ԿարևորՏնտեսական

Սուբսիդավորումն ու հետվճարային հնարավորությունը գյուղապահովագրությունը խթանելու միջոց

Մարտի 20-ը  ծիրանի, սալորի, դեղձի ու խաղողի այգիների գարնանային ցրտահարության ռիսկից ապահովագրության վերջին օրն է, իսկ մարտի 25-ը՝ կարկտահարության: Արդեն 4 տարի կառավարությունը 50-60 տոկոսով սուբսիդավորում է գյուղատնտեսության պահովագրության վճարը: Գյուղացիներին հնարավորություն է տրվել պայմանագրային գումարը վճարել՝ միաժամանակ հշվարկելով վնասի փոխհատուցումը:

Գյուղատնտեսությունը պաշտպանված չէ հիդրոօդերևութաբանական  վտանգավոր երևույթներից՝ երաշտից, ցրտահարությունից, կարկտահարությունից ու հրդեհից: Տարերային աղետների վնասը մեղմելու նպատակով արդեն 4 տարի ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրությունը: Ապահովագրության ամենամեծ կշիռը  ծիրանի ու խաղողի այգիներն են:  Արագածոտնի մարզի Արտենի գյուղի բնակիչ Անդրանիկ Հովհաննիսյանն առաջին անգամ է ապահովագրել ծիրանի այգին.

«Մեր այգիներն ամեն տարի տուժում են ցրտահարությունից ու կարկտահարությունից: Այնպիսի տարի է եղել, որ ցրտահարությունից հետո մենք երեք տարի բերք չենք ունեցել: Կառավարությունը ոչ մի անգամ ծիրանի այգիների պահով հատուցում չի տվել, միայն հացահատիկի կարկտահարության դեպքում որոշակի չափով զիջվել է ոռոգման ջրի վարձը»:

Գյուղատնտեսության ապահովագրությամբ հողի մշակներն այլևս կախման մեջ չեն կառավարությունից. իրենք են որոշում՝ ինչն ապահովագրել և ինչ ծածկույթից օգտվել: Կառավարությունը սուբսիդավորում է ցրտահարության ապահովագրավճարի 60, կարկտահարության և հրդեհի՝ 50 տոկոսը: Ռիսկերի համակցված ապահովագրության դեպքում՝միաժամանակ նույն տարածքի համար գարնանային ցրտահարություն, կարկտահարություն և հրդեհ, կամ ցրտահարություն ու կարկտահարություն, ապահովագրավճարի վրա կիրառվում է 10 տոկոս զեղչ:

«Իմ ընդհանուր ապահովագրությունը 299 000 դրամ է, որից  պետությունը սուբսիդավորվում է 179 400 դրամը, 119 600 դրամը ես եմ վճարելու: Ընկերության հետ լրացուցիչ համաձայնել ենք մեր մասով վճարել հուլիս ամսին: Գյուղացուն հնարավորություն է տրվել վճարելու բերքը վաճառելուց հետո: Եթե դա չլիներ և հիմա՝ մարտ ամսին, պայմանագիրը կնքեր ու միաժամանակ վճարեր, ապա  գյուղացին չէր կարողանա այսքան շատ օգտվել ապահովագրական  ծառայությունից»:

Անդրանիկն արդեն մի անգամ ահազանգել է ցրտահարության վտանգի մասին. օրեր առաջ գիշերը գրանցվել էր -4 աստիճան: Ցրտահարության ու կարկտահարության ռիսկից Հակոբ Նավասարդյանը ծիրանի այգին արդեն 3-րդ անգամ է ապահովագրում: Անցած տարի այգին 20 տոկոսով ցրտահարվել էր.

«Մարտ ամսին այգին ծաղկման փուլում էր, ծառերը սկսել էին ծաղկել: Ցրտահարությունից մոտ 20 տոկոսով վնասվեցին, քանի որ լրիվ չէին ծաղկել: Ապահովագրական ընկերությունը շատ օպերատիվ արձագանքեց ու փոխհատուցեց, այսպես ասած՝  մեր կատարած ծախսերը հետ վերադարձրեց»:

Հետևելով ապահովագրական ընկերությունների աշխատանքին ու առաջարկած պայմաններին, այս տարի Արտենիում այգիների մեծ մասը ապահովագրել են.

«Մարդիկ գիտակցել են, որ առանց ապահովագրության հնարավոր չէ հաջողության հասնել, դրա համար սկսել են ապահովագրել իրենց այգիները: Կոնկրետ  ես կարող եմ ասել, որ շատ արդյունավետ է»:

Գյուղապահովագրողների թիվը այս տարի ավելացել է նաև Արմավիրի մարզի Հացիկ գյուղում: Այստեղ նույնպես օգտվում են հետվճարային տարբերակից: Սարինե Դուդակլյանը կես հեկտար ծիրանի այգին ապահահովագրել է միաժամանակ ցրտահարության, կարկտահարության ու հրդեհի ռիսկից:

«Ծիրանի ապահովագրության գումարը պարտավորագրով տալիս են օգոստոսի 1-ին. ստորագրում ենք, պարտավորվում վճարել օգոստոսի 1-ին՝ բերքի իրացումից հետո: Իսկ եթե, Աստված չանի, ցուրտ կամ կարկուտ է լինում, հաշվանց են անում և գումարի տարբերությունը վերադարձնում»:

Խաղողի, խնձորի, սալորի ու դեղձի այգիների դեպքում ապահովագրավճարի ժամկետն ավելի երկար է՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին: Արմավիրի մարզում խաղողը հիմնականում ապահովագրում են կարկտահարության ռիսկից, իսկ Արագածոտնի մարզում՝ նաև ցրտահարության: Նախալեռնային գոտում անցած գարնանը ցրտահարվել էին վազերի նոր ընձյուղված շիվերը: Զրուցակցիս Արագածավան գյուղից է, 4100 քմ խաղողի այգի ունի: Դժգոհում է վնասը գնահատողների աշխատանքից.

«Անցած տարի մեր այգին ցրտահարվեց գարնանը՝ մայիսի 22-ին: Այդ օրը զանգեցի, ասացին՝ կգանք, կնայենք, երևի թե 10  անգամ զանգել եմ: Հուլիս, թե օգոստոս ամիսներին են եկել, նայել: Իրենք առանձին կազմակերպություն են, պետք է շուտ գային: Եթե աղետից այգին վնասվում է, մենք պետք է 2 օրվա ընթացքում զանգենք, տեղեկացնենք, իսկ  դրանից հետո 4-րդ կամ 5-րդ օրվա ահազանգը չի ընդունվում: Ես նույն օրն եմ զանգել, իսկ մինչև իրենք եկել են՝ այգին արդեն կանաչել էր: Սեպտեմբեր ամսին մի անգամ էլ եկան վազից ողկույզները քաղեցին, կշռեցին ու վնասը գնահատեցին 20 տոկոս»:

Փոխհատուցումը ստացել է հոկտեմբերին՝ ապահովագրական վճարը մուծելուց հետո: Պայմանագրով սահմանվում է նաև 10 տոկոս չհատուցվող գումար: Ապահովագրում են նաև հացահատիկի, կարտոֆիլի, ձմերուկի ու  սեխի ցանքատարածքները, բալի, կեռասի ու խնձորի այգիները։ Այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է:

Back to top button