Արմավիրում խարխուլ մանկապարտեզները վերածվում են սեյսմակայուն և ջեռուցվող շինությունների


2018-2022 թթ-ին Արմավիրի մարզում հիմնանորոգվել ու շարունակվում է կառուցվել 36 մանկապարտեզ: Հիմա ընթացքի մեջ է 7 մանկապարտեզի շինարարությունը: Նախագծերով ամրացման և ուժեղացման աշխատանքները նախատեսում են ապահովել 9-12 բալ սեյսմակայություն: Սուբվենցիոն ծրագրերում մանկապարտեզների հիմնանորոգումները ներկայացվում են ամբողջական փաթեթով՝ ներառելով ներքին հարդարման և կահավորման աշխատանքները:
Անցած տարվա նոյեմբերից հիմնանորոգման նպատակով փակվել են Արմավիր քաղաքի թիվ 2 և Սարդարապատ գյուղի մանկապարտեզները: Շինարարական ծախսերի 70 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը, 30-ը՝ համայնքը: Արմավիրի թիվ 2 մանկապարտեզը վթարավտանգ էր դարձել, ինչի պատճառով նվազել էր երեխաների թիվը՝ 120-ից դառնալով 65: Հիմա այստեղ ամրացման աշխատանքներ են ընթանում: Շինարարական կազմակերպության ղեկավար Միսակ Խլղաթյան.


«Ներկա պահին կատարվում են հիմնային հեծանների, սյուների և ծածկի սալի ամրացման աշխատանքները: Նախագիծն արվել է սեյսմիկ եզրակացությամբ, սեյսմակայությունը բավարարում է, որը կդիմակայի 9-12 բալ ուժգնութան երկրաշարժին: Այստեղ կրող պատեր չկան, բոլոր պատերը նույնպես ամրացվում ու ջերմամեկուսացվում են»:
Շինաշխատանքների արժեքը շուրջ 261 մլն դրամ է: Մանկապարտեզի շինարարությամբ ապահովվել է 15 մարդու զբաղվածություն, բոլորն էլ Արմավիրից են:


Անդրանիկ Մանուկյան. «Մենք երկաթներով հիմա ամրացնում ենք հենասյուները, բետոնային աշխատանքներ ենք անում: Ամեն ամիս շատ լավ վարձատրում են, նորմալ է, ժամանակին տալիս են մեր գումարը»:
Հետևելով շինարարությանը Արմավիրի մարզպետն ու Արմավիր խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը որոշակի խնդիրներ նկատեցին նախագծային աշխատանքներում:
Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյան․ «Ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չկան, նախագծում անհապատաախանություններ կան, որոնք աշխատանքային պրոցես են, և նախագծողը, տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունը, շինարարներն ու համայնքը այդ հարցերը հնթացս լուծում են, նախագծում փոփոխություններ իրականացնում»:
Շինարարությունը նախատեսել են ավարտել տարվա վերջին, իսկ Սարդարապատի մանկապարտեզը կշահագործվի ամռանը։ Այստեղ միայն մի մասնաշենքն է հիմնանորոգվում և ամրացվում:


Աշխղեկ Վարդան Ավատյան. «Նախատեսվել է պատերի ու հատակների ամրացում, տանիքի մասնակի վերանորգում, ամբողջ շենքի հարդարում, բակային տարածքի բերակարգում: Պատուհաններն ենք փոքրացնում՝ 5 մետրից դարձնելով 3 մետր, և ջերմամեկուսացնում ենք»:
Սարդարապատի մանակպարտեզը այսօր երեք խումբ ունի՝ 90 երեխայով, մինչդեռ տարիներ առաջ երկհարկանի երկու մասնաշենքում 8 խումբ է գործել: Ջեռուցման բացակայության պատճառով ձմռանը չեն աշխատել: Նախադպրոցական հաստատության տնօրեն Աննա Գևորգյանը հույս ունի, որ հիմնանորոգումից հետո կավելանա իրենց սաների թիվը.


«Հիմնանորոգումից հետո, կարծում եմ, հնարավորութուն կունենանք 12 ամիս աշխատելու: Մանկապարտեզը փակել ենք նոյեմբերի 1-ից, իսկ աշխատանքները սկսել են նոյեմբերի վերջից: Երեխաների մի մասը տեղափոխվել են նախակրթարան, մի մասը այլ համայնքների մանկապարտեզներ, մի մասն էլ տանն են. ծնողներն, ինչպես հարմար են գտել, այնպես էլ վարվել են»:
Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանն ասում է, որ Սարդարապատի և Արմավիրի թիվ 2 մանկապարտեզներից բացի, հիմնանորոգվում է նաև Արաքս գյուղի մանկապարտեզը: Նախադպրոցական երեք հաստատությունների շինարարական աշխատանքները կազմակերպվել են 2022 թ սուբվենցիոն ծրագրերով:


Դավիթ Խուդաթյան. «Մանկապարտեզներից յուրաքանչյուրի նախագծային արժեքը մոտավորապես 250 մլն դրամ և ավելին է, որոնց գումարվում է նաև երեք մանկապարտեզների կահավորումները: Մինչև վերանորոգումը գործող մանկապարտեզների բոլոր հաստիքները մենք ամբողջությամբ պահպանել ենք: Անձնակազմն այս պահին չի աշխատում, գտնվում է հարկադիր պարապուրդում և ըստ այդմ՝ վճարվում»:
Վերջին 4 տարում Արմավիրի մարզում մանկապարտեզաշինությունը լայն թափ է ստացել: Սուբվենցիայով հիմնանորոգվել ու կառուցվում է 36 մանկապարտեզ։


Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյան. «Այս պահին 7 մանկապարտեզում շինարարական աշխատանքներ են ընթանում: Ես կարծում եմ առաջիկա երկու տարիների ընթացքում կհասցնենք մանկապարտեզները կառուցենք և երկու, առավելագույնը՝ երեք տարի հետո մենք այսպիսի մանկապարտեզներ չենք ունենա: Կունենանք հիմնանորոգված, ամբողջովին նոր գույքով ապահովված, բարեկարգված բակերով մանկապարտեզներ»:


Մարզպետն ասում է, որ մանկապարտեզների կահավորումը ներառված են սուբվենցիոն ծրագրերում, հայտերը ներկայացվում են ամբողջական փաթեթով։ Անհրաժեշտ սարքավորումներ երբեմն ձեռք է բերում համայնքը: Հիմնանորոգումից հետո Արաքս գյուղի և Արմավիրի թիվ 2 մանկապարտեզներ կհաճախեն 120-ական երեխաներ, իսկ Սարդարապատում՝ 90: Այս նախակրթական հաստատությունները կգործեն նաև ձմռան ամիսներին: