Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Դասակով խոստացել էինք, որ բոլորս ողջ ենք մնալու, բայց խոստումը պահեցինք ընդամենը մի քանիսս․ Միշա Մանուկյան․ «Կյանքին  ասել այո՛»

Միշա Մանուկյանը ծնվել է  2002 թվականի  մայիսի 12-ին Շիրակի մարզի  Սարալանջ համայնքում։ 2020 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ու օգոստոսի 5-ին զորակոչվել բանակ։ Ծառայել է Արցախի Մարտունի 3 զորամասում։ Ծառայության ընթացքում պարգևատրվել է մի շարք կրծքանշաններով՝  «Լավագույն զինվոր-մարտիկ»,  «Մարտական հերթապահություն», «Լավագույն դիպուկահար» (3-րդ կարգ) և այլն։ Պատերազմի ժամանակ մասնակցել է Մարտունի քաղաքի  ինքնապաշտպանությանը, որի համար  ԱՀ նախագահի կողմից արժանացել է Արիության  մեդալի։ «Դասակով խոստացել էինք, որ բոլորս ողջ ենք մնալու, բայց խոստումը պահեցինք ընդամենը մի քանիսս։ Նոյեմբերի 2-ին թշնամու կիրառած քիմիական զենքից   տղաների  մի  մասը պարզապես մոխրացել էր։ Ամեն ինչ տեսել  եմ իմ աչքերով»,-պատմում է Միշան։

Նոյեմբերի 3-ին նա ոտքի թեթև վիրավորում է ստացել, պատերազմից հետո շարունակել ծառայությունը Արցախում։    Միշան ասում է, որ այս պատերազմում  ոչ միայն ընկերներ ու հայրենիք կորցրեց, այլև կորցրեց սիրած աղջկան, որը լքեց նրան հենց պատերազմի օրերին։

2022-ի օգոստոսին զորացրվելուց հետո ֆիզիկական ու հոգեբանական խնդիրների պատճառով չշարունակեց  ուսումը ինստիտուտում, փոխարենը՝ ժամանակը լցրեց գրականությամբ։  Բանաստեղծությունների  առաջին ժողովածուն, «Հարբած տողեր» վերնագրով,   տպագրվել է 2020-ին՝ մինչև զորակոչվելը։ Առաջիկայում կտպագրվի  արցախյան առաջին պատերազմի  մասնակից Արայիկ Խանդոյանին նվիրված «Միայնակ գայլը»  հուշապատումը։   Միշան աշխատում է նաև «Սիրահակվածություն»  ժողովածուի վրա։ Պատերազմից հետո  բանաստեղծությունների հիմնական նյութը դարձյալ  հայրենիքն է ու սերը։ Փոխվել է միայն բանաստեղծի հայացքը, որն անխուսափելիորեն հասունացավ հատկապես պատերազմի 44 օրերի ընթացքում։

«44 օր»

 …բարձր լացելու ձայնի չափ,

նրանք կարոտել են

արնածարավ խրամատներում

անմահացածներին,

և նրանց կյանքում միայն

սպասումի աշուն է,

ուր անձրևի փոխարեն

արյուն է կաթկթում երկնքից,

ուր ճաքճքած հողի ճաքերը՝

փակվում էին արյամբ.

այնտեղ հետո դեռ պետք է

ծաղիկներ ծլեին՝

տղաների փոխարեն…

իսկ նրանց սպասողները

(անսրտացել են ցավից)

դեռ պետք է սպասեն՝

շիրմաքարերը գրկելով միայն,

ու արցունքաքամ լինեն,

ու մի պահ իրենց անտեր զգան,

անտուն զգան,անբախտ զգան,

ու չհավատան,

որ իրենք դեռ կան

և ապրում են այդքանից հետո…

և երկինք բարձրացածներն

ամեն օր աստղերի տեսքով կերևան

մեր աչքերին,

այդպիսին է երկինքը՝

իրեն փայլեցնելու համար

չիմացավ, թե քանիսներին կխամրեցնի՝

սպասումի խրամատներում…

և՛ երկինք բարձրացածներն

ամեն օր աստղերի տեսքով կերևան

մեր աչքերին…

Միշա Մանուկյան

Back to top button