ԿարևորՍպորտ

Գիտեմ ձեր պատմությունը, բայց խաղը պետք չէ քաղաքականացնել․ Պետրակով

Մարտի 25–ին Հանրապետական ստադիոնը լեփ լեցուն է լինելու։ Մեր ընտրանին սկսում է պայքարը Եվրո 2024–ի ընտրական փուլում։ Մրցելու է, ոչ ավել ոչ պակաս, Թուրքիայի հետ։ Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը՝ Ալեքսանդր Պետրակովը գիտի, որ խաղը մեր թիմի համար սկզբունքային է։ Ասում է, որ գիտի նաև Հայաաստանի պատմությունը, բայց պետք չէ հանդիպումը քաղաքականացնել։

«Առաջիկա հանդիպումը շատ կարևոր է, թեպետ ես չեմ ցանկանում այն քաղաքականացնել ու ծայրահեղությունների մեջ ընկնել։ Առաջին պլանում պետք է մնա սպորտը։ Ձեր հավաքականում փորձառու տղաներ են խաղում , որոնք լավ գիտեն իրենց պատմությունը։ Ես նույնպես լավ գիտեմ ձեր պատմությունը ու հասկանում եմ, թե ինչ կարող եք զգալ, բայց եթե միայն մտածենք դրա մասին, ապա այն կարող է բացասական անդրադառնալ խաղի վրա։ Ներողություն եմ խնդրում, բայց ինձ այս պահին միայն խաղի սպորտային մասն է հետաքրքրում»,–նշել է նա։ 

Խոսելով իր առջև դրված առաջադրանքի, նաև դրանց իրագործման հնարավորությունների մասին՝ Պետրակովը նշեց, որ ձգտելու են դուրս գալ հաջորդ փուլ․

«Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահն իմ առջև խնդիր է դրել դուրս գալ Եվրո 2024–ի եզրափակիչ փուլ։ Իսկ ինչ վերաբերվում է այն կազմին ու հնարավորություններին, որով փորձելու ենք դա անել, ես կպատասխանեմ տղաների հետ մարզում անելուց հետո, երբ թիմին ծանոթանամ ներսից և իմանամ նաև ֆուտբոլիստների անձնական որակները։ Պետք է նշեմ, որ ես մեծ ընտրություն չունեմ հատկապես պաշտպանությունում և դարպասապահի գծում։ Դրանք մեր ցավոտ  խնդիրներն են, բայց ունենք այն ինչ ունենք։ Կփորձենք ելք գտնել իրավիճակից։ Նաև շատ կարևոր է, որ առաջին խաղերում բախտի գործոնը մեր կողմը լինի»։

Պատասխանելով Մխիթարյանին հավաքական հրավիրելու հարցին՝ Պետրակովը նշեց, որ փորձել է նույնիսկ անձամբ կապ հաստատել Հայաստանի հավաքականի նախկին ավագի հետ ու հրավիրել հավաքական, բայց Մխիթարյանը չի ցանկացել խոսել մարզչի հետ  ու նշել է, որ նա ավարտել է իր ելույթները ազգային թիմում և չի ցանկանում փոխել իր որոշումը։

Պետրակովը նաև ներկայացրել է Հայասատնի հավաքականի ընդլայնված կազմը, որում քիչ չեն նորեկները։ Նրանցից երկուսը՝ ռուսական «Լոկոմտիվ»–ի պաշտպան Նաիր Տիկնիզյանը և գերմանական Բավարիայի 2–րդ թիմի հարձակվող Հրանտ–Լեոն Ռամոսը կարող են նոր շունչ հաղորդել մեր ազգային թիմին, նկատելի ուժեղացնել մեր կազմը։

Back to top button