ԿարևորՀասարակություն

Կրթաթոշակի համար կմրցեն նաև 44-օրյայի մասնակիցները

Մեկնարկել է Հայ կրթական հիմնարկության 2022-2023 ուսումնական տարվա կրթաթոշակային ծրագիրը, որին կարող են դիմել Հայաստանի պետական բուհերի առկա, վճարովի համակարգում սովորող կամ  սովորել պատրաստվող ուսանողները:

Կառույցը փոխհատուցում է ընտրված մասնագիտություններով սովորող ուսանողներին՝  խրախուսելով  հատկապես բարձր առաջադիմություն ունեցողներին և  սոցիալապես  անապահովներին։ Բացառություններ կան պատերազմին մասնակցած ուսանողների համար:

Գոհար Աբրահամյանն Արցախի պետական համալսարանի շրջանավարտ է, մասնագիտությամբ՝ պատմաբան։ Բակալավրի տարիներին անվճար էր սովորում, մագիստրատուրայում որոշեց փոխել մասնագիտությունն ու իրավաբանություն ուսումնասիրել և պարզեց, որ այլևս չի կարող անվճար համակարգում սովորել։ Սկսեց տարբեր կրթաթոշակներ փնտրել, որոնք կփոխհատուցեին ուսման վարձը։ Ուսումը շարունակելու հարցում Գոհարին օգնեց Հայ կրթական հիմնարկությունը։

«Վճռական դեր ունեցավ, որ ես շարունակեմ իմ ուսումը։ Բացի դրանից հայ կրթական հիմնարկությունը, երբ հովանավորում է որևէ ուսանողի, այդ բոլոր ուսանողները պարտավորվում են տարվա ընթացքում կատարել 120 ժամ կամավորական աշխատանք։  Եթե նախկինում մենք զարմանում էինք, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը մեր ուսման վարձը փոխհատուցել, կամավորական աշխատանք կատարելով՝ դու հասկանում ես՝ ինչքան լավ է, որ բարի գործ ես անում և շնորհակալ աչքեր ես տեսնում»։

Արդեն 15 տարի ապրիլ-մայիս ամիսներին կառույցը կրթաթոշակների մրցույթ է հայտարարում՝ ուսման ամբողջական վարձավճարի տեսքով։ Այս տարի ծրագրում նորություն կա․ կփոխհատուցվի ուսանողների ուսման վարձի 90 տոկոսը։ 10 տոկոսն ուսանողին թողնելն ինքնանպատակ չէ՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է  Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը։

«Ուսումնասիրելով միջազգային փորձն ու ուսանողների շահագրգռվածությունը՝ որոշեցինք, որ ուսանողը ևս իր ներդրումն ունենա, որ ավելի սրտացավ լինի, ավելի ներգրավված լինի։

Կրթաթոշակային ծրագիրը մի շարք նախապայմաններ ունի, և դրանց առկայության պայմաններում է միայն, որ ուսանողը կարող է շահառու դառնալ։ Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, որոնց մասնագիտությունն ընդգրկված է հիմնադրամի առաջարկած ցուցակում։ Մյուս նախապայմանը բարձր առաջադիմությունն է։

«Մեր մրցույթին կարող են մասնակցել ազգությամբ հայ, սիրիահայ, Արցախում, Ջավախքում բնակվող այն բոլոր ուսանողները, որոնց ակադեմիական միջին նիշը 100 բալային համակարգում՝ 75, 20-ի դեպքում՝ 15, 10-ի դեպքում՝ 7 և 4-ի դեպքում 3 միավոր է»։

2021 թվականից կազմակերպությունը առանձին կրթաթոշակ է սահմանել նաև 44-օրյա պատերազմի մասնակիցների, վիրավորում ստացած զինվորների համար։    

«Մեր փորձը ցույց է տալիս, որ տղաները շատ լավ սովորում են, այս տարի իրենց համար ընդհանուր միավորի մեկ միավոր պակասեցրել ենք։ Եթե սովորական ուսանողները կարող են դիմել 75 միավորով, իրենք 74 միավորով կարող են դիմել մեզ»։

Ամեն տարի վերանայվում է նաև մասնագիտությունների ցանկը։ Նախապատվությունը տրվում է աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող և բնագիտական մասնագիտություններին։

«Օրինակ՝ Տնտեսագիտական համալսարանն ամբողջությամբ, Սլավոնականը իր IT բաժնով, ԵՊՀ-ն՝ գրեթե ամբողջությամբ։ Նաև մարզերի համաչափ զարգացման համար մեծ տեղ ենք տալիս նաև մարզերի բուհերին»։

Սովորելիս  շահառուն պարտավորվում է հանրօգուտ աշխատանք կատարել՝ դրանով նաև իր ներդրումն ունենալով այս մեծ բարեգործական աշխատանքում։ Ծրագրի շահառուներից Գոհար Աբրահամյանի  համար ոչ  միայն ծրագրին դիմելը ճակատագրական դարձավ, այլև հանրօգուտ աշխատանքներին մասնակցելը։ Հենց այդտեղ էլ հանդիպեց իր երկրորդ կեսին։

«Մենք հիմնականում զբաղվում էինք հուշարձանների մաքրմամբ, ծառատունկեր էինք միասին կազմակերպում, և այդ միջոցառումներից մեկի ժամանակ ես մտերմացա իմ ապագա ամուսնու հետ։ Նա նույնպես կրթաթոշակառու էր։ Մենք ընկերություն արեցինք և ամուսնացանք։ Մեկ տարի առաջ ենք տեղափոխվել Երևան ես և ամուսինս, այս պահին ես աշխատում եմ հայ կրթականի գրասենյակում։ Ստացվում է, որ կրթականն ինձ տվել է ուսման վարձ, ամուսնուս եմ գտել կրթականի միջոցով, հիմա էլ աշխատում եմ հայ կրթականում»։

15 տարիների ընթացքում կառույցից ավելի քան 5800 ուսանող կրթաթոշակ է ստացել։ Մեծամասնությունն աշխատանք է գտել մասնագիտությամբ, նաև՝ հենց հիմնարկությունում։ Գոհար Աբրահամյանը, որը տարիներ առաջ էր դիմել ծրագրին կրթաթոշակ ստանալու համար, այսօր ինքն է համակարգում այդ աշխատանքը՝ արդեն որպես մեծ թիմի անդամ։

Back to top button