Վերնատուն

Հոգևորից մինչև ջազ․ քանոնը՝ ոչ միայն ազգային նվագարան․ «Վերնատուն»

Քանոնահար, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր մանկավարժ, կոնսերվատորիայի պրոֆեսոր Ծովինար Հովհաննիսյանի շնորհիվ քանոնի կատարողական արվեստը մեր օրերում առանձնահատուկ զարգացում է ապրում։

Ծովինար Հովհաննիսյանը որոշեց քանոնի հնարավորություններն ավելի ընդլայնել, զարգացնել՝ ներառելով այլ երաժշտական գործիքների տեխնիկական հնարավությունները քանոնի կատարողական արվեստի մեջ, օգտագործելով «բոլոր մատների տեխնիկան», որը ոչ միայն նոր երանգավորում կհաղորդեր, այլ կհարստացներ հնչողությունն ու գործիքն ավելի հետաքրքիր կդարձներ։

«Երբ Հունաստանում էի, ինձնից մեկ ժամանոց համերգ ուզեցին, ես մենակ պիտի նվագեի, առանց նվագակցողի։ Անհետաքրքիր կլինի միալար, դանդաղ ստեղծագործություն՝ մեկ ժամ։ Մտածեցի ռիթմիկ պատկերով կարելի է նվագակցել և դաշնամուրի նման ձախ ձեռքով սկսեցի ինքս ինձ նվագակցել և ստեղծվեցին հետաքրքիր կոմպոզիցիաներ, ստեղծագործություններ, մշակումներ», – պատմում է Ծովինար Հովհաննիսյանը։

Ասում է՝ յուրքանչյուր երաժիշտ իր ներդրումը պիտի ունենա նվագարանը էլ ավելի հետաքրքիր դարձնելու մեջ։ Իր ներդրումը վաղուց սաների, աշակերտների ու ուսանողների հետ է կապված։ Ծովինար Հովհաննիսյանի գրեթե բոլոր սաները միջազգային մրցույթների դափնեկիր են, համերգներով շրջագայում են աշխարհի գրեթե բոլոր երկրներում ՝ զարմացնելով և հիացնելով իրենց կատարումներով։

«Իմ մեթոդներում կարևորը երեխային անընդհատ ստեղծագործական միտք ներարկելն է, նրան մինչև վերջ բացելը։ Մեր ժամանակ մենք իրավունք չունեինք չգրված և գրված օրենքները խախտել, ես խրախուսում եմ, երբ երեխաները իրենք են մի բան առաջարկում», – ասում է Ծովինար Հովհաննիսյանը։

Այսօր Ծովինար Հովհաննիսյանի սաները քանոնով նվագում են բազմաժանր ստեղծագործություններ։ Ասում է՝ 50 տարի առաջ այսքան ծրագիր չկար, քանոնով նախկինում միայն փոխադրումներ են նվագել, իսկ այսօր ստեղծագործողների պակաս չկա և նվագում են հոգևորից մինչև ջազ։

«Այսօր քանոնի կատարողական արվեստը այնպիսի բարձունքների է հասել, որ ցանկացած երկրում սիրված է ու մեծ հետաքրքրություն է առաջացնում։ Գործիքը բարձրանում է, քանի որ այն կապված է այս սերնդի կատարողական արվեստի հետ։ Այն բոլոր տեխնիկաները, որ բերել ենք ու էլի շարունակում ենք զարգացնել, անսպառ են, ու հասկանում եմ, որ հուսալի ապագա ունի մեր ազգային նվագարանը», – ասում է Ծովինար Հովհաննիսյանը։

Back to top button