Ժամանակի վկան

Հովհաննես խան Մասեհյան դիվանագետը․ Աննա Վարդանյան․ «Ժամանակի վկան»

Իրանահայ նշանավոր պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ, խմբագիր, թարգմանիչ Հովհաննես  խան Մասեհյանին է նվիրված այս հաղորդումը, որի ընթացքում տնտեսագիտության թեկնածու, միջազգայնագետ-ճապոնագետ, «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության նախագահ Աննա Վարդանյանի հետ ներկայացնում ենք Հովհաննես Մասեհյանի կյանքն ու գործունեությունը։

Աննա Վարդանյանն առանձնահատուկ հետաքրքրություն և ուշադրություն է դարձնում այն ամենին, որտեղ ճապոնական հետք կամ ներկայություն կա։ Նրա՝ որպես ճապոնագետի, աչքից չի վրիպել նաև Ճապոնիայում Պարսկաստանի առաջին դեսպան, իրանահայ նշանավոր պետական, հասարակական գործիչ, դիվանագետ, հրապարակախոս, մանկավարժ, խմբագիր, թարգմանիչ Հովհաննես խան Մասեհյանի գործունեությունը։

Վերջինիս անցած ճանապարհի, հայանպաստ գործունեության և մասնագիտական հարուստ հետագծի վերաբերյալ հավաքած նոր փաստերը հեղինակը վերջերս հրապարակել է առանձին գրքով, որի խորագիրն է «Հովհաննես խան Մասեհյան դիվանագետը» (Երևան, 2023)։ Գիրքը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն։

Հովհաննես Մասեհյանն աշխատանքային գործունեությունն սկսեց որպես արքունի թարգմանիչ, ապա  կյանքի ընթացքում հմտանալով այդ ոլորտում, թողեց արժեքավոր թարգմանություններ։ Նշեմ, որ նա տիրապետում էր հայերենին, պարսկերենին, թուրքերենին, հունարենին, ֆրանսերենին, գերմաներենին, անգլերենին և ռուսերենին:

Մասեհյան հմուտ թարգմանչի որակներին հավելենք նաև ստեղծագործ մտքով և կազմակերպչական ձիրքով խմբագրի ունակությունները։

Նշանակալի է նաև Հովհաննես Մասեհյանի մանկավարժական գործունեությունը և  ներդրումը կրթության ոլորտում։

 Հովհաննես Մասեհյանը Պարսկաստանի Մեջլիսում (Մասեհյանների ընտանեկան արխիվ)

Գրքում հետաքրքիր դրվագներ կան Հովհաննես Մասեհյանի՝ նշանավոր քաղաքական և մշակութային գործիչների հետ ունեցած կապերի և հարաբերությունների մասին, ինչպես նաև լուսանկարներ, նամակներ, փաստաթղթերի լուսապատճեններ։

Իհարկե, Մասեհյանի աշխատանքային գործունեության ծավալուն բաժինը նրա դիվանագիտական գործունեությունն է։

Արդեն դիվանագիտության մեջ ձեռքբերումներ արձանագրած Մասեհյանի վրա կանգ առավ Ճապոնիայում պարսից առաջին արտակարգ դեսպանորդի և լիազոր նախարարի ընտրությունը։

Միշտ չէ, որ ցանկությունները համընկնում են իրականությանը։ Այդպես պատահեց նաև Մասեհյանի հետ։ Բազմաթիվ իրողություններ պարզ են դառնում նրա նամակներից (հատվածներ Հովհաննես Մասեհյանի վերջին նամակներից):

Սակայն դեպքերի հետագա ընթացքը դասավորվեց այլ կերպ, ոչ այնպես, ինչպես ցանկալի էր Մասեհյանին, և ճանաչված դիվանագետը մահկանացուն կնքեց Տոկիոյից Թեհրան վերադառնալու ճանապարհին՝ Չինաստանում։

Տարօրինակ ընթացք ունեցավ նաև մահվանից հետո նրա հանդերձյալ կյանքի պատմությունը։

Հեղինակը գրքում ընտրողաբար ներկայացրել է հատկապես Հովհաննես Մասեհյանի Ճապոնիայում դիվանագիտական ծառայության մանրամասնությունները և պակաս հայտնի էջերը, որոնք ոչ այնքան խորությամբ են առկա նրա մասին եղած աշխատություններում։   

Back to top button