Երաժշտական եռանկյունի

«ԿԱՅԹ» նվագախմբի նոր՝ «ՆՈՒԱԳ» ալբոմը․ «Երաժշտական եռանկյունի»

Մեր հաղորդաշարի մշտական ուշադրության կենտրոնում է ազգային, ազգագրական երաժշտական մշակույթը։ Ե՛վ պետական, և՛ հատկապես ազատ դաշտում գործող անհատներն ու կոլեկտիվները մեծ գործ են անում հետևելով իրենց առաքելությանը – պահպանել, հնչեցնել, սերունդներին փոխանցել ավանդական ժառանգությունը։

Այստեղ կան տարբեր մոտեցումներ՝ բնագրին անվեհապահորեն հավատարիմ մնալու սկզբունքին հետևողներից մինչև ազատ ստեղծագործական միջամտությամբ ներկայացնելու կողմնակիցները։

«ԿԱՅԹ մշակութային հանգույցը» ստեղծվել է Կորյուն Դավթյանի նախաձեռնությամբ, և կազմակերպության ծրագրերի ղեկավար Մարիամ Կիրակոսյանի հետ նրանք հետևյալ կերպ են մեկնաբանում իրենց մոտեցումներն ու սկզբունքները․

«Մեզ համար կարևոր է պահպանել ցանկացած նյութի՝ երգի, պարեղանակի սկզբնական ձևը, մեր ստեղծագործական միջամտությունը սահմանափակվում է նվագարանների ընտրությամբ և կատարողական արվեստի բարձր մակարդակով»- ասում է կազմակերպության տնօրեն Կորյուն Դավոյանը։ Նրան լրացնելու է գալիս ծրագրերի ղեկավարը․

«Մեր բոլոր ալբոմների երգացանկն ու նվագացանկը լուրջ ուսումնասիրությունների, գիտական ճշգրտումների և մանրակրկիտ ընտրության արդյունք է»։

«ԿԱՅԹ»-ն իր առաքելությունը չի սահմանափակում դրանով։ Բացի այն, որ բոլոր ձայնագրությունները հասանելի են համացանցում, նրանք լուրջ աշխատանք են տանում իրենց երաժշտությունը հանրահռչակելու ուղղությամբ, օգտագործելով բոլոր միջոցները՝ մեդիա հարթակներից մինչև կենդանի համերգները մայրաքաղաքում և մարզերում։ Ազգային երաժշտական ժառանգությունը ազգի սեփականությունն է, և «Կայթի» շուրջ համախմբված մասնագետների համայնքը իր առաքելությունը տեսնում է հասարակությանը այդ հարստությանը հաղորդակից և մասնակից դարձնելու մեջ։ Նրանք նախաձեռնում են ազգային և եկեղեցական զանգվածային տոնակատարություններ՝ երգերի և պարերի կատարումներին ներգրավելով և՛ մատաղ սերնդի ներկայացուցիչներին, և՛ նրանց ծնողներին , համարելով, որ ազգային երգ ու պարը ստեղծվել և զարգացել են հենց այդ իրադարձությունների համատեքստում, և վերադարձնելով ազգային ծեսը, լինի հարսանիք, կնունք, կամ տաղավար տոն իր բնականոն ձևին՝ մենք վերականգնում ենք ընդհատված ժամանակի կապը, հաճախ լրացելով տարրական գիտելիքի բացերը։

Հատուկ ուշադրություն է պահանջում կազմակերպության կրթական ծրագիրը։ Նվագախմբի «ՆՈՒԱԳ» ալբոմը առաջին հերթին ստեղծվել է այդ նպատակով, այն ներառում է ավանդական պարեղանակներ, որոնք կարող են հնչել ամենուր՝ նախակրթարանների և դպրոցական միջոցառումներից մինչև զանգվածային մեծ տոնախմբություններ, հարսանիքներ և այլ առիթներ։

Խոսելով հասարակության ընդհանուր ճաշակի դրսևորումների, գիտելիքի պակասի և օտարամուտ ազդեցությունների մասին՝ հաղորդման հյուրերը նշեցին, որ պետության ջանքերը, ըստ էության, բավարար չեն, որպեսզի սերունդները ձևավորվեն և մեծանան ազգային ավանդական մշակույթի նշանաբանի ներքո, այստեղ կարևոր է հասարակական գիտակցված և մասնագիտական լուրջ պահանջ, «պատվեր» ձևավորել, ինչին նաև կոչված է «ԿԱՅԹ» հանգույցը իր տեսլականներով, հայեցակարգով և գաղափարախոսությամբ։

Հաղորդման ընթացքում, հանրային ռադիոյի եթերում առաջին անգամ հնչում են «ԿԱՅԹ» նվագախմբի նոր՝ «ՆՈՒԱԳ» ալբոմի պարեղանակները։

Back to top button