ԿարևորՀասարակություն

Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն Ստրասբուրգում

Մարտի 20-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանի և ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանի նախաձեռնությամբ անցկացվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը մասնակցել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ տիկին Շիոֆրա Օ՛Լիրին, Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների դեսպաններ, ՄԻԵԴ դատավորները և այլ հրավիրյալներ։

Ներկաներին ուղղված բացման խոսքում Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության չորս տարիների ընթացքում Հայաստանը մեծ եռանդով կյանքի է կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման և վճռական է այս ուղղությամբ ջանքերը շարունակելու հարցում։ Դեսպան Արման Խաչատրյանն ընգծել է նաև ԵԽ և ՖՄԿ միջև համագործակցության ամրապնդման մասին համատեղ հռչակագիրը կյանքի կոչելու հարցում Հայաստանի կողմից տարվող աշխատանքները:

Ողջունելով միջոցառման պատվավոր հյուր, ՄԻԵԴ նախագահ, տիկին Շիոֆրա Օ՛Լիրիին՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը վերահաստել է Հայաստանի աջակցությունը ՄԻԵԴ գործունեությանը և վերջինիս աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված նախագահ Օ՛Լիրիի ջանքերին:

Միջոցառման բացմանը ելույթներով հանդես են եկել նաև ՄԻԵԴ նախագահ Շիոֆրա Օ՛Լիրիին, Հայաստանի դատավոր Արմեն Հարությունյանը և Ֆրանսիայի դատավոր Մատիաս Գիմառը։

Back to top button