պատասխանում, որ անընդունելի է՝ ասում է Բաբայանը և շեշտում՝ կարևորը Արցախի և ժողովրդի փրկությունն է, ցանկալի է՝ միասին։