ԿարևորՔաղաքական

«Ինչպես զագսում»․ ինչ են ստորագրել Միրզոյանն ու Լավրովը

Դեկտեմբերյան չեղարկված  հանդիպումից 3 ամիս անց  ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը նորից Մոսկվայում է։ 2022–ի տարեվերջին ծրագրված եռակողմ  հանդիպումը Հայաստանը խնդրել էր հետաձգել Լաչինի միջանցքի փակման պատճառով։ Լաչինի միջանցքը դեռ փակ է, բայց արտգործնախարար Միրզոյանն այս անգամ մեկնել է Մոսկվա՝ երկկողմ հանդիպումների։ ՀՀ ու ՌԴ արտգործնախարարները վերջին անգամ հանդիպել էին Նյու Դելիում անցկացված համաժողովի  շրջանակում  մամուլի համար դռնփակ ռեժիմով: Նախարարների մոսկովյան հանդիպման օրակարգն ավելի հագեցած է։ ՌԴ արտգործնախարարությունից նախապես հայտնել էին, որ օրակարգում հարցերի լայն շրջանակ է՝ երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային հարցեր, Լաչինի և ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցություններ։  

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում հրապարակավ փաստաթուղթ ստորագրեցին․ Սերգեյ Լավրովը կատակեց՝ իրավիճակը զագսի հետ համեմատելով։

Իրականում լույս է տեսել 1992 թվականից ի վեր Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավապայմանագրային բոլոր փաստաթղթերն ամփոփող ժողովածուն։ Հենց դրա օրինակները ստորագրեցին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները։

Թեև հայկական և ռուսական կողմերը ազդարարեցին Միզոյան–Լավրով հանդիպման համար ծրագրված բավական մեծ օրակարգ, բայց մոտ մեկ ժամը փաստացի Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների համար բավարար էր հարցերի լայն շրջանակը քննարկելու համար։

Հայաստանի արտգործնախարարը հանդիպումից առաջ հստակ նախանշել էր Մոսկվա գնալու իր հիմնական նպատակը։

«Չկա նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության որևէ կետ, որը  գործնականում խախտած չլինի Ադրբեջանը։ Կրակի դադարեցման ռեժիմի պարբերաբար խախտումներ, ՀՀ տարածքների օկուպացիա, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակում, հայ գերիների պահում, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խոչընդոտում, ադրբեջանական կողմի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված բնակիչների վերադարձի խոչընդոտում։ Ավելին՝ ադրբեջանական կողմն իր շարունակվող սադրանքների միջոցով տորպեդահարում է երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքները։ Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Հայաստանի դաշնակիցների և գործընկերների կողմից ակտիվ քայլերի կիրառման անհրաժեշտությունը, որպեսզի Ադրբեջանը վերջապես իրականացնի իր պարտավորությունները և դադարի խախտել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անթույլատրելիության  միջազգային իրավունքը»։

Արարատ Միրզոյանը հանդիպման փակ հատվածից առաջ նաև փոխանցեց՝ Ալիևի ռազմատենչ սպառնալիքների ֆոնին հայկական կողմը ակնկալում է, որ իր դաշնակիցները Բաքվին թույլ չեն տա իրականացնել ռազմական էսկալացիա։ Հայաստանը շարունակում է բարձրաձայնել նաև ԼՂ–ում էթնիկ զտում իրականացնելու Բաքվի իրական նպատակների մասին։

Հանդիպման օրակարգային հարցերում Ռուսաստանը նույնպես ունի առաջնահերթություններ՝ տեղեկացրեց ՌԴ արտգործնախարարը։

«Առաջնային խնդիրներից մեկը Լաչինի միջանցքի և Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորումն է։ Որևէ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները բոլոր լուծումների և իրավիճակի կայունացման բանալին են»։

Լավրովը հատուկ ընդգծեց, որ Լաչինի միջանցքի առնչությամբ պարտավորություններ ունեն եռակողմ հայտարարության բոլոր կողմերը։ Շեշտեց՝ պետք է գիտակցեն դա և կատարեն առանց իմպրովիզացիաների․   

Կողմերը շեշտում են՝ խոսել են բաց և անկեղծ։  Լավրովը հանդիպումը դրական է որակում, Միրզոյանն օգտագործում է «բավարար» ձևակերպումը։   Հասցեական այլ հայտարարություններ՝ ո՛չ երկրների, ո՛չ էլ կառույցների առումով այդպես էլ չեղան։

ՌԴ արտգործնախարարը կիսում է Հայաստանի ղեկավարների դիրքորոշումը, որ ԼՂ–ում իրավիճակը կայունացնելու համար այս փուլում նախընտրելի է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև ուղիղ շփումը։ Իսկ իրավունքների առումով համեմատականներ է անցկացնում և ասում՝ ղարաբաղցիների համար պետք է ամրագրվեն նույն իրավունքները, որոնք ունեն ռուսները, օրինակ, Դոնբասում կամ սերբերը՝ Կոսովոյում։

Ուշագրավ է, որ Մրզոյան–Լավրով հնդիպումից առաջ ՌԴ արտգործնախարարության տարածած հղորդագրության մեջ կար մի նախադասություն, ըստ որի՝ «Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»։ Սա ասվում է չդադարող խոսակցությունների ֆոնին, թե Հայաստանը փորձում է փոխել իր արտաքին քաղաքականության կուրսը։ Այն, որ արտգործնախարարի մոսկովյան այցից առաջ Հայաստանում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ դեռ ոչինչ չի նշանակում։

«Որ եկել է ի՞նչ։ Ուզում եմ հասկանալ, որ եկավ ինչ փոխեց։ Անկախ նրանից, թե որ համակարգում ենք մենք գտնվում, մշտապես փորձում ենք, փնտրում ենք և աշխատում ենք բոլոր հնարավոր ձևերով մեր անվտանգությունը ապահովել, և հաճախ դուք տեսնում եք, որ դա բավական սուր արձագանք է ստանում  հենց նույն ՀԱՊԿ անդամ–երկրների կողմից։  Բայց միևնույն ժամանակ այն գործողությունները, այն արձագանքը որ կա, միանշանակ ՀՀ–ի համար  բավարար չեն, և այցելությունը, այդ «տեսական մասը» ապահովելը, չգիտեմ, որքանով բավարար կլինի «հողի վրա» բան կանգնեցնելու համար, որովհետև ՀԱՊԿ–ի մեջ լինելով, այդքան այցեր ունենալով՝ միևնույնն է ունեցանք Սև լիճ, ունեցանք Ջերմուկի ուղղությամբ ագրեսիա և այլն»։

Չնայած սրան՝ Սիմոնյանը հաստատում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների հիմնական դերակատարը շարունակում է մնալ Ռուսաստանը: Տարբեր տեղերից տարբեր միջնորդություններ կան՝ մանրամասնում  է ԱԺ նախագահը՝ նշելով, որ հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է: Սակայն նաև հաստատում՝ կա նախաձեռնություն նաև ԱՄՆ-ից, բավականին ակտիվ :

«Կարծում եմ՝ ռուսական բոլոր առաջարկների առումով ՌԴ ԱԳՆ–ն պետք է ավելի ուշադիր լինի Ադրբեջանի կողմի արձագանքին, որովհետև Հայաստանը մշտապես ռուսական առաջարկների 99 %–ի դեպքում իր համաձայնությունը տվել է»։

Ու չնայած սրան՝ Լավրովը շարունակում է հարվակովկասյան զարգացումներում տեսնել Հայաստանին ու Ռուսաստանին գժտեցնելու արևմտյան փորձեր։ Վստահ է, որ այդ փորձերը դատապարտված են ձախողման։ Միզրոյանն իր հերթին հստակեցնում է՝ Արևմուտքի հետ աշխատանքը Հայաստանի համար կարևոր ուղղություն է, բայց ասում է՝ Հայաստանում նպատակաուղղված հակառուսական արշավ չկա։

Back to top button