ԿարևորՔաղաքական

Նոր իրավիճակում Բաքուն պետք է կողմնորոշվի, թե որ դաշտում է խաղում` արևմտյա՞ն, թե՞ արևելյան․ փորձագետ

Հայկական կողմը պետք է ճիշտ գնահատի և վերլուծի իրավիճակը` առաջին աշխարհամարտում գործած սխալները չկրկնելու համար՝ ասում է Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը` «Ռադիոլուր»-ի հետ զրույցում վերլուծելով Իրան-ԱՄՆ լարված և Իրան-Սաուդյան Արաբիա ընդհատված հարաբերությունների կարգավորման գործընթացները։ 

Ըստ փորձագետի` նոր աշխարհակարգում հայկական կողմն ավելի շատ շահեր ունի արևելյան բլոկի հետ` Ռուսաստան, Իրան, Հնդկաստան, Չինաստան։ Նոր ձևավորվող բլոկի երկրները փորձում են խաղի մեջ ներքաշել նաև Թուրքիային` համոզելով, որ այն առավել շատ արևելյան դերակատար է։

Հարութ Արթին Առաքելյանն աննախադեպ իրադարձություն է որակում Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև 2016 թվականից խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը։ Կողմերին մտերմացնելու միջնորդական առաքելությամբ հանդես է եկել Չինաստանը։ Իրանի և Սաուդյան Արաբիայի մարտի 10-ի հայտարարությանը նախորդել են քառօրյա գաղտնի բանակցություններ, որոնց  նախաձեռնողը չինական կողմն էր։ Իրանի Իսլամական Հանրապետությունն ու Սաուդյան Արաբիայի թագավորությունը պայմանավորվել են երկու ամսվա ընթացքում վերականգնել դիվանագիտական հարաբերությունները։

Ըստ փորձագետի` Միջին Արևելքի երկրների համար կարևորագույն այս իրադարձությունը մեծ անհանգստություն է առաջացրել ԱՄՆ-ում։ «Տարածաշրջանից ԱՄՆ-ի հեռանալը առաջացնում է վակուում, որը փորձում է լրացնել Չինաստանը։ ԱՄՆ–ն փորձում է ձախողել չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը` չինական հսկայական տրանսպորտային միջանցքային տարածքներում ստեղծելով անկայուն իրավիճակ և տնտեսական ներդրումների համար ոչ շահեկան միջավայր։ Հավակնելով գլոբալ քաղաքական և տնտեսական լանդշաֆտի փոփոխության ծրագրին` Չինաստանը փորձում է ակտիվ դիվանագիտությամբ բացը լրացնել և տարածաշրջանում խաղաղության հիմք դառնալ։ Սրան բավականին սուր է արձագանքում ԱՄՆ–ն. Վաշինգտոնը հասկանում է, որ Չինաստան-Իրան-Սաուդյան Արաբիա եռյակի պայմանավորվածությունների հետևում կանգնած է Ռուսաստանը։ ԱՄՆ–ն որպես Իրանի դեմ հակազդման գործիք է օգտագործում Բաքվի հնարավորությունները, ինչին ի պատասխան Թեհրանը զորավարժությունների և նաև սաստող թռիչքների միջոցով փորձում է զսպել Բաքվի ախորժակը։ Նոր իրավիճակում Բաքուն պետք է կողմնորոշվի, թե որ դաշտում է խաղում` արևմտյա՞ն, թե արևելյա՞ն»,- ասում է իրանագետը։  

Back to top button