

20-րդ դարի ամենավառ, նորագույն դրսևորումներից մեկը ռոք երաժշտության ասպարեզ գալն էր: Այդ երևույթի ակունքներում աֆրոամերիկյան բլյուզի ավանդույթն է և նորագույն տոխնոլոգիաների զուգակցումը:
Էլեկտրոնիկայի ոլորտում հեղափոխությունն անմիջապես անդրադարձավ երաժշտության բոլոր ոլորտների վրա՝ ակադեմիական երաժշտությունից մինչև նորաստեղծ երաժշտական ուղղություններ՝ հիմք ստեղծելով նոր ժանրային միախառնումի՝ ֆյուժնի:
Ռոք երաժշտությունն ըստ էության անէացրեց բոլոր պայմանականությունները և ինչը ամենակարևորն է՝ փոխեց հնչողությունը: Ի հայտ եկած նոր տեմբրերը, բնության մեջ գոյություն չունեցող ձայներն ու հնչյունները եկան հարստացնելու երաժշտության արտահայտչամիջոցները, և այսօր ներկայանում են սահման չունեցող երևակայական, բազմաբնույթ դրսևորումներով:
Տասնամյակների ընթացքում ռոք երաժշտությունն իր բնականոն զարգացումն ունեցավ՝ ճյուղավորվելով իր տեսակների մեջ, ստեղծելով նոր կոմպոզիտորական տեխնիկա, կատարողական արվեստի ուրույն տեսակներ, հաստատելով երաժշտության նոր չափորոշիչներ:
Ռոք երաժշտության ամենակարևոր յուրահատկությունը կայանում է նրանում, որ այդ շարժումը միանգամից համաշխարհային բնույթ ստացավ և ամենատարբեր երկրներում զարգանում էր գրեթե նույն ստեղծագործական ալգորիթմով՝ բիթ-ռոքից սկսած ընդհուպ մինչև բարդ պրոգրեսիվ երաժշտություն:
Հայաստանում այն ներկայացված էր թեկուզ եզակի խմբերի օրինակներով, բայց բոլոր իր երաժշտական տեսակներով՝ սկսելով 60-ականների բիթ խմբերից, զարգանալով մինչև արտ ռոք:
Ինչպե՞ս եք ինքներդ բնորոշում «Դոգմա» խմբի ժանրային տեսակը հարցին խմբի հիմնադիր, բասկիթառահար Վարդան Գրիգորյանը պատասխանեց. «Մեր խմբի պատմությունը շատ ավելի շուտ է սկսվել, դեռևս 80-90-ականներից: Նվագում էինք պսիխոդելիկ ռոք, խումբն էլ կոչվում էր «ՄԴՊ»՝ մանյակալ-դեպրեսիվ-պսիխոզ: Անգլալեզու տեքստեր էին, երաժշտությունը ծայրահեղ էքսցենտրիկ և ծանր: Բայց 15 տարի առաջ մեր ստուդիայում հայտնվեց երիտասարդ աղջնակ Զառա Գևորգյանը, և համարում եմ, որ հենց այդ պահից էլ ստեղծվեց «Դոգման»։
Երգչուհին բերեց նոր զգացողություն, թարմ ալիք և յուրահատուկ հնչողություն, գրվեցին նոր երգեր, որոնց տեքստերի հեղինակը հիմնականում ինքն էր՝ Զառա Գևորգյանը։ «Անցումը անգլերենից հայկական տեքստերի շատ բնականոն ընթացավ, և պատասխանելով ձեր հարցին՝ կարող եմ բնութագրել մեր ժանրը որպես էթնո-պրոգրեսիվ-մետալ»,-ասում է Զառա Գևորգյանը:
«Դոգմայի» կոմպոզիցիաների լադային կառուցվածքը, Էթնիկ տարրը և տեմպոռիթմային լուծումները, որքան էլ տարօրինակ չթվա, շատ ավելի մոտ են հայկական մելոսին, իսկ ռոք երաժշտությանը հատուկ նվագարանները գալիս են լրացնելու էմոցիոնալ թեժությունը և ռոք երաժշտությանը բնորոշ դրայվը:
Այդ հանգամանքը գերիշխող էր «Դոգմայի» 15-ամյակին նվիրված համերգին, որը կայացավ փետրվարի 28-ին Տիկնիկային թատրոնի բեմում: Կարելի է ասել, որ մեկ համերգային ծրագրում ամփոփվեց խմբի 15 տարվա ստեղծագործական ճանապարհը, ամբողջացվեց խմբի հայեցակարգը՝ կրեդոն:
Հնչեցին երգեր, որոնք առավել ճանաչված են և սիրված «Դոգմայի» սիրահարների կողմից, որոնց շարքերում կային և՜ պատանիներ, և՜ ռոքի՝ արդեն տարեց երկրպագուներ: Երեկոյի ընթացքում ազդարարվեց հայկական ռոքը ներկայացնող կայքը և հայկական ռոքի պատմությանը անդրադարձող, «Դոգմայի» կողմից նկարահանված ու պատրաստված 4 մասանի «Ճամփորդություն դեպի Armenia in Rock» վավերագրական ֆիլմը:
Հաղորդման ընթացքում հնչում են «Դոգմա» խմբի ստեղծագործությունները: