Մտքի ուժը

Ի՞նչպես է քիմիաթերապիան ազդում առաջնակի լեյկոզով հիվանդների միկրոբիոտայի վրա. հայ գիտնականների հետազոտությունը․ «Մտքի ուժը»

Ինչպե՞ս է քիմիաթերապիան փոխում լեյկեմիայով հիվանդ երեխաների աղիների միկրոբիոտան, ի՞նչ ազդեցություն ունի բուժման ընթացքում ինֆեկցիոն հնարավոր բարդությունների և ռիսկերի վրա:

Պարզվում է՝ ազդեցություն ունի ու լուրջ ազդեցություն։ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արտադրանքի վերահսկողության և մանրէաբանական լաբորատորիայի վարիչ, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի գիտաշխատող Դիանա Սողոմոնյանն է իր գիտական թիմով ուսումնասիրել է, թե աղիքային միկրոբիոտայի կազմում  ի՞նչ փոփոխություններ են նկատվում առաջին անգամ լեյկեմիա ախտորոշված երեխաների մոտ քիմիաթերապայից հետո ։ Պատմում է․    

Դիանա Սողոմոնյան

«Սկսեցինք աշխատել մեր բժիշկ արյունաբանների հետ։ Նախնական պայմանավորվածությամբ, որ առաջնակի ախտորոշված հիվանդներից վերցվում է կղանքային նմուշը, ուղարկվում է մեզ, հետո նոր սկսվում էին քիմիաթերապիան և հակաբակտերիալ թերապիաները։ Քիմիաթերապիայից հետո նորից նմուշներ էին վերցվում՝ ռեմիսիայի ընթացքում։ Նմուշներից անջատվեց ԴՆԹ, ուղարկվեց ԿՈՍՄՈՍ ԱՅ ԴԻ ընկերություն՝ սեքվենավորման համար։ Մենք ստացանք ընդհանուր մանրէաբանական պատկերը՝ ինչպիսին կարող է լինել հիվանդների մոտ։ Այնպիսի մանրէների թիվն է դառնում գերակշռող, որոնք այս պահին դուրս են մեր տեսադաշտից։  Քանի որ այն մանրէները, որոնք ընդունված են բժշկական մանրէաբանության մեջ, որոնց համար կան հարաբերականորեն որոշված չափորոշիչներ, այդ մանրէներից զատ այնտեղ կան անաերոբ մանրէներ, որոնք չեն կուլտիվացվում»։

Լեյկեմիան կամ լեյկոզը  «արյան քաղցկեղների» համախումբ է, որը սովորաբար սկսվում է ոսկրածուծից՝ հանգեցնելով արյան մեջ ոչ նորմալ ձևավորված բջիջների՝ բլաստների քանակի ավելացմանը։ Սուր լեյկեմիաները մանկական տարիքում ոչ այդքան հաճախ են հանդիպում, բայց տարեկան 30-40 առաջնակի դեպք է հայնաբերվում։ Կախված նրանից, թե լեյկեմիայի որ տեսակն է հայտնաբերվում, բուժման արդյունավետությունն ու  տեսակը  պայմանավորվում է հենց սրանցով՝ ասում է Երևանի պետական բժշկական համալսարանի արյունաբանության ամբիոնի դոցենտ, մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի բժիշկ-արյունաբան Անահիտ Զախարյանը։ Նրա խոսքով․

«Բուժման ընթացքում օգտագործվում են բավական լուրջ դեղամիջոցներ։ Դրանք ցիտոստատիստիկներն են, քիմիապրեպարատներն են։ Բոլոր դեղորայքներն էլ ամբողջությամբ ազդում են օրգանիզմի վրա։ Իհարկե՝ աղեստամքոսային տրակտը անմասն չի մնում։ Ժամանակին միշտ փափագել եմ հետազոտել աղեստամոքսային վիճակը լեյկոզով հիվանդների մոտ՝ բուժման սկզբից, ընթացքում ու վերջում։ Այն, ինչ ստացվեց հետազոտման արդյունքում, հասացանք, որ բուժման կոմպլեքսի մեջ պետք է լինեն դեղամիջոցներ, որոնք կկարողանան կարգավորել բնական միկրոբիոտան»։

Աղեստամոքսային տրակտի դերն ըստ մասնագետի շատ կարևոր է իմուն համակարգի կայացման, օրգանիզմի պաշտպանական համակարգի կայացման համար՝ ասում է մասնագետը։  Այժմ Հայաստանում հիվանդների մոտ 75 տոկոսն առողջանում է։ Սա շատ լավ ցուցանիշ է, բայց բավարար չէ։ Արյունաբանն ասում է, որ պետք է 80 կամ ավելի տոկոսի հասցնել։ Աշխարհում նման օրինակներ կան․ ԱՄՆ-ում օրինակ՝ սուր լիմֆոգլաստային լեյկոզի բուժման առողջացման արդյունավետությունը մոտ 90 տոկոս է։

Մարիետա Մելիքսեթյանն արյունաբանական կենտրոնի արտադրանքի վերահսկողության և մանրէաբանության լաբորատորիայում բժիշկ մանրէաբան է։ Ասում է, որ մանրէաբան չէր երազում դառնալ, բայց քանի որ շատ հեռանկարային ու զարգացող ուղղություն էր, որոշեց, որ պետք է փորձել։ Փորձեց ու հասկացավ  հետաքրքիր է այն, ինչ անում է, հատկապես՝ տարածաշրջանում իր տեսակով եզակի այս հետազոտությանը մասնակցելը։ Ստացված արդյունքները 2022-ի հոկտեմբերին 19-21-ին ներկայացվել են Փարիզում տեղի ունեցած ոլորտի հեղինակավոր կոնգրեսին։ Դիանա Սողոմոնյանն ընդգծում է․  

«Արդյունքները լավ արձագանք ստացան։ Արդեն տպագրել ենք թեզիս, այժմ հոդվածի վրա ենք աշխատում։ Արձագանքը հետաքրքիր էր, քանի որ մեր տարածաշրջանից այս ուղղությամբ հետազոտություններ չկան։ Ոլորտը նոր է, երկար քննարկվեց ու նաև այսպիսի մի կարծիք հնչեց, որ մենք՝ հանձինս միկրոբիոտայի գործ ունենք նոր օրգանի հետ։ Տարբեր հետազոտություններ կային, որտեղ ցույց էր տրվում, թե որքան կարևոր է միկրոբիոտան տարբեր օրգան համակարգերի աշխատանքի համար»։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի արտադրանքի վերահսկողության և մանրէաբանության լաբորատորիան երկար տարիներ զբաղվել է արյան պատրաստուկների որակի վերահսկմամբ։ Այստեղ նաև իրականացվում են հիվանդների կլինիկական նմուշների հետազոտություններ։ Լաբորատորիան ունի երկակի նշանակություն՝ ասում է լաբորիատորիայի վարիչ Դիանա Սողոմոնյանըն ու նշում, որ սարքավորումները ձեռք են բերել պետության աջակցությամբ, նաև՝ մասնավորի ու դրամաշնորհի միջոցներով, մասնավորապես Իզմիրլյան հիմնադրամի, ANSEF դրամաշնորհի միջոցներով։

Գիտությամբ զբաղվելը հեշտ չէ, բայց հետաքրքիր է՝ ասում են ու շեշտում, հատկապես որ իրենց հետազոտությունները շարունակական են լինելու։ Օգնելու են արյան խնդիրներ ունեցող հիվանդների կյանքի որակի լավացմանը։

Back to top button