ԿարևորՀասարակություն

44-օրյայի քննիչ հանձնաժողովում դարձյալ լսել են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին

Խորհրդարանի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստին մասնակցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ–գնդապետ Օնիկ Գասպարյանը։ Նիստից առաջ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ասել է, որ նիստին մասնակցելու հրավեր է ուղարկվել նաև այլ բարձրաստիճան զինվորականներին։

«Հանրային ասել ենք, պաշտոնական գրություն էլ ենք ուղարկում բոլոր նրանց, ովքեր չգիտես ինչու խուսափում են քննիչ հանձնաժողով ներկայանալուց։ Տեսեք, թե ինչքան վախերի մեջ հայտնվեցին, երբ Օնիկ Գասպարյանը ցանկացավ գալ և աշխատել: Նույնիսկ մեր հանձնաժողովի անդամներից մեկն այսօր գրառում էր արել՝ չգիտակցելով, թե Օնիկ Գասպարյանն իր նշած գեներալների մասին ինչ է ասել»,– ասել է Անդրանիկ Քոչարյանը:

44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից առաջ շուրջ 9 ամիս որպես Գլխավոր շտաբի պետ պաշտոնավարած Օնիկ Գասպարյանը մասնակցում էր նաև քննիչ հանձնաժողովի  նախորդ՝ մարտի 16-ի նիստին։ Ավելի քան 6 ժամ տևած նիստից հետո հանձնաժողովի նախագահը չէր մանրամասնել, թե ինչ է հանձնաժողովականներին  պատմել Օնիկ Գասպարյանը, բայց ասել էր, որ քննարկել են բոլոր մանրուքները։

«Սկսած պատերազմից առաջ բանակի վիճակով, սպառազինությամբ, կադրային համալրմամբ, աշխարազոր ունենալ-չունենալու, բազմաթիվ խնդիրներ: Շատ բաների մասին ենք խոսել, որը ես ենթադրում եմ, դեռ կմնա գաղտնիության տակ, որովհետև այդտեղ կան նաև արտաքին քաղաքական գործոններին վերաբերող հիշատակումներ, բայց բաներ կան, որ կփորձենք այնպես անել, որ հասարակությունը զեկույցի այդ հատվածը, ինչքան էլ փակ լինի որոշակի պետական գաղտնիքի տեսանկյունից, ինչ-որ բաներ, քառօրյայի ճակատագիրը չունենա: Այն, ինչ մենք արձանագրեցինք, և շարունակություն կունենա, դա շատ կարևոր է բանակում եղած շատ խնդիրներ ապագայում միասնաբար լուծելու համար»,– մանրամասնել էր պատգամավորը:

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվեց ռազմական գործողությունների ավարտից 15 ամիս անց՝ 2022-ի փետրվարին։ Հանձնաժողովն աշխատում է խիստ գաղտնիության պայմաններում․ նիստերի, դրանց հրավիրվող անձանց և նրանց ներկայացրած տվյալների վերաբերյալ ԱԺ պաշտոնական կայքում հաղորդագրություններ չկան: Հանձնաժողովի նախագահը հարցազրույցներից մեկում ասել էր միայն, որ մինչ այժմ փաստաթղթեր են ուսումնասիրել, հիմա արդեն պաշտոնյաներին հարցեր ուղղելու ժամանակն է։

Հանձնաժողովականների հարցերին արդեն պատասխանել է ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանը:  Պատերազմի ժամանակ նա զբաղեցրել է կառույցի վարչության պետի պաշտոն: Ավելի վաղ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հրաժարվել են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Վերջինը  հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե չի պատրաստվում մասնակցել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քանի որ գործընթացը քաղաքական է։

Խորհրդարանում միջոցներ են ձեռնարկում, որ քննիչ հանձնաժողովի հրավերին չարձագանքելն ունենա նաև իրավական հետևանքներ՝ ասում է Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

«Պրակտիկան ցույց տվեց, որ հնարավոր է մի իրավիճակ ստեղծվի, երբ որոշակի մարդիկ, որոնց հայտնած տեղեկությունները ենթադրաբար շատ կարևոր կարող են լինել, չեն ուզում ներկայանալ կամ չեն ներկայանում, դրանով իսկ խոչընդոտում են հանձնաժողովի աշխատանքները, դրանով նաև պետական մարմինները և հանրությունը չեն ստանում այն տեղեկատվությունը, ինչը պետք է ստանան: Հետևաբար, օրենսդրորեն պետք է լուծել դրա հետ կապված հարաբերությունները: Եթե դա մենք սարքում ենք պարտադիր, սարքում են հրավիրյալի պարտականությունը, հետևաբար՝ պարտականությունների չկատարումը, անհարգելի պատճառներով հանձնաժողով չներկայանալը և իրեն հայտնի տեղեկությունները չտրամադրելը պետք է բերի իրավական հետևանքների»,– ասել է Արմեն Խաչատրյանը:

Քննիչ հանձնաժողովի նիստերին չեն մասնակցում նաև ընդդիմադիր պատգամավորները: Նրանք կասկածում են հանձնաժողովի անաչառությանը: Հանձնաժողովի նախորդ նիստին ներկա չեն եղել նաև պատերազմում զոհվածների հարազատների ներկայացուցիչները, որոնց իրավական հնարավորություն է տրվել մասնակցել նիստերին և ծանոթանալ քննության ընթացքին:

Back to top button