Վերնատուն

Հայ կոմպոզիտորի գործերը՝ համաշխարհային երաժշտական օնլայն հարթակում․ «Վերնատուն»

Ի՞նչ ճանապարհ է անցնում երաժշտությունը, ինչպե՞ս է այն հասնում ունկնդրին։ Կոմպոզիտոր Դավիթ Բալասանյանը նվագախմբային, կամերային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային մի շարք ստեղծագործությունների հեղինակ է։ 2006 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։ Օրերս նրա ստեղծագործությունները տեղ գտան համաշխարհային երաժշտական օնլայն հարթակում։

«Նման հարթակներում հայտնվելը նշանակում է, որ բացի տեղական շուկայից քո ստեղծագործությունները նկատելի և հասանելի են դառնում Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Վճարովի օնլայն հարթակների լսարանը մեծ է։ Եվ պրոֆեսիոնալ ունկնդիրը նախընտրում է այս տեսակ հարթակները», – ասում է կոմպոզիտորը, որն ունի 100- ից ավելի ձայնագրություններ՝ վերջին 10 տարիներին արված, իմպրովիզացիաներ, որոնք սկսեց ձայնագրվել 2014 թվականից։

Դավիթ Բալասանյանի Urban collage ալբոմը, ազատ իմպրովիզացիաներ են, իսկ Nivellette ալբոմը` կոմպոզիտոր Վահրամ Սարգսյանի հետ համահեղինակությամբ տեղադրվել է Spotify, Deezer, Amazon music, Apple music հարթակներում: Մոտակա ամիսներին կոմպոզիտորը ևս երեք ալբոմ կթողարկի։

«Հասարակությունը որպես կանոն բարձր արվեստի գործերը ճիշտ ժամանակի մեջ չեն ընկալում, միշտ հեշտ մարսվող գործերն են ընկալվում։ Բարդ գործերը ուրիշ տեսակի կենտրոնացում են պահանջում։ Յուրաքանչյուր ստեղծագործություն ինչ-որ տեղից գալիս է՝ մեկը ակադեմիական երաժշտությունից, մյուսի գործերը գալիս են ֆոլք երաժշտությունից։ Իմ երաժշտությունը հեշտ մարսելի չէ․ այնտեղ կա նյարդ, որ գալիս է թե՛ ակադեմիական երաժշտությունից, թե՛ ֆոլք, և թե՛ ավանգարդ էքսպերիմենտալ երաժշտությունից, կան աղմուկի հետ կապված փորձեր», – ասում է Դավիթ Բալասանյանը։

Խոսելով իմպրովիզացիայի ու ազատ իմպրովիզացիայի տարբերության մասին՝ Դավիթ Բալասանյանն ասում է, որ շատ ազատ իմպրովիզացիան հաճախ ստիպում է վերադառնալ զրոյական կետի, ասում է՝ այն չպետք է ունենա պատմություն, շաբլոններ, մի բան, որի վրա կարելի է հիմնվել։ Սակայն կարծում է, որ ամբողջովին ազատ իմպրովիզացիա նույնպես գոյություն չունի, քանի որ յուրաքանչյուր ստեղծագործող ինչ–որ մի մշակույթի կամ ավանդույթի կրողն ու շարունակողն է։

«Ազատ իմպրովիզացիան պիտի լռությունից ծնվի և տվյալ պահի թելադրանքով ու տրամադրությամբ։ Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով ես ինքդ քեզ լսում տվյալ պահին։», – մեկնաբանում է կոմպոզիտորը։

Դավիթ Բալասանյանը առաջիկա տարում նպատակ ունի Հայաստանի մարզերում համերգային շրջագայություններ ունենալ։ Ասում է՝ մարզերում մարդիկ կարոտ են արվեստին ու երաժշտությանը և շատ ավելի բաց են քան մայրաքաղաքում։

Back to top button