Էրդողանը պաշտոնապես առաջադրվել է Թուրքիայի նախագահի թեկնածու


Թուրքիայի ներկայիս նախագահ, «Հանրապետական դաշինքից» միակ թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 14-ին կայանալիք ընտրություններում պաշտոնապես առաջադրվել է որպես նախագահի թեկնածու, համապատասխան դիմումը ներկայացվել է Գերագույն ընտրական խորհուրդ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և դաշինքի մաս կազմող «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ներկայացուցիչների կողմից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։ Գործող նախագահ Թայիփ Էրդողանի՝ «Հանրապետական դաշինքի» միակ թեկնածուի հակառակորդը Քըլըչդարօղլուն է։
Նախընտրական հարցումների արդյունքները դեռ չեն բացահայտում գալիք ընտրությունների ֆավորիտին, սակայն փորձագետները նշում են, որ ներկայիս ընտրական գործընթացն ամենադժվարն է լինելու իշխող կուսակցության համար ավերիչ երկրաշարժերի, որոնք խլել են գրեթե 50 հազար մարդու կյանք, և տնտեսական ծանր վիճակի պատճառով։
Նշվում է, որ մարտի 31-ին կհրապարակի նախագահի թեկնածուների վերջնական ցուցակը և կսկսվի նախընտրական քարոզարշավը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, նշանակված է մայիսի 28-ին։