ԿարևորՀասարակություն

Հերթական արտահերթ ընտրություններքաղաքապետարանում կսպասե՞ն սեպտեմբերին

Մեկուկես տարվա ընթացքում Երևանի կառավարումը փոխանցվում է արդեն երրորդ քաղաքապետին։ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո քաղաքապետի պարտականությունները ստանձնել է նրա առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը։ Քաղաքապետարանից միայն հայտնում են՝ նա երեկվանից ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ ունի։ Հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ են սպասվում մայրաքաղաքին՝ առայժմ պարզ չէ։ Ոմանք կարծում են, որ քաղաքապետի հրաժարականից հետո ՔՊ-ն երկու ճանապարհ ունի՝ կա՛մ պետք է գնա ավագանու արտահերթ ընտրությունների, կա՛մ էլ ավագանու անդամներից մեկին ժամանակավոր պաշտոնակատար ընտրի մինչև ավագանու հերթական ընտրությունները: Ոմանք էլ նկատում են, որ օրենքը հակասություններ ունի, հետևաբար խնդիր չէ, եթե մինչ հերթական ընտրությունները մայրաքաղաքը ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը։

Մայրաքաղաքի ավագանու հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրություններ․ այս հարցի պատասխանն առայժմ հստակ չէ։ Հարցի լուծումն իշխող քաղաքական ուժի որոշման տիրույթում է։ «Լույս» խմբակցությունից հեռացած և որպես ավագանու անկախ անդամ հանդես եկող Թեհմինե Վարդանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց.

«Իշխող կուսակցությունը, անկախ հանգամանքից, թե ում է առաջադրում քաղաքապետի թեկնածու, այս պահին, կարծում եմ, պատրաստ չէ արտահերթ ընտրությունների։ Չեմ կարծում, որ նպատակահարմարություն կա շտապելու կամ մայրաքաղաքում արտահերթ ընտրություն իրականացնելու։ Կարծում եմ, այնուամենայնիվ, ընտրությունները կլինեն հերթական»։

Մինչ այդ, ըստ էության, քաղաքը կառավարելու է նա, ում ՔՊ-ն առաջարկել է որպես քաղաքապետի թեկնածու՝ համոզմունք հայտնեց Թեհմինա Վարդանյանը։ Հիշեցնենք, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Տիգրան Ավինյանն է, որն ի պաշտոնե հիմա քաղաքապետի տեղակալ է։ Այս տեսանկյունից ավագանու անկախ անդամը նաև այսպիսի դիտարկում ուներ։  

«Անհրաժեշտություն չկա նոր ընտրություններ անցկացնելու, քանի որ այս պահից սկսած քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը իրականացնելու է ամբողջապես ՔՊ-ի կամքը, կամ անդամների կամքը։ Սա, առնվազն ինձ համար, չի քննարկվում»։  

Մինչդեռ ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունից ասացին, թե առայժմ չեն որոշել՝ աշնանը կայանալիք հերթական ընտրություններից առաջ նոր քաղաքապետ կընտրե՞ն, թե՞ ոչ: Խմբակցության անդամ Լևոն Զաքարյանի փոխանցմամբ՝ խմբակցությունում արտահերթ ընտրության գնալու հարց չի քննարկվել, հետևաբար այս մասով որևէ սպառիչ պատասխան տալ, համենայնդեպս այս պահին, հնարավոր չէ։ 

 «Ներկա պահին արտահերթ ընտրությունների հետ կապված որևէ խոսակցություն չկա։ Կարծում եմ՝ քաղաքական որոշման կարիք կա, բայց նման քաղաքական որոշում այս պահին չունենք։ Խմբակցության նիստի օրակարգում էլ նման հարց չենք քննարկում»։

Անկախ օրակարգերի կարևորությունից՝ խմբակցության նիստերը պարբերաբար գումարվում են ամենշաբաթյա ռեժիմով։ Երևանի քաղաքապետի ընտրության հարց առայժմ խմբակցության նիստի օրակարգում ընդգրկված չէ՝ հստակեցրեց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը նույնպես կարծում է, որ արտահերթ կամ հերթական ընտրություններով Երևանի քաղաքապետի ընտրության հարցը, նախևառաջ, քաղաքական որոշման արդյունք պետք է լինի։

 «Ըստ էության, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը շարունակելու է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ չի որոշվել արտահերթ կամ հերթական ընտրությունների հարցը»։ 

Համաձայն Երևանի ավագանու մասին գործող օրենքի՝ քաղաքապետի հրաժարականից հետո մեկամսյա ժամկետում պետք է գումարվի ավագանու նիստ, որի օրակարգում պետք է լինի նոր քաղաքապետի ընտրության հարցը։ Եթե նոր քաղաքապետ չընտրվի, ապա ավագանին լուծարվելու է և երկամսյա ժամկետում նշանակվելու են ավագանու նոր ընտրություններ։

Որոշ լրատվամիջոցներ, վկայակոչելով իրենց աղբյուրները, գրել են, որ ըստ մշակված սցենարի, ավագանին քաղաքապետ չի ընտրելու և լուծարվելու է։ Դրանից հետո երկամսյա ժամկետում նշանակվելու են նոր ընտրություններ։ Այս տեղեկությունը, սակայն, որևէ կերպ մեր զրուցակիցները չհաստատեցին։

Դավիթ Խաժակյանը, նկատեց, որ օրենքը որոշակի բացեր ու հակասություններ ունի.

 «Կարծում եմ, ավելի հավանական է, որ պարոն Հովհաննիսյանը մնա որպես պաշտոնակատար, այսինքն՝ չընտրվի որպես քաղաքապետ, այլ շարունակի պաշտոնավարել՝ որպես պաշտոնակատար, որովհետև Երևանի ՏԻՄ օրենքով նա ունի բոլոր լիազորությունները, ինչը որ ունի քաղաքապետը, ուստի խնդիր այս մասով չենք ունենում»։   

Իրավապաշտպան Դանիել Իոաննիսյանը, մինչդեռ, պնդում է՝ առանց ընտրության Հովհաննիսյանը երկար պաշտոնավարել չի կարող։ 2021-ի դեկտեմբերին, երբ իշխող ուժն անվստահություն հայտնեց նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, Հրաչյա Սարգսյանը պաշտոնը ստանձնեց ավագանու ընտրության միջոցով՝ հիշեցնում է Իոաննիսյանը:

«Երևանում համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում ավագանին ունի մեկամսյա ժամկետ նոր համայնքի ղեկավար ընտրելու համար: Եթե համայնքի ղեկավարի թեկնածու չի առաջադրվում կամ եթե միայն մեկ թեկնածու է առաջադրվում և ինքը չի հավաքում բավարար թվով կողմ ձայներ, և 30-օրյա ժամկետը լրանում է, ապա կառավարությունը լուծարում է ավագանին, ավագանու լիազորությունները վաղաժամ դադարեցվում են և նշանակվում են արտահերթ ընտրություններ»,– գրում է իրավապաշտպանը։

Դավիթ Խաժակյանը նաև հայտնեց, որ Երևանի քաղաքապետի հարցը «Լույս» խմբակցությունում և կուսակցությունում առանձնահատուկ չեն քննարկել ։ Նրա անձնական մոտեցումն այն է, որ լինեն արտահերթ ընտրություններ։ Բայց, ըստ Խաժակյանի, դա ոչ այնքան քաղաքական դիրքորոշում է, որքան նպատակահարմարության գնահատում, քանի որ արտահերթի կամ հերթականի տարբերությունն էլ մեծ չէ, հաշվի առնելով, որ սեպտեմբերին կայանալիք հերթական ընտրությանը շատ ժամանակ չի մնացել։ 

Նույն պատճառով ԲՀԿ-ում էլ նպատակահարմար են համարում հերթական ընտրությունները։ Այդ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում խոսեց նաև ավագանում ընտրություններին կուսակցության հնարավոր մասնակցության մասին.

«Արտահերթ ընտրության, այսպես ասած, տեսլական, այս պահին չենք տեսնում։ Եթե արտահերթ պետք է լիներ, ուրեմն պետք է լիներ, օրինակ՝ Հայկ Մարությանի հրաժարականից հետո։ Կարծում եմ, լավագույն տարբերակը հերթական ընտրություններն են, իսկ կուսակցության մասնակցության մասին՝ ներկա պահին ակտիվ քննարկումների մեջ ենք, ունենք մի քանի թեկնածուի տարբերակ, որը կգլխավորի ավագանու ցուցակը, կլինի կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն։ Ավելի հստակ, սակայն, երբ պարոն Ծառուկյանը վերջնական որոշում կայացնի, մենք անպայման մամլո հաղորդագրությամբ կտեղեկացնենք»։   

Նշենք նաև, որ օրեր առաջ՝ իր վերջին ասուլիսում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան օրենքով նախանշված ժամկետներում, այսինքն՝ սույն թվականի սեպտեմբերին։

Back to top button