ԿարևորՀասարակություն

Եթե ինձ ասեն մի 100 օր էլ սպասի, ու հետո լավ է լինելու, ես 200 օր էլ կսպասեմ․ կյանքի ճանապարհի բացվելուն սպասելիս

Շրջափակված Արցախում 120 000 մարդ արդեն 100 օր սպասում է կյանքի ճանապարհի բացմանը: Շարունակվող շրջափակումը սրել է խնդիրները բոլոր ոլորտներում ՝ տնտեսությունից մինչև կրթություն, առողջապահությունից մինչև կենցաղ։ Դիմադրության հարյուր օրերին հայտարարություններով անդրադարձել են Արցախի խորհրդարանի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, Գերագույն hոգևոր խորհուրդը։ Քաղաքակիրթ աշխարհն արդեն 100 օր լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին՝ նշել է Արցախի ԱԺ նախագահը։ Իրենք՝ արցախցիները, « Ռադիոլուրի» հետ զրույցում դարձյալ վստահեցրել են՝ իրենց կամքն անկոտրում է, սեփական հողի վրա ապրելու վճռականությունը ՝ անխախտ։

100 օր առաջ ադրբեջանցի  կեղծ  «էկոկատիվստները» փակեցին Արցախը Հայաստանին կապող  կյանքի ճանապարհը և այս ընթացքում  միջազգային հանրությանը փորձում են համոզել, թե խնդիրը բնապահպանական է։ Ակցիան սկսելուց 100 օր անց  նրանցից մեկը տեսանյութ է հրապարակում, թե պատրաստ է Նովրուզի առիթով հայի մորթել։  

Շուշիի  մատույցներում ապրող արցախցուն չի զարմացնում ադրբեջանցու նման պահվածքը, բայց չի էլ ընկճում։  Նրանք շրջափակման օրերին  փոխել են   իրենց ապրելու բանաձևը։ Ոչ թե հարմարվել են,  ինչպես զրուցակիցներիցս Նարինե Քոչարյանն է նշում , այլ ավելի ամուր են կանգնել։

«Արդեն  ինքնապաշտպանական բնազդով փորձում ես ապրել։ Հաջորդ հարվածը գազերի անջատվելը, լույսերի անջատումը․․․ Գիտեք ամեն անգամ մի հատ ապտակ  ես ստանում  ու ոչ թե հարմարվում ես, այլ ինքնապաշտպանական բնազդդ ես  ուժեղացնում, որ հաջորդ հարվածին դիմանաս»,–ասում է  զրուցակիցս։

«Երեկոյան արդեն գրաֆիկը նայում ենք, որ հասկանանք, թե քանիսին է լույս լինելու, որ մեր գործերը կարգավորենք»։ 

Արցախցիները չեն էլ հիշում քանի անգամ է խափանվել գազամատակարարումը, ավելին՝ գազանջատումները դարձել են հումորի թեմա․ այնքան են անջատելու–միացնելու, որ փականը փչացնեն։

«Սնունդը կտրոններով ենք գնում, բայց դե բանջարեղեն չկա խանութներում, եթե կա  մասնավորում, ապա շատ թանկ է։ Որ ասենք սոված ենք, չէ, բայց  պակասություն  կա։ Օրինակ՝ նարինջը վաճառվում է 2000-2200 դրամ,  մանդարինը` 1500 դրամ։ Բայց մեզ դա էլ չի հետաքրքրում»։

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։  Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով շուրջ 880 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 182 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արդեն պաշտոնապես այս թիվն այսօր  հրապարակեց   Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Ադրբեջանի կողմից շարունակվող շրջափակումը, կենսական ենթակառուցվածքների խափանումները, ինչպես նաև պարբերաբար և հետևողականորեն իրականացվող զինված հարձակումներն ու ուժի կիրառման սպառնալիքները նպատակ են հետապնդում ֆիզիկական և հոգեբանական ահաբեկմամբ, կյանքի համար անտանելի պայմանների ստեղծմամբ էթնիկ զտման ենթարկելու Արցախը և ոչնչացնելու Արցախի բնիկ հայկական բնակչությանը»։

Այսօր Արցախում ապրող  120 000 մարդ, որից 30 000-ը երեխաներ  սպասում են ճանապարհի բացմանը:  Զրուցակիցս, որը  Մարտակերտի երաժշտական դպրոցի տնօրեն է,  պատմում է՝աշակերտները հիմա ուղիղ չեն հարցնում, թե երբ է բացվելու ճանապարհը։

«Ուսուցիչներից մեկը պատմել  էր, որ դաշնամուրի դասարանում սովորող տղաներից մեկն հարցրել է, թե երբ է լինելու իրենց հաշվետու համերգը,պատասխանել է, որ օրը դեռ չեն որոշել, բայց երևի հունիսի սկզբին։ Նորից հարցրել է, բայց հաստատ լինելո՞ւ  չէ։ Երեխան էդ հաշվետու համերգի հետ մեծ հույս է կապում․ եթե համերգը լինելու է, ուրեմն ամեն ինչ լավ լինելու»։

Մարինեն, որը  4 պատերազմ է տեսել, ասում է՝ հիմա  այլ հոգեվիճակում են, անորոշության մեջ  ու չգիտեն, թե ինչ է լինելու վաղը։

«2016 թ–ին գրադի տակ գալիս էինք դասի ու մենք շատ հպարտ էինք , ուժեղ, բայց հիմա մի քիչ ուրիշ է։ Եթե այսօր ինձ ասեն մի հարյուր օր էլ սպասի ու 100 օրից հետո լավ է լինելու, Արցախը անկախ է լինելու ու մենք Արցախում պիտի ապրենք, ես 200 օր էլ կսպասեմ, միայն թե ․․․ Մինչև ինձ չգան ասեն՝ գիտե՞ս  թուրքը արդեն  եկել  հասել է  տանդ մոտ, ես մինչև վերջ մնալու եմ իմ տունս»։

Նարինե Քոչարյանին ամենաշատը ցավեցնում է մարդկանց անտարբերությունը։ Հիշում է՝ 90 –ականներին բոլորն ապրում էին  Արցախով ու Արցախի խնդիրներով։

«Հիմա կարծես թե էդ կապը կտրել են ու շատ վատ է անդրադառնում երկու ժողովուրդների վրա։ Մեզ ոնց որ քույր ու եղբոր բաժանած լինեն։ Ընկճված չես, բայց ուզում ես, որ մեծ եղբայրդ քեզ աջակցի։ Անհասկանալի իրավիճակ է, որը բառերով չեմ կարող բացատրել»։

Դեկտեմբերի 7-ին ՄԱԿ–ի միջազգային արդարադատության  դատարանը որոշում է կայացրել՝ պարտադրելով Ադրբեջանին բացել Լաչինի ճանապարհը, որոշումը Ադրբեջանը մինչ օրս չի կատարել։

Խնդրին անդրադարձել է նաեւ Գերագույն Հոգևոր Խորհուրդը, որը միջանցքի արգելափակման 100-րդ օրվա վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ.

«Ադրբեջանի կողմից Միջազգային դատարանի որոշման հանդեպ բացահայտ անհարգալից նման մոտեցման հանդուրժումը սաստկացնելու է հումանիտար ճգնաժամը, նոր վտանգներ է ստեղծելու Արցախի ավելի քան 120.000 բնակչության կյանքի համար, ստեղծելու է միջազգային դատական ատյանների վճիռները կոպտորեն շրջանցելու աններելի նախադեպ, միաժամանակ խորը հուսախաբություն առաջացնելով միջազգային արդարադատության նկատմամբ»– նշվում է հայտարարության մեջ:

Back to top button