ՀարցուԳԻՏԱփորձ

Սա տղամարդկա՞նց աշխարհ է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»

«Ես դեմ չեմ, որ դուք իմ առաջ դուռը բացեք, բայց եթե ես պետք է ձեզ դրա համար իմ իրավունքից, իմ ազատությունից տամ՝ չէ, ես ինքս կբացեմ այդ դուռը»։

Հոմո Սափիենսը` բանական մարդը, հաղթեց բոլորին ու դարձավ աշխարհի տերը։
Հոմո Սափիենսի արու տեսակը դեռ չի հաղթել էգին։
Բայց շատ կուզեր։

«Եթե արու Հոմո Սափիենսը բազմացման, մեկ-երկու հարցեր ինքնուրույն լուծելու հնարավորություն ունենար, ամենայն հավանականությամբ էգ Հոմո Սափիենսը որպես տեսակ ևս կվերանար մոլորակի վրայից»։

Բարև։ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ն այսօր պարզելու է՝ սա տղամարդկա՞նց աշխարհ է։

***

Երկու և ավելի մարդ չեն հանդուրժում տիրոջ բացակայությունը։ Սոցիալականությունը իշխող ու ենթարկվող է պարտադրում։ Տիեզերական անծայրության մեջ փոշեհատիկ Երկիր մոլորակում, մոլորակի գիգանտության մեջ փոշեհատիկ մարդը կարծել է, որ իր նմանին տեր է պետք։ Համամարդկային մի ֆլեշմոբով մենք որոշել ենք, որ այդ տերը տղամարդն է։

Հայրիշխանության միակ այլընտրանքը մայրիշխանությու՞նն է, արդյո՞ք հայրերը երջանիկ են հայրիշխանության օրերում, հայրիշխանությունը դոկտորի՞ն է, բնավորությու՞ն, թե՞ պատմական հիշողություն։ Սա տղամարդկա՞նց աշխարհ է․ «ՀարցուԳԻՏԱփորձ»-ի հարցն այսօր սա է։

«Երբ լայն ենք նայում՝ ինչ ունենք տիեզերքում, մենք ունենք տարբեր ուժերի փոխհարաբերություն, փոխազդեցություն, փոխլրացում, բայց չունենք իրավիճակ, որում պետք է ընտրել՝ ե՞ս հաղթեմ, թե՞ ինքը հաղթի, ես ծառա՞ եմ, ես հպատա՞կ եմ»։

Փիլիսոփա Արման Ղարագուլյանը հիշեցնում է՝ մեր մեծ տանը` տիեզերքում, որ բարձր է ու անծայրածիր, ցանկացած բան լրացում է, ոչ թե կցորդ։ Այստեղ ամեն ինչ փոխադարձության վրա է հիմնված։ Բայց մարդն իր փոքր տանը սեփական օրենքներ է սահմանել։ Եվ այդ օրենքները մերժում են իշխանության բացակայությունը․

«Եթե նայենք՝ հայրիշխանության պատմական արմատները որտեղից են գալիս, ապա դա եղավ այսպես․ գենետիկորեն տղամարդը ավելի ուժեղ էր, ավելի արագ էր, ավելի ագրեսիվ, և եթե կինը հանդուրժող էր, ներող և այլն։ Ավելի ագրեսիվի հետ դժվար է»։

Հոմո Սափիենսը Նեանդերթալցուց ուժեղ չէր։ Բայց կարողացավ հաղթել նրան։ Հետո նա որոշեց, որ իր ներսում ևս իշխող ու հպատակ է պետք։ Մենք կանգ ենք առել էվոլուցիայի այս փուլում և դեռ հեռու ենք տիեզերական փոխլրացումների տրամաբանությունից։

-Տղամարդիկ որոշել են, որ իրենք են կառավարելու,- ասում է Արման Ղարագուլյանը։
-Իսկ ինչու՞ կանայք նման որոշում չեն կայացրել։
-Բնականից կանացի սեռն ավելի ենթարկվող, ավելի հարմարվող, ավելի ճկվող է և դա նպաստեց նրան, որ ինչ-որ առումով կինը հարմարվեց այդ կարգավիճակի հետ։ Կնոջ համար դա ավելի տանելի էր, ընդունելի էր, քան եթե նույնը տեղի ունենար տղամարդու հետ։

Իսրայելցի պատմաբան, «Sapiens. Մարդկության համառոտ պատմություն» գրքի հեղինակ Յուվալ Նոյ Հարարիի առաջ քաշած վարկածով՝ արու Հոմո Սափիենսը կվերացներ էգին, եթե նրան հետ չպահեր սերունդ տալու անհնարինության մասին միտքը։ Սա, ի դեպ, բնավ ուտոպիստական գաղափար չէ․

«Մենք ունենք միջնադար, երբ կանանց սպանդ է գնացել։ Կանանց դիտարկել են որպես կախարդներ, որպես վհուկներ, որովհետև գտել են, որ կանաց հոգին խառն է՝ սկսած աստվածաշնչյան պատմություններից, Եվայից․  այ եթե վերացնենք Եվայի ցեղը՝ ամեն ինչ իր տեղը կընկնի։ Բայց հասկանանք, որ դա ընդամենը տեսակետ է տվյալ պահին ուժեղի աչքերով իր դիրքը, իր ցանակությունները, իր նպատակները արդարացնելու համար»։

Ստացվում է, որ տղամարդը գիտակցել է՝ առանց կնոջ հնարավոր չէ ապահովել ամենակարևորը՝ շարունակությունը։ Սակայն ընդհանուր որոշում է կայացվել, որ կնոջից ծնված տղամարդը ավելի կարևոր է, քան նույն այդ կինը։ Ինչու՞ այդպես ստացվեց․

«Ինչ-որ յուրահատուկ գործարք կատարվեց տղամարդու և կնոջ միջև։ Երբ խոսում ենք ժամանակակից տղամարդ-կին փոխհարաբերությունների մասին և երբ կնոջ աչքերով ենք նայում, կինը բողոքում է, որ իրեն չեն ընդունում այնպիսին, ինչպիսին կա․ ինքը երկրորդական է, օժանդակ։ Բայց կա հարցի երկրորդ կողմը ևս․ այդ նույնը կինը հոժարակամորեն ընդունում է տղամարդկային այն ֆանտազիան, համաձայն որի ինքը համարյա թե աստվածուհի է, դիցուհի է, տղամարդու ոգեշնչման առարկա է։ Եվ կինը դա ընդունում է, չնայած նրան, որ դա ևս ինքը չի։ Այ գործարքի խորամանկությունը, այստեղ է, որ կինը ստանում է ինչ-որ բան, որ կարծում է, թե շատ կարևոր է, մինչդեռ ի սկզբանե կա որոշակի ոչ անկեղծություն»,- ասում է Ղարագուլյանը։

Այսպիսով՝ սերն այն գինն է, որը տղամարդը վճարում է կնոջն իշխելու համար։ Խիստ ընդվզում առաջացնելու պոտենցիալով այս միտքը սակայն դրսևորվում է մեր ամենօրյա կյանքում։ Եվ կարծես ժամանակակից մարդը հիմնականում առարկություններ չունի․

-Երբ նոր էի նշանվել, կնոջս ամենահաճախը տրվող հարցն այն էր, թե՝ ինքը քեզ բան չի՞ արգելում։ Որովհետև երկու կողմից ընդունված խաղի կանոնները ենթադրում են, որ եթե դու նշանվել ես, պիտի արգելվի՝ էս ընկերուհուդ հետ չշփվես, էս ժամին տանը կլինես, նրան չզանգես, նրա տուն չգնաս, էս շորը չհագնես։
-Ու եթե չի արգելում․․․
-Եթե չի արգելում՝ ինչ-որ պրոբլեմ կա։
-Չի սիրում երևի։
-Հա, կարո՞ղ է՝ անտարբեր է։ Կան ռեալ պատմություններ․ 30 տարեկան շատ հաջողակ կին, գործարար կյանքով, ծրագրեր և այլն և այլն։ Օրերից մի օր «բախտը բացվում» է։ Եվ բախտը բացվում է հանձինս ոմն երիտասարդի, որն ասում է՝ դե էս ընկերուհուդ հետ չշփվես, էս չանես, էն չանես։ Եվ ինքը ընդունում է ։

«Ինչ-որ հետաքրքիր իլյուստրացիաներով, գունավոր փաթեթավորմամբ, մատուցման ընկերական ձևով ես ներկայցնում եմ երբեմն ամենացավոտ, ամենադաժան, ամենադժվար մարսելի թեմաները»։

Զառա Ղազարյանը որոշել է, որ այնտեղ, ուր մարդիկ ամենաշատն են լինում՝ սոցհարթակներում, խոսելու է այն թեմաներից, որոնցից մարդիկ ամենաշատն են խուսափում։

«Ֆեմինիզմը ինչ-որ մեկի դերը փոքրացնելու միտք չունի։ Զուտ հավասարության մասին է, այն դեմ է և՛ մատրիարխատին, և՛ պատրիարխատին, որովհետև ուժի, սեռի իշխանությունը միշտ բացասական է՝ դա կլինի մայրիշխանությու՞ն, թե՞ հայրիշխանություն։»

Կնոջը սրբացնելը նրան ստրկացնելու պես մի բան է։ Զառան կնոջը որպես աստվածուհի, ոգեշնչում, անհասանելի բարձունք համարելը մարդու «ապրանքայնացման» չափ վտանգավոր է համարում։ Քանի որ աստվածուհին հո չի՞ կարող մարդկային կյանքով ապրել, ասենք՝ աշխատել, զարգանալ, ինքնաիրացվել․

«Չէ, թողեք մենք լինենք սովորական մահկանացու և սպառենք մեր կենսական մինիմալ իրավունքները, գոնե։ Մենք այնպիսի գործիչ կանայք ենք ունեցել պատմության մեջ, ու այնպիսի շրջաններում, որ աշխարհում դեռևս ընտրելու իրավունքի համար, մինիմալ կենսական իրավունքների համար մարդիկ պայքարում էին։ Առաջին կին դեսպանը աշխարհում, դա ֆանտաստիկ բան է, Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանում 3 կին պատգամավորներ են եղել, թվականները նայենք մի հատ։ Մենք ֆանտաստիկ մասնագետ կանայք ենք ունեցել, և հիմա էլ ունենք»,- ասում է Զառա Ղազարյանը։

Պատկերացրեք՝ գնում եք խանութ՝ կին գնելու։ Այսպիսի ժամանակներ եղել են։ Պատկերացրեք՝ այն մարդը, ով վնասել է տղամարդու աչքը, ավելի մեծ պատիժ է կրում, քան այն մարդը, ով սպանել է կնոջը։ Այսպիսի ժամանակներ ևս եղել են։ Հիմա ամեն ինչ ոչ թե լավ է, այլ՝ աչքին սովոր։ Դարեր անց, երբ էվոլուցիայի այս էտապը հաղթահարվի և մարդը մարդուն փոխլրացնի, գուցե այսօրվա կենսակերպը անիրական թվալու չափ անընդունելի դառնա։ Եվ գուցե այդ ժամանակ ավելի պարզ երևա, որ հայրիշխանությունը վնասում է նաև հայրերին․

«Որովհետև պատրիարխատը տղամարդկանց այնքան պետքեր է տալիս․ դու պարտավոր ես սա անել, նա անել։ Շատ օրինակներ կան, երբ պատրիարխատից տղամարդիկ իրոք տուժում են, ու երբ դու փորձում ես իրենց խորհուրդ տաս՝ չէ-չէ, ես պե՛տք է սենց անեմ։ Բայց եթե դու պակաս ես վաստակում, դու պակաս տղամարդ չես, եթե դու ուզում ես լացել, տղա ջան, հանգիստ արտասվիր, էմոցիաներ արտահայտելը մարդկային է։ Տղաներին արգելում են, ասում են՝ մի լացի, տղա ես, էս ինչքա՜ն կերար, աղջիկ ես․ ի՞նչ կապ ունի սեռը էմոցիաների կամ ինչ-որ ցանկությունների հետ»։

«Երբ խոսում ենք Աստծու մասին՝ ինչպիսի՞ կերպարով է Աստված ներկայանում գերակշռող մեծամասնությանը՝ սպիտակ տղամարդ, միջինից բարձր տարիքի։ Որտեղի՞ց է սա։ Քրիտոներությունը եվրոպական մշակույթի ծնունդ է, զարմանալի չէ, որ Աստծու կոնցեպտը արտացոլում է եվրոպացի տղամարդու, հոգևորականի կերպար»,- ասում է Ղարագուլյանը։

Այս ընկալումը խթանու՞մ է հայրիշխանության արմատների խորացմանը։ Հավանաբար, մենք այս մասին չենք մտածում։ Բայց գուցե արժե մտածել։

«Պլատոնի լեգենդը ասում է՝ ի սկզբանե մարդիկ երկսեռ էին՝ միաժամանակ տղմարդ-կին էին։ Դա իրենց այնքան ուժ, ինքնաբավություն էր տալիս, որ այս երկսեռ էակները մի օր որոշեցին, որ իրենք աստվածներին կարող են մարտահրավեր նետել։ Եվ աստվածները հասկանացան, որ այս էակները իրոք կարող են իրենց մրցակից լինել։ Ի՞նչ անել՝ ասեցին՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է, միակ տարբերակը այս էակների մրցակցությունից ազատվելու՝ եկեք իրենց կիսենք»։

Ըստ լեգենդի՝ աստվածները կիսեցին տղամարդուն ու կնոջը, խառնեցին, որ միանալը դժվար լինի։ Քանի որ իրար հավասարության պայմաններում լրացնելով նրանք անհաղթելի էին։ Չինական փիլիսոփայությունն ասում է՝ սև և սպիտակ էներգիաները պիտի բալանսավորված լինեն։ Առանց բազմազանության հարուստ պատկեր հնարավոր չէ ստանալ։

— Գիտեք, այլընտրանքը հետևյալն է․ կամ մենք էվոլյուցիան ապրելու ենք, անցնելու ենք զարգացման երկրորդ փուլ, կամ ուղղակի վերանալու ենք որպես տեսակ։
— Այդքան լո՞ւրջ է։
— Ես կարծում եմ՝ այո։

***

Հոմո Սափիենսը Նեանդերթալցուց ուժեղ չէր, բայց հաղթեց նրան։ Դրանից հետո կյանքը շարունակվեց։ Այսօր արու Հոմո Սափիենսը էգի հետ սառը պատերազմի մեջ է։ Այս անգամ գուցե հաղթողներ չլինեն։

Մարդ-գիտնականը դեռ այնքան մեծ չէ, որ վերջնական պատասխան առաջարկի։ Բայց այս հարցում գիտափորձեր անելը գուցե խիստ վտանգավոր լինի։

Back to top button