Մոռացված ֆիլմերի ստվերները

Հայֆիլմում՝ անտեսված, Մոսֆիլմում՝ ճանաչված. Մարտիրոս Փանոսյանի ֆիլմերը. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Փոխվում են ժամանակները, չեն փոխվում մարդկային պատմություններն ու զգացմունքները։ Կինոռեժիսոր Մարտիրոս Փանոսյանն իր ֆիլմերում փորձեց այլ դիտանկյունից ներկայացնել մարդուն, նրա ապրած կյանքն ու զգացողությունները։ Նրա ֆիլմերի շեշտադրումները բնավ էլ մանրուքներ չեն, դրանք կինոմիջավայր կառուցող կարևոր տարրեր են, որ վաղուց արդեն վերացել ու մոռացվել են մեր կինոյում։

Խորհրդային տարիներին ստեղծված հայկական կինոն կարծես վաղուց արդեն կազմված, էջադրված ու փակված մի հատոր է, որում շրջանառվում են նույն մարդկանց անուններն ու լավագույն ֆիլմեր համարվող կեսդարյա արտադրանքը։ Մինչդեռ այդ հատորից շատ անարդարացիորեն դուրս են մնացել հաջողված, բայց անհասկանալիորեն անտեսված ռեժիսորներ և ֆիլմեր, որոնք տարիներ շարունակ սպասում են իրենց ճանաչմանը։

Այդ անուններից մեկն էլ կինոռեժիսոր, սցենարիստ Մարտիրոս Փանոսյանն է։ «Հայֆիլմում» ծավալած նրա գործունեությունը գրեթե անծանոթ է հայ հանդիսատեսին։ Բարեբախտաբար, նույնը չէ «Մոսֆիլմի» հետ համագործակցության պարագայում։

Կինոռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի հրավերով Հայֆիլմից Մոսֆիլմ տեղափոխված Փանոսյանի ֆիլմերն այսօր հաճախ ցուցադրվում են ռուսական հեռուստաալիքներով և արձագանք գտնում մամուլում։ Իսկ «Հայֆիլմում» նկարահանած նրա ֆիլմերը ննջում են ազգային կինոարխիվի փոշոտ դարակներում։ Այդ ֆիլմերից մի քանիսի էկրանային ճակատագրի մասին մոսկվայաբնակ Մարտիրոս Փանոսյանը մեր զրույցի ընթացքում ափսոսանքով նշում է, որ հայկական կինոյում իր ներդրման մասին գիտեն հատուկենտ մարդիկ միայն։

Մարտիրոս Փանոսյան

«Ֆիլմի նկարաահնումից անմիջապես հետո «Մոսֆիլմում» աշխատելու հրավեր ստացա Սերգեյ Բոնդարչուկի կողմից: Ընդունեցի այն և մեկնեցի Հայաստանից: Երևի իմ հեռանալը «Հայֆիլմ» -ում համարվեց դավաճանություն և դա էլ նպաստեց կինոնկարի անտեսմանը»,- կարծում է Մարտիրոս Փանոսյանը:

Մարտիրս Փանոսյանի դիպլոմային աշխատանքը ՝«Նվագախումբն անցավ մեր փողոցով» 10 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմն է, որը ունեցավ աննախադեպ հաջողություն: ՎԳԻԿ-ում ուսումն ավարտելուց հետո Փանոսյանը վերադառնում է Հայֆիլմ և շուրջ տասը տարի սպասում նկարահանման առաջարկի։ Պարտադրված պարապուրդը խախտվում է ռուս արձակագիր Վալերի Զոլոտուխայի հոգեբանական՝ «Թամարա» պատմվածքով։ Այն ընթերցելուց հետո Փանոսյանն իր մտերիմ ընկերոջը՝ Վալերի Զոլոտուխային առաջարկում է պատմվածքը վերածել կինոսցենարի.

«Վալերի Զոլոտուխայի հետ մտերիմ ընկերներ էինք: Այս կինոսցենարով ֆիլմ նկարահանել ցանկացողները շատ էին: Զոլոտուխան խոստացավ ինձ, որ սցենարական աշխատանքներն ավարտելուն պես այն կփոխանցի ինձ և ես կիրականացնեմ նակարահանման աշխատանքները»,-պատմում է Մարտիրոս Փանոսյանը:

Առաջին սիրո հուզիչ պահերի, անդավաճան ընկերության, արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու մասին պատմող «Ծովափնյա արձակուրդ» մելոդրաման մեծ հաջողություն ունեցավ հեռուստադիտողների շրջանում։ Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով նկարահանված ֆիմը հետագայում ներառվեց ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդում։

Առաջին լիամետրաժ ֆիլմի հաջողությունից ոգևորված ռեժիսորը նախաձեռնում է հաջորդ՝ «Քառյակ» ֆիլմի նկարահանումները։ Այս կինոնկարը հայկական այն եզակի ֆիլմն է, որը նվիրված է երաժշտությանն ու երաժիշտների հոգեբանական խնդիրներին։ 

«Ֆիլմի հիմքում լարային քառյակի երաժիշտներն են` իրենց մտորումներով, ստեղծագործական,  անձնական խնդիրներով, միմյանց հետ հակասական ու բարդ հարաբերություններով։ Չնայած  հաջողությունն ուղեկցում էր քառյակի երաժիշտներին իրենց համերգային գործունեության ընթացքում, նրանցից յուրաքանչյուրը մտավախություն ուներ, որ կորցնում է անհատականությունը»,- նշում է Մարտիրոս Փանոսյանը:

1988 թվականի փետրվարի 5-ին տեղի ունեցավ «Քառյակ» ֆիլմի պրեմիերան։ Հայկ Կիրակոսյանը պատմում է, որ ցուցադրությունից առաջ, խոսքով հանդես եկավ Սոս Սարգսյանը, որը նույնպես ֆիլմում նկարահանվել էր։ Պրեմիերայից հետո կինոնկարը մի քանի անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ և մոռացվեց։ Ֆիլմի օպերատոր Հայկ Կիրակոսյանը կարծում է, որ այն նման ճակատագրի արժանացավ, որովհետև խորհուրդների երկրում ֆիլմը հանրահռչակող կառույցը հստակ չէր գործում։

Հայկ Կիրակոսյան

«Ֆիլմը Մոսկվայի կենտրոնական հեռուստատեսության պատվերով էր նկարահանել, ինչը նշանակում էր, որ այն էկրան պիտի բարձրանար որպես հեռուստատեսային ֆիլմ: Կինոթատրոններում ցուցադրվելու իրավունք չուներ: Դա խորհրդային երկրի իրողություններից էր: Բայց հիմա ոչ ոք չի խանգարում, որ ֆիլմը հաճախակի ցուցադրվի հեռուստատեսությամբ, կամ ինչու ոչ՝ նաև կինոթատրոններում»,- նշում է Հայկ Կիրակոսյանը:

Անցյալ դարի 80-ականների երկրորդ կեսին նկարահանված «Քառյակ» ֆիլմը, հասցրեց մի քանի անգամ ցուցադրվել հեռուստատեսությամբ ու անտեսվեց։ Այս ֆիլմի անտեսմամբ մեր կինոարվեստում անտեսվեց նաև կինոռեժիսոր Մարտիրոս Փանոսյանի անունը։

Հայֆիլմում անվերջ նկարահանման իր հերթին սպասող ռեժիսորն այդ վիճակից ձանձրացած, ի վերջո որոշում է տեղափոխվել և իր գործունեությունը շարունակել Մոսֆիլմում։ Տեղափոխվելուց երկու տարի անց՝ 1989-ին էկրան է բարձրանում Մարտիրոս Փանոսյանի՝ «Այծացուլի համաստեղություն» բազմասերիանոց կինոնկարը, որը ռուսական միջավայրում մեծ ճանաչում է բերում ռեժիսորին։ Սակայն այդ հաջողությունն ու ճանաչումն էլ չեն նպաստում, որ Հայֆիլմում նկարահանած նրա ֆիլմերը ցուցադրվեն հայկական հեռուստատեսությամբ։

Back to top button