

Կապանի մշակույթի կենտրոնում մինչև մարտի 21-ը կգործի Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ուսանողների և արվեստագետների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։ Իրանական մշակույթի սիրահարները հնարավորություն ունեն ծանոթանալու այդ երկրի խեցեգործության, կաշեգործության ու ապակեգործության նմուշներին։ Ցուցահանդեսի կազմակերպիչները համոզված են, որ մշակութային համագործակցությունն է՛լ ավելի կսերտացնի հայ-իրանական կապերը։
Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ուսանողների և քաղաքի արվեստագետների պատրաստած փայտե, ապակե, կաշվե, խեցեգործական, ասեղնագործական արտադրանքի շատ նմուշներ այս օրերին ցուցադրվում են Կապանի մշակույթի կենտորնում։ Մինչև մարտի 21-ը կիրառական արվեստի սիրահարները կարող են ծանոթանալ իրանական մշակույթի այդ ճյուղին։ Ցուցահանդեսը կազմակերպել են Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսարանը, Հայաստանում Իրանի դեսպանությունը, Թավրիզի արվեստի համալսարանն ու Կապանի համայնքապետարանը միասին։


Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսի տեղակալ Թուրաջ Խոսրավի․ «Կապանում Իրանի հյուպատոս պարոն Աբեդինը հավատացած է, որ երկու երկրների միջև մշակութային կապի ամրապնդումը առիթ է տնտեսական և քաղաքական զարգացման համար։ Ուստի մշակութային բնագավառում՝ ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը կազմակերպվեց այս գեղեցիկ քաղաքում»։
Անցած տարի հոկտեմբերին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը նոր թափ է հաղորդել Հայաստան-Իրան հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններին։ Կապան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանը կարևորում է նմանօրինակ միջոցառումները, քանի որ դրանք լավ հնարավորություն են տեղի արվեստագետների և արվեստասերների համար՝ ծանոթանալու հարևան երկրի մշակույթին։


Գոռ Թադևոսյան․ «Հյուպաստոսի և Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, խորացնելու երկուստեք հարաբերությունները, կազմակերպելու ինչպես մշակութային միջոցառումներ, այնպես էլ ամրապնդելու տնտեսական կապերը։ Սկիզբ է դրվել բարձր մակարդակի փոխայցելությունների։ Կարծում եմ՝ նմանօրինակ միջոացառումներն է՛լ ավելի կամրապնդեն երկու երկրների միջև կապերը»:
Ցուցահանդեսի կազմակերպիչ Հաբիբ Դիդարն ասում է՝ չէր սպասում, որ Կապանը այսպես կընդունի իրենց մշակույթը։ Նա գտնում է, որ ցուցահանդեսի կազմակերպումը թերևս մի քիչ էլ ուշացել է։


«Որոշել եմ մյուս ծրագրերում հանդիպեն մեր ու ձեր արվեստագետները, ծանոթանան,որ նման ցուցահանդես Իրանում էլ կազմակերպվի։ Կարծում ենք մենք իրարից սովորելու շատ բաներ ունենք»։
Ցուցահանդեսին ներկայացված է թավրիզցի 35 ուսանողի և արվեստագետի աշխատանք։ Կազմակերպիչները խոստանում են՝ հաջորդ ցուցադրությանը ավելի շատ նմուշներ ներկայացնեն։