Կյանքին ասել այո՛

Փորձում էի մի կյանք ևս փրկել, որ այդ մի լույսն էլ չմարի․ Նարեկ Գրիգորյան․ «Կյանքին ասել այո՛»

Նարեկ Գրիգորյանը ծնվել է 1996 թվականի օգոստոսի 10-ին Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղում։ Զորակոչվել է 2015-ին, ծառայել Արցախի «Եղնիկներ» զորամասում, որտեղ էլ մասնակցել է 2016-ի քառօրյա պատերազմին։

Զորացրվելուց հետո 2018-ին ընդունվել է Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ, 2019-ին ընդունվել է նաև ԵՊՀ Ֆարմացիայի ինստիտուտի «Դեղագործական քիմիա» հեռակա բաժին ու համատեղել ուսումը երկու բուհում։ 2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցել է «Սարդարապատ» կամավորական գնդի կազմում։ Սկզբնական շրջանում հրաձիգ էր, սակայն իրավիճակը պարտադրեց ստանձնել բուժակի պարտականությունները։

«Հնարավորինս փորձում էի ամեն կերպ օգնել, մի կյանք ևս փրկել, որպեսզի այդ մի լույսն էլ չմարեր»,-ասում է Նարեկը։ Պատերազմից հետո ծանր հիշողությունների դեմ փորձում էր պայքարել զբաղվածությամբ՝ աշխատանք, ուսում, ընկերներ․․․ Այժմ մագիստրոսական կրթությունն է շարունակում ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային կառավարում» բաժնում։ Իր մասնագիտական ապագան պատկերացնում է հենց երկրի կառավարման համակարգում։

Back to top button