Մարգահովտցիները 3-րդ անգամ դեմ են արտահայտվել տորֆի հանքի բացմանը


Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի Մարգահովիտ բնակավայրում «Համզաչիման Էկո» ՍՊԸ-ն 3-րդ հանրային լսումն է հրավիրել՝ տորֆի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման նպատակով։ Լսումներն անցել են ընթացակարգի խախտումներով: Մարգահովիտցիները դարձյալ դեմ են արտահայտվել հանքի բացմանը:
Մարգահովտում «Համզաչիման Էկո»-ի հրավիրած 3-րդ հանրային լսումն անցավ խախտումներով ու թեժ մթնոլորտում: Համայնքապետարանի կայքում լսումների մասին ամբողջական տեղեկությունները հայտնվել էին ժամկետների խախտմամբ: Լսումներին բուն մարգահովիտցիներից քչերն էին ներկա, հիմնականում վանաձորաբնակներն էին: Բնակիչներին հայտի մասին կցկտուր տեղեկություններ փոխանցեց Փամբակ համայնքի հողաշինարար Արտակ Օհանյանը: Ընկերության ղեկավար Արտակ Մինասյանը բավարարվեց անորոշ խոստումներով:
«Համզաչիման Էկո» ՍՊԸ ղեկավար Արտակ Մինասյան․ «Պիտի երկրաբանական հետազոտություններ արվեն, եթե պաշարները մեծ լինեն, մեծ ծրագիր կներկայացնենք, եթե քիչ՝ փոքր ծրագիր: Տարածքը առաջին հերթին պիտի ցանկապատվի։ 10 կամ 100 հեկտար չի, որ վնաս տա, աշխատատեղեր պիտի բացվեն։ Գյուղի ղեկավարը ինչ ծրագրեր կառաջադրի, կարվեն»:
Բնապահպան Օլեգ Դուլգարյանի պնդմամբ՝ ՏԻՄ-երը պետք է ունենան համայնքի զարգացման նորարար ու այլընտրանքային ուղղություններ, հստակ ձևավորված տեսլականներ: ՏԻՄ-ն է իր բնակիչների առողջության ու սոցիալական արդարության թիվ մեկ պատասխանատուն: Հետաքրքրվեց՝ կա՞ արդյոք բնակավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների փաստաթուղթ, ի՞նչ է առաջարկում ընկերությունը՝ տորֆի հանքի շահագործման դիմաց, ի վերջո՝ ո՞րն է համայնքի շահը:
Բնապահպան Օլեգ Դուլգարյան․ «Էս պահի դրությամբ մենք եկել, խոսում ենք մի բանի մասին, որ մարդիկ պատկերացում էլ չունեն, թե օրինակ, դա ինչ վնաս կարա բերի: Այստեղ ես մի բան եմ ակնհայտ տեսնում, որ Փամբակ համայնքի ՏՒՄ-երn ընդունել են միակողմանի դիրքորոշում, պաշտպանում են արդյունահանողի շահերը, դուք դրա իրավունքը չունեք»:
Օլեգ Դուլգարյանը տորֆի հանքերի շահագործման Բելառուսի օրինակն է բերում, որ տորֆի հզոր պաշարներով է հայտնի: Որքան անվնաս է թվում, այդուհանդերձ, տորֆի հանքի շահագործումը վնասակար ազդեցություն ունի: Դասվում է միջին վնասարակության հանքերի թվին՝ նպաստելով շնչուղիների և աչքերի հիվանդությունների առաջացմանը:
Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանի դիտարկմամբ՝ տեղի ունեցածը հեռու է հանրային լսում ձևակերպումից։ Ասում է՝ չի պահպանվել օրենսդրությամբ սահմանված ընթացակարգը, չի ներկայացվել որևէ փաստաթուղթ՝ սոցիալական ուղղվածության ծրագրերի ու շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության նվազեցմանն ուղղված հնարավոր քայլերի մասին: Կասկածելի է նաև հողաշինարարի կողմից հայտի ներկայացումը։
իրավապաշտպան Գևորգ Քոթանջյան․ «Նախ՝ էդ փաստաթուղթը 3 օր առաջ են դրել, այնինչ պետք է հայտարարության հետ 7 օր առաջ տեղադրված լիներ, սա մեկ խախտում, 2-րդը՝ ՍՊԸ-ն պետք է ներկայացներ, բայց ներկայացնում էր համայնքապետարանի հողաշինարարը, ինչը շատ տարօրինակ է: 3-րդ՝ պետք է լիներ ձայնագրություն, որը պետք է ապահովեր հայտ ներկայացնողը, որը ևս չի արվել: Բուն ընթացակարգերի խախտումով արված այս գործընթացը անօրինական է և պետք է բողոքարկվի տարածքային կառավարման նախարարություն՝ հստակ փաստերով և ապացույցներով»:
«Եթե տորֆ հանելը թույլ տվեցինք, կհայտնվեն բոլորիս քաջ ծանոթ հանքակերներն ու հիմա էլ կուզեն ոսկի հանել, ոսկին էլ հանեցին, գիտենք՝ ինչ է սպասվում մեր գյուղին»,- Սվետլանա Բեկչյանն է բարձրաձայնում վրդովմունքը.
«Յուրաքանչյուր տուն մտեք ու կարծիք հարցրեք՝ քանի՞ կողմ կա, քանի՞ դեմ: Մի անգամ մերժել ենք, ինչի՞ եք ուզում շարունակվի, էլի պտի մերժվի: Ժողովրդի կարծիքը հաշվի առե՛ք»:
Մարգահովտի բնակիչ Տիգրան Ղումաշյան․ «էսօր էս մարդիկ իմ ապագայի մասին ավելի շատ են անհանգստանում, քան հենց էդ նույն չակերտավոր գյուղացին, որը, չգիտես ինչի, ապրում է Երևան կամ Վանաձոր»:
Լենդրուշ Մարտիրոսյան․ «Համայնքի մի մասնիկն էլ ես եմ, ամբողջ համայնքը դեմ է, ես էլ եմ դեմ: Մեր արոտավայրերը փչացնելու են, մեր բնությունը, մեր ապրուստը, որ մեր ապագա հետնորդները կարող են օգտվել, իսկ հիմա ուղղակի թալան է»:
Մարգահովտից Էմիլիան ասում է՝ առաջին անգամ բնակիչները կտրականապես դեմ էին հանքի բացման հեռանկարին, այս անգամ կարծես բանակների են բաժանվել: Տորֆի պաշարներ փնտրող ընկերության ղեկավարը Մարգահովտի նախկին գյուղապետ, այժմ Փամբակ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Անանյանի խնամին է: Հավանաբար, հանքի բացման օգտին տևական լոբբինգ է տարվել: Գյուղը տուրիզմի զարգացման հսկայական պոտենցիալ ունի՝ ասում է Էմիլիան: Հուսով է, որ երբ բոլոր բնակավայրերն ունենան զարգացման ռազմավարություններ, միգուցե այդ ժամանակ հանք շահագործել ցանկացողները հետ կանգնեն իրենց վնասաբեր մտադրություններից:
Մարգահովտի բնակիչ Էմիլիա Մարտիրոսյան․«Պրոպագանդա է գնում, որ տորֆի հանքն էդքան էլ վնասակար չէ, որ տարբեր տեղերից այդ հանքը օգտագործում են, տարբեր մարզերից, այսինքն, եթե այսպես թե այնպես, օգտագործվում է, ավելի լավ է տանք ինչ որ մեկին, որ նաև համայնքի համար ինչ որ բան կանի: Շատ բարձր որակի տորֆ է : Բայց մի հանք բացվեց, մյուսները շարքով բացվելու են, ոսկի ունենք, որը շատ բարձր վնասակարության է, մեր ջրերի ակունքների վրա է»:
Նախկին 3000 բնակչից Մարգահովտում այժմ շուրջ 1300-ն են մնացել: Անասնապահությունն ու գյուղատնտեսությունն է հիմնական զբաղմունքը: Մի քանի զբոսաշրջային նախագծեր լուրջ հաջողություններ են գրանցել գյուղում՝ Մարգահովտի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյանն է ասում: Այժմէլ 2 խոշոր ընկերություններ տարածք են փնտրում այստեղ. նախագիծ են ներկայացրել: Հանքի բացման հեռանկարը, հաստատ, նրանց սրտով չի լինի: Դանիելյանն անձամբ դեմ է հանքի բացմանը, բայց կհամաձայնի ցանկացած որոշման հետ, որ կընդունեն համագյուղացիները: Թե ինչո՞ւ է համայնքի ավագանին պասիվ այս կարևոր հարցում, դժվարանում է մեկնաբանել. բարդույթներ ունեն հավանաբար, ասում է:
Մարգահովտի վարչական ղեկավար Վահրամ Դանիելյան․ «Հիմնականում ոչ վատամարդ լինելու,ոչ լավամարդ լինելու, չեզոք դիրք ընդունեն, ինչ կլինի, կլինի։ Չեմ կարող ասել՝ ինչո՞ւ չկան, բայց որ տեղեկացված են՝ էդ հաստատ: Ես ընդհանրապես դեմ եմ բոլոր հանքերի շահագործմանը»:
«Համզաչիման Էկո»-ն մտադիր է ամսական 1200 դրամով վարձակալած շուրջ 2 հեկտար խոտհարքի տարածքում տորֆի հանքշահագործել: Այն գյուղից հեռու է մոտավորապես 20 կմ: