

Երիտասարդ բանաստեղծուհի Մարիաննա Շահպարոնյանի ընտանիքը 90-ականներին տեղափոխվեց ՌԴ։ Այդ ժամանակ նա երկու տարեկան էր։ 2010-թվականին Մարիաննան վերադարձավ հայրենիք։
Նրա «Դեպի Հայաստան» բանաստեղծությունների ժողովածուն հայրենիքի հանդեպ ունեցած սիրո դրսևորումն է, սեր, որը, ինչպես ինքն է ասում, պահպանվել է ընտանիքի անդամների շնորհիվ։
Ժողովածուում 20 բանաստեղծություն է, որոնք գրվել են 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո։
Համայնքային կյանքին ակտիվ մասնակցություն ունեցող երիտասարդ հայուհին նշում է, որ ռուսական միջավայրում ընտանիքն է, որ նրան չի կտրել սեփական արմատներից:
«Հիշում եմ, որ անգամ ամանորին հայրս գավաթը բարձրացնում էր ոչ թե ռուսական ժամանակով կեսգիշերին, այլ հայկական»,- պատմում է նա:
Մարիաննան մարկետինգի և հասարակության հետ կապերի մասնագետ է: Բանաստեղծություններ սկսել է գրել փոքրուց՝ թղթին հանձնելով սեփական հույզերն ու ապրումները:
«Բանաստեղծությունները, որոնք այս ժողովածուում են, գրվել են վերջին պատերազմից ընթացքում և ուղղված են աշխարհասփյուռ հայությանը»,- ասում է:
Նրա գործերից երկուսը թարգմանվե են տարբեր լեզուներով՝ հասանելի դառնալով ոչ հայախոսներին:
Մարիաննա Շահպարոնյանի գրքի շնորհանդեսը մարտի 20-ին է, որից հետո երիտասարդ բանաստեղծուհին նախատեսում է այցելել տարբեր համայնքներ։