ԿարևորՄիջազգային

Աշխարհի անվտանգությունը բազմաբևեռ հայեցակարգի մեջ է․ Մոսկվան ու Պեկինը բանակցում են

ԱՄՆ–ն կորցնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, և առաջին մարտահրավերը հավաքական Արևելքին Չինաստանն արդեն նետել է` հաշտեցնելով երկու հակադիր բևեռները` Իրանը և Սաուդյան Արաբիան, կարծում է Պեկինի օտար լեզուների համալսարանի անդամ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանը` անդրադառնալով Չինաստանի նախագահի Ռուսաստան այցին։

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոդված է գրել Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունների մասին, որը հրապարակվել է չինական թերթերից մեկում: Ռուսաստանի Դաշնության նախագահը կրկին հանդես է եկել «ավելի արդար բազմաբեւեռ աշխարհակարգի ձեւավորման» օգտին եւ հավաստել է «ուկրաինական ճգնաժամի» քաղաքական եւ դիվանագիտական ​​կարգավորման հարցում առկա պատրաստակամությունը՝ «հաշվի առնելով գերիշխող աշխարհաքաղաքական իրողությունները»։   

Սի Ծինպինի եռօրյա այցի առաջին օրը տեղի է  ունեցել Ռուսաստանի և Չինաստանի նախագահների ոչ պաշտոնական հանդիպումը։ Մարտի 21-ին կանցկացվեն բանակցություններ նեղ և ընդլայնված կազմերով։ Պուտինն ու Սին հանդիպել են շուրջ 40 անգամ։ Ռուսաստանի Դաշնության ղեկավարը բազմիցս նշել է, որ ՉԺՀ-ի հետ ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի քաղաքականության գերակայություններից մեկն է։

Ըստ միջազգայնագետ Արարատ Կոստանյանի` Չինաստանն ու Ռուսաստանը միասնաբար, մասամբ նաև Հնդկաստանի և Իրանի մասնակցությամբ, մարտահրավեր են նետում ԱՄՆ-ին դիվանագիտական փափուկ ուժի կիրառմամբ, ինչը նախկինում համարվում էր միայն ԱՄՆ առավելությունը։  «Այս ձևաչափում Չինաստանը ներկայանում է որպես տնտեսական, իսկ Ռուսաստանը՝ որպես ռազմական հսկա։ Երկու կենտրոններն էլ փոխում են աշխարհի ռազմաքաղաքական հավասարակշռությունը։ Չինաստանը դեմ է միաբևեռ աշխարհի թելադրանքներին, պատժամիջոցներին և կողմ է համակեցության ու աշխարհաքաղաքական լուծումներին»,- շեշտում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը` վերլուծելով  Պեկինի հայտարարությունները ուկրաինական պատերազմում «օբյեկտիվ և արդար» դիրքորոշման կողմնակից լինելու, ինչպես նաև Կիևի և Մոսկվայի միջև խաղաղ բանակցություններում կառուցողական դեր ստանձնելու վերաբերյալ։ «Պեկինը մեկ անգամ չէ, որ շեշտել է` եթե մենք ցանկանում ենք հասնել կարգավորման կամ աշխարհը ցանկանում է լինել ավելի անվտանգ, ապա պետք է կայանա բազմաբևեռ աշխարհը»,– ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։  

Back to top button