Վերնատուն

Զարգացող պահանջներին համընթաց․ Պատմության թանգարանն արդիականացվում է․ «Վերնատուն»

Հայաստանի Պատմության թանգարանն արդեն երկու տարի արդիականացման փուլում է․ անցկացվում են նոր ջերմա–խոնավային և օդափոխության համակարգեր։ Թարգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասում է, որ սա ժառանգության պահպանման համար կարևոր ենթակառուցվածք է և աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։ Թանգարանում այսօր շուրջ 400 հազար հավաքածու է պահվում։

«Հայաստանի պատմության թանգարանը փորձում է համընթաց գնալ զարգացող գիտա–կրթական պահանջներին։ Դրա հիմքը այն հավաքածուն է, որ 100 տարիներից ավելի հավաքվել և պահպանվում է թանգարանում», – ասում է Դավիթ Պողոսյանը։

Փորձում են ցուցադրված նմուշները կապել արդի ժամանակների հետ, արվում են ցուցանմուշի կրկնօրինակներ, որոնք հնարավոր է շոշափել, որոշ դեպքերում հետևել նմուշի ստեղծման գործընթացին։ Այսօր սա կիրառվում է ժամանակավոր կամ մշտական ցուցադրության հարթակներում։ Խոսելով այն մասին, թե ինչպես է ներկայացված հայ ժողովրդի պետականության պատմական գիծը, Դավիթ Պողոսյանը շեշտում է, որ պետության գաղափարը հիմնաքարային նշանակություն ունի թանգարանի համար․

«Պետականությանն անդրադառնալը կարևոր և հիմնաքարային է։ Եվ դա ներկայացված է ցուցադրական համալիրների ընտրույթում։ Հիմա մենք աշխատում ենք մշտական ցուցադրության՝ Բրոնզե դարին նվիրված հատվածի վրա և այնտեղ շատ են այն հետաքրքիր խորհրդանիշները, որոնք իշխանություն են պատկերում, նույնիսկ միջազգային նշանակության եզակի առարկաներ ունենք այդ նյութերը ժամանակավոր ցուցադրելու համար, մեզ դիմում են խոշոր թանգարաններից»։

Հայաստանի պատմության թանգարանը միջազգային ցուցադրություններ կազմակերպելու շատ կարևոր փորձ ունի։ Խոսելով անցյալ տարի Նիդերլանդներում հաջողություն ունեցած ցուցադրության մասին՝ Դավիթ Պողոսյանը նշում է, որ առաջիկայում ևս միջազգային ցուցահանդեսների ծրագրեր ունեն, որոնք նույնպես համագործակցային են․

«Նախատեսվում է համագործակցություն Բրիտանական թանգարանի հետ, որը բացահայտելու է Աքեմենյան շրջանից մինչև Հելլենիստական շրջանի բարձրաշխարհիկ խավին վերաբերվող հավաքածուները, այնտեղ կներկայացվեն նաև Հայաստանից տարված որոշ ցուցանմուշներ»։ Դավիթ Պողոսյանն ասում է որ աշխարհի շատ թանգարաններում ունենք հավաքածուներ, որոնք լավ ուսումնասիրված չեն, և չկան դրանց հետազոտողները։ Ասում է՝ հիմա վիճակը շատ ավելի լավ է, քան 10 տարի առաջ, երբ մի շարք խոշոր թանգարաններում Հայաստանը բացակայում էր։

«Այսօր որոշակի տեղաշարժեր կան՝ շնորհիվ ցուցահանդեսների, մասնագիտական շփումների ու համագործակցությունների, նաև՝ Հայաստանը ներկայացնելու քաղաքականությունը զարգացնելու, չնայած դեռ անելիքներ կան։ Եթե մենք մեր ռեսուրսներով կարողանանք լավ ցուցահանդեսներ անել, ցույց տալ փաստերը, հրատարակել դրանք, տարածել, սա մեր երկրի ճանաչելիությունը բարձրացնելու համար կարևոր քայլեր կլինեն»։

Պատմության թանգարանի տնօրենը կարծում է, որ թանգարանի համար լավագույնը կլիներ նոր վերականգնողական ու պահպանման կենտրոն ունենալը։

«Հեշտ չէ սահմանափակ տարածքում պահպանել շուրջ 400 հազար տարբեր չափերի ու տարբեր պահպանության կարիք ունեցող նյութեր։ Այսօր արդի թանգարանները հնարավորինս կատարելագործում են պահպանական և վերականգնողական տեխնոլոգիաները, մի բան, որ մեզ համար կարևոր է, այդ կենտրոնը կարող է ունենալ նաև ցուցադրական հատվածներ, քանի որ դեմոկրատացվող մշակութային քաղաքականության արդյունքում հաճախ նույնիսկ կուլիսներում կատարվողն է այսօր հանրությանը հետաքրքրում։ Եվ շատ ռեսուրսներ ունեցող թանգարաններ նույնիսկ այդ կուլիսներն են ցուցադրական ձևով կազմակերպում։ Որպես տնօրեն իմ երազանքներից մեկն էլ դա է․ ունենալ հատուկ կոնսերվացիոն կենտրոն» ։

Back to top button