ԿարևորՄշակույթ

Մարտահրավեր՝ հայ դերասանների համար․Պիեռ Կոռնեյլի «Սիդը» կներկայացվի Պատանի հանդիսատեսի բեմում

Առաջին անգամ հայ թատրոնի բեմում կներկայացվի Ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի «Սիդը»։ Իսպանական առասպել, որ դարձավ  դասական ստեղծագործություն։ «Սիդը» բեմադրվել է աշխարհի բազմաթիվ բեմերում։ Ներկայացման առաջնախաղը մարտի 25-ին է՝ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում։

«Հետաքրքրական մարտահրավեր է դերասանների համար։ Չափածո գործ է, ու տեքստը բավականին դժվար է, բայց մեզ մոտ ամեն ինչ ստացվում է»։ Ֆրանսահայ ռեժիսոր Ջերալդ Բաբազիանը պատմում է նոր ներկայացման մասին։  Պատանի հանդիսատեսի թատրոնում առաջնախաղի են պատրաստվում։ Բեմադրվում է Ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի «Սիդը»։

Իսպանական առասպել, որ դարձավ  դասական ստեղծագործություն։ «Սիդը» բեմադրվել է աշխարհի շատ բեմերում, բայց ոչ Հայաստանում։  «Պատանիների համար շատ դաստիարակչական գործ է»,– ասում է թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը․

«Աշխատանքը շատ հետաքրքիր է։ Այս ներկայացումը հայ իրականության մեջ առաջին անգամ է բեմադրվում։ Այսինքն՝ երբեք չի բեմադրվել Պոլսի կամ Թիֆլիսի թատրոններում։ Ստեղծագործական կազմը հրավիրված է՝ նկարիչ Գարեգին Եվանգուլյան, կոստյումների հեղինակ՝ Տերյան մշակութային կենտրոն, պարերը՝ Արսեն Աբրահամյանի, երաժշտությունը՝ Վահան Արծրունու»։

Պատի՞վ , թե՞ սեր․ սա է ընկած ներկայացման հիմքում։ Հերոսը հաղթում է թշնամուն, ու թագավորն իր աղջկան կնության է տալիս նրան։ Թագավորի կերպարը մարմնավորում է  դերասան Մխիթար Ավետիսյանը․ «Ջանք ու եռանդ չենք խնայում, որ ներկայացումը ստացվի հրաշալի։ «Սիդը» փոխելու է շատ բան՝ և՛ որակական, և՛ ոճային,  և՛ մոտեցումների առումով»

Դերասանները չեն բացում փակագծերը, բայց խոսում են իրենց հոգեվիճակի մասին։

Սաշա Սուքիասյանը Սիդին է մարմնավորում․ «Ես վախենում եմ իմ կերպարից։ Վստահել այդպիսի մեծ կերպար, իրականում շատ բարդ է։  Ասելիքը ինքն է բերում առաջ,  մնացածը օգնող ուժերն են, որոնք ասելիքը բերում և հասցնում են տեղ»։

Լուիզա Մելքոնյանի համար ռիսկակային ներկայացում է։ Մնջախաղի թատրոնի դերասանուհու համար սա լուրջ փորձություն է․

«Երկարատև դադարից  հետո ես պետք է հանդիսատեսին ներկայանամ խոսքով, բայց ռեժիսորը վստահեց ինձ։ Թե որքան է հաջողվել, արդեն կասի հանդիսատեսը»։

Լուիզան մարմնավորում է Հիմենային՝ թագավորի աղջկան․ «Հիմենայի կերպարը սրտի կարդիոգրամայի նման է աշխատում։ Նա և՛ փխրուն էակ  է, և՛ պայքարող, քանի որ հայտնվում է սիրո և արժանապատվության մեջտեղում։ Եվ դժվար ընտրության առաջ է կանգնած պատի՞վը, թե՞ սերը»։

Դոն Սանչոն, տվյալ դեպքում դերասան Սեյրան Մովսիսյանը, Հիմենայի սիրուն տիրանալու համար դիմում է անհավական ու հավանական քայլերի․ «Նույնիսկ մենամարտի եմ գնում իր համար, որ ապացուցեմ իմ սերը, ու քանի որ ինձ չի սիրում, մտածում եմ այդ կերպ իր սերը հաղթեմ։ Այստեղ  ամենակարևոր գաղափարը սերն ու պատիվն է, որոնք կյանքում նույն հարթության վրա գնում են»։

Ռոզա Փարամազյանին կերպարը շատ սրտամոտ է, անկեղծանում է՝  այժմ գտնվում է նույն հոգեվիճակում, ինչ Ինֆանտայի կերպարն է։ Հերոսուհու ապրումները իրենն են նաև․

«Աղջիկ, որ սիրահարվել է այն մարդուն, որին պետք է։ Հերուսուհու ապրումները զուգահեռաբար իմ կյանքին են նման։ Կոտրված սիրտ, անպատասխան սեր, բայց արժանապատվությունը  ավելի վեր է իր համար»։

Այս ներկայացումը բեմադրվել է Ֆրակոֆոնիային օրերի շրջանակում և պատահական չէ, որ ռեժիսորը հենց Ֆրանսահայ է։ Թատրոնի տնօրենը համոզված է, որ այս ներկայացումը հայ և ֆրանսիացի ժողովուրդների բարեկամությունը լավագույնս հաստատող գործ կդառնա։

Back to top button