ԿարևորՀասարակություն

Ավագ դպրոց՝ Երևանի պետական համալսարանում․ STEM-ը խոստանում է փոխել կրթական միջավայրը

Երևանի պետական համալսարանը հաջորդ՝ նոր ուսումնական տարում իր կազմում ավագ դպրոց կունենա՝ բնագիտամաթեմատիկական ուղվածությամբ։ Մայր բուհում վստահ են, որ այսօր մեր երկրին հատկապես այս ոլորտի լավ մասնագետներ են պետք։ Դպրոցը հանրակրթական մակարդակում կպատրաստի ապագա բնագետների, ընդունելությունը կսկսվի մարտի վերջին, իսկ քննությունները բարեհաջող հանձնած դիմորդներն սեպտեմբերից կսովորեն ԵՊՀ ավագ դպրոցում։ 

Մայր բուհը որոշել է ապագա որակյալ մասնագետներ պատրաստելու իր առաքելությունը տեղափոխել նաև հանրակրթական մակարդակ։ Համալսարանի ավագ դպրոցն այս տարի  աշակերտներ կընդունի բնագիտամաթեմատիկական ուղղվածությամբ  դասարաններում՝ առաջիկայում հոսքերը ընդլայնելու հեռանկարով։ ԵՊՀ դպրոցների ցանց կրթական հեղինակային ծրագրի ավագ մասնագետ Արմեն Գալստյանն ասում է՝ STEM անունը կրող ավագ դպրոցն ու առաջարկվող ուսումնական ծրագիրը տարբերվելու են գործողներից։

«Քանի որ դպրոցը լինելու է  ԵՊՀ-ի ենթակառուցվածք, աշակերտները հնարավորություն կունենան օգտագործել համալսարանին հասանելի բոլոր ենթակառուցվածքները։ Օրինակ՝ քիմիայի լաբորատոր հետազոտություններ իրականացնելիս աշակերտը կօգտվի քիմիայի ֆակուլտետի հարուստ ռեսուրսներից, ֆիզիկայի գործնական դասերը կանցնեն ֆիզիկայի լաբորատորիաներում և այդպես շարունակ։ Այսինքն՝ աշակերտը կունենա բարձրագույն կրթության համար նախատեսված բոլոր ռեսուրսները իր ձեռքի տակ»,-մանրամասնում է Գալստյանը։

Ավագ դպրոցի ստեղծման աշխատանքները ԵՊՀ-ում սկսել մեկ տարի առաջ։ Մասնագիտական խմբեր են ձևավորվել դպրոցում դասավանդվելիք հիմնական առարկաների՝  քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության ու մաթեմատիկայի առարկայակա ծրագրեր մշակելու համար։ Դպրոցի անձնակազմը վստահ է, որ պետական չափորոշիչների հիմքի վրա մշակված ծրագիրը չի զիջելու միջազգային լավագույն փորձին։

«STEM–ն անգլերեն հապավում է․ science` գիտություն կամ ավելի կոնկրետ բնագիտություն, technology՝ տեխնոլոգիա, engineering՝ ինժիներիա և math՝ մաթեմատիկա․ սրանք այն առարկաներն են, որոնք մեր կարծիքով տնտեսության զարգացման հիմնաքարերն են։ Այսինքն՝ մենք արդեն դպրոցում ցանկանում ենք ստեղծել այնպիսի մասնագետներ, որոնք հետագայում կհամալրեն բուհական համակարգը և ավելի մեծ պոտենցիալ կունենան որակյալ մասնագետներ դառնալու»,-ասում է Արմեն Գալստյանը։   

ԵՊՀ STEM դպրոցն առաջիկա 2 տարիներին կգործի Մայր բուհի ֆիզիկայի ինստիտուտի մասնաշենքում, քանի դեռ վերանորոգվում ու վերազինվում է հատուկ այս դպրոցի համար նախատեսված մասնաշենքը՝ Կիևյան փողոցում։ 2023-2024 ուսումնական տարում դպրոցն իր դռները կբացի 2–ական 16 հոգանոց 10-րդ և մեկ 16 հոգանոց 11-րդ դասարանի աշակերտների համար։ Դպրոցում աշակերտների թիվը և հիմնական առարկաների ցանկը ընդլայնելու ծրագրեր ունեն։

«Դպրոցում դասավանդելու են ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի այն մասնագետները, որոնք ունեն համապատասխան մանկավարժական կրթություն նաև։ Դպրոցը վճարողի է, ուսման տարեկան վարձը շուրջ 800 հազար դրամ է, սակայն մենք կունենանք որոշակի սուբսիդավորումներ ԵՊՀ աշխատակիցների երեխաների համար և փնտրում ենք նաև լրացուցիչ ֆինանսավորում նաև սոցիալական տարբեր խմբերի աշակերտներին կրթաթոշակներ տրամադրելու համար»,-մանրամասնում է ԵՊՀ դպրոցների ցանց կրթական հեղինակային ծրագրի ավագ մասնագետ Արմեն Գալստյանը։

ԵՊՀ ավագ դպրոցի շրջանավարտները հետագայում Մայր բուհ ընդունվելիս, այսպես ասենք,  «արտոնություն» չեն ունենա․ օրենսդրությամբ նման մեխանիզմեր չկան, սակայն Արմեն Գալստյանը համոզված է, որ STEM-ի շրջանավարտները ամենամեծ առավելությունը կունենան՝  առանց կրկնուսույցի միասնական քննությունները հաջողությամբ հանձնելու ու հայաստանյան տարբեր բուհեր՝ այդ թվում ԵՊՀ, ընդունվելու համար։

Ավագ դպրոցում կենսաբանություն առարկայի դասավանդումը համակարգող Աննա Կարապետյանն ասում է՝ դպրոցը աշակերտներին տեսական գիտելիքները պրակտիկ դաշտում կիրառելու լայն հնարավորություն է տալու․ ըստ մասնագետի՝ հանրակրթական դպրոցներում հենց այս բացը կա։

«Շատ հաճախ մեր դպրոցներում աշակերտը առանձին վերցված առարկաները կարծես թե լավ տիրապետում է, բայց այդ գիտելիքները կիրառել չի կարողանում։ Օրինակ՝ շատ լավ գիտի ֆիզիկայի էլեկտրականություն բաժինը, շատ լավ գիտի նաև քիմիայի համապատասխան բաժինը, բայց արի ու տես, որ հրդեհի ժամանակ ջուրը լցնում է, օրինակ, այրվող էլեկտրական սարքի վրա»,-ասում է Աննա Կարապետյանը։

Արդեն մի քանի օրից կմեկնարի ԵՊՀ ավագ դպրոցի ընդունելությունը․ STEM-ում սովորել ցանկացողները պետք է մարտի 22-ից մինչև ապրիլի 12-ը ԵՊՀ-ի պաշտոնական կայքի՝ ysu.am-ի համապատասխան բաժնում լրացնեն հայտադիմումը։

Դրանից հետո աշակերտները քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա կամ ֆիզիկա առարկաներից գրավոր քննություն, դրանից հետո նաև ընդհանուր իմացությունը ստուգող հարցազրույց կանցնեն։ Արդեն մայիսի 25-ին կամփոփվեն ընդունելության արդյունքները և շուրջ 5 տասնյակ աշակերտի համար սեպտեմբերյան առաջին զանգը կհնչի ԵՊՀ-ում։

Back to top button