

1990-ականներին պաշտոնական Ստեփանակերտը հայտարարում էր, որ Երեւանի` «Հայաստանը համաձայն է Ղարաբաղյան խնդրի կարգավորման ցանկացած տարբերակի, որին համաձայն է Արցախը» մոտեցումը սխալ է, քանի որ Ստեփանակերտը դրանով հայտնվում է միջազգային ճնշման տակ։ Իսկ դրան դժվար է դիմագրավել։ Ու արդեն Հայաստանի նախագահի պաշտոնում ԼՂՀ առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճնշումից ազատելու համար Արցախը դուրս բերեց բանակցային գործընթացին։ Այսօր արձանագրենք, որ դա գործին ամենեւին չօգնեց։
Արցախի ներկայիս նախագահը` Արայիկ Հարությունյանը, որպեսզի Ստեփանակերտը դիմագրավի ադրբեջանական ճնշումներին` փոխեց պետնախարարին։ Այսօր տեսնում ենք, որ սա էլ գործին չօգնեց։
44-օրյա պատերազմից հետո Արցախն այսօր կարծես հնարավորություն է ստանում նորից վերականգնել հակամարտության լիակատար կողմ լինելու կարգավիճակը։
Արցախի իշխանություններն ունեն քաղաքական և բարոյական պաշար, որպեսզի Բաքվի հետ բանակցություններ վարեն, ասում է քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը։ Հանդիպումները պետք է անցնենք չեզոք վայրում եւ միջազգային միջնորդների մասնակցությամբ։ Առաջին հանդիպումը, ռուս խաղաղապահների մասնակցությամբ, ցույց տվեց, որ միջնորդության ձեւաչափն աշխատում է։
Հայաստանն այստեղ պետք է աջակցի եւ միջազգային հանրությանը խնդիրը տվյալ ձեւաչափով ներկայացնելու համառություն դրսեւոորվի։ Հայաստանի` Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու մոտեցումը միջազգային հանրության մոտ աջակցություն է վայելում, շեշտում է քաղաքագետը։
Ըստ նրա` որևէ նախադրյալ չկա, որ մոտ ժամանակներս հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքվի, առավել ևս չկան նախադրյալներ, որ այդ պայմանագրի դրույթները կարող են պահպանվել։


Այս իրավիճակում Ռոբերտ Ղեւոնդյանը վստահ է, որ չպետք է փորձենք ամեն գնով գնալ հանգուցալուծման, պետք է մեր իրավունքներն առաջ մղենք եւ գործընթացից դուրս չմնանք։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Արցախյան խնդիրը անկայուն աշխարհում. այս թեմայի շուրջ ենք խոսում քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանի հետ։