ԿարևորՀասարակություն

Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհի վթարի պատճառները պարզվում են․ 24 տուժողից 13-ը դեռ հիվանդանոցում են

Կապանի բժշկական կենտրոնում շարունակում են բուժում ստանալ մարտի 10-ին Օխատարի միջնակարգ դպրոցի՝ ավտոբուսի վթարից տուժածները։ Նրանցից մեկին տեղափոխել են Երևան, մեկը վերակենդանացման բաժանունքում է։ Բոլորի վիճակը բավարար է։ Տուժածներին տեսակցելու է գնացել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ։

Կապանի բժշկական կենտրոնում  շարունակում է բուժում ստանալ մարտի 10-ին տեղի ունեցած ավտոբուսի վթարից տուժած 13 մարդ։ Հիշեցնենք, որ այդ օրը՝ ժամը 14.30-ի սահմաններում Կապան–Նորաշենիկ ճանապարհին Օխտարի միջնակարգ դպրոցի ավոտբուսը գլորվել էր մոտակա ձորակը։ Աշակերտներին ուղեկցող ուսուցչուհիներից մեկը հիվանդանոցում մահացել էր։ 24 տուժողից 13-ը դեռ հիվանդանոցում են։

Պատմում է Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը․ «13 հոգի ենք ընդունել՝ 6 մեծահասակ, 9 երեխա, մեկը տեղափոխվել է Երեւան, մեկը վերակենդանացման բաժանմունքում է, մնացածը բաժանմունքներում։ Ճիշտ է՝ ծանր տրավմա չկա, ունենք բազուկի բաց կոտրվածքով հիվանդ, երեխաներից մեկի մոտ ազդրի կոտրվածք, մյուսների մոտ, սալջարդ է»։

Ավտոբուսի 72-ամյա վարորդի ծնոտն է վնասվել։ 50 տարվա ավտովարորդ է, առաջին օրն էր աշխատանքի ընդունվել և նստել այդ ավտոբուսի ղեկին։ Մեզ հետ զրույցում նա դեպքից մանրամասներ է պատմում․

«Պավառոտը դուրս եկա, առաջին օրն էր, որ նստել էի ավտոբուս, անծանոթ մեքենա էր ինձ, կամպրեսորը լռվեց ու էլ չկարողացա»։

11-րդ դասարանցի Անի Բաղդասարյանը նկատել է, որ վարորդը ավտոբուսի վրա գործ է անում։ Պատմում է, որ շատ դանդաղ էր գնում ավոտբուսը, նույնիսկ գյուղերից մեկում, երբ իջել է դասընկերուհին, մի կերպ է արգելակել․

«Ինքը անընդհատ խուճապի էր մատնվում, ընկեր Դավթյանը Տիգրանին ասում էր ասա՝ թող պահի։ Վարորդը ասաց՝ չեմ կարողանում պահել։ Ընկեր Սեդան ասաց՝ երեխեք բռնվենք։ Մենք բռնվեցինք, ավտոբուսը ընկավ մեծ փոսի մեջ ու ավոտբուսն ամբողջովին թեքվեց, մենք սկսեցինք ծվալ ու հետո բան չեմ հիշում։ Երեխեքը ասում են երեսս արյուն ու յուղ էր»։

Տիգրանուհի Բադալյանի երկու տղաները ավտոբուսի մեջ էին։ Մեկի ոտքն է կոտրվել, մյուսը սալջարդ է ստացել, բայց հիմա տանն է։ Ասում է՝ կյանքը վերարժեւորվեց իր համար։

«Երբ որ զանգեցին՝ ասացին, հասկացա, որ աշխարհս մեջն է։ Եկել եմ այստեղ, չգիտեմ ոնց եմ գտել պալատը, բոլորին արգելում էին բարձրանալ, զգացին, որ մամա եմ, թույլատրեցին։ Գտա տղաներիս ու ասացի՝ Աստված ջան, իրականում հրաշք է։ Չգիտեմ՝ կկարողանամ վախս հաղթահարել ու նորից տղաներիս Օխտարի դպրոցը տանել։ Ուսուցումից գոհ եմ․ քաղաքում դասարանները ծանրաբեռնված են, դրա համար եմ երեխաներիս Օխտարի դպրոցը տանում»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այցելել են Կապանի բժշկական կենտրոն, տեսակցել բուժում ստացող դպրոցականներին ու դպրոցի աշխատակիցներին։ Սյունիքի մարզպետի խոսքով՝ դպրոցում ուսումնական պրոցեսը չպիտի ընդհատվի ու երկուշաբթի օրն արդեն կհստակեցվի, թե ինչ են անելու։ Ի՞նչը կարող էր վթարի պատճառ լիներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան․

«Իրականում տարբեր ինֆորմացիա կա, չէի ցանկանա հիմա բան ասել, քննչական կոմիտեն այդ ամենը մանրամասն կասի։ Բայց, խոսելով երեխաների հետ, հասկացա, որ մեքենայի տեխնիկական խնդիր է եղել, բայց սպասենք պաշոտնական հաղորդագրության»։

Նախարար Ժաննա Անդրեսայանը ցավակցել է մահացած մանկավարժի հարզատներին, աշակերտներին, գործընկերներին։ Նա ասում է, որ այսուհետ պետք է ավելի ուշադիր լինեն, թե ինչպես է կազմակերպվում երեխաների փոխադրումը։ Չափորոշիչները պիտի հստակեցվեն ու վերահսկողության համակարգը խիստ լինի, չնայած՝ տրանսպորտային ծառայությունը չի կազմակերպվում պետության կողմից։

Ժաննա Անդրեասյան․ «Նախարարությունը հիմա տեղեկատվություն է հավաքագրում բոլոր դպրոցներում, որտեղ տրանասպորտային ծառայություն է իրականացվում։ Սա վերաբերելու է ոչ միայն դասի գնալու–գալուն, այլ էքսկուրասիաների ժամանակ օգտագործվող ավտոբուսներին, որովհետև հաճախ տեսնում ենք, որ հին մեքենաներն են օգտագործում։ Պիտի իրավիճակը վերլուծվի և համապատասխան քայլերը անեն, որպեսզի նման դեպքեր չկրկնվեն»։

Ի դեպ, Սյունիքի մարզպետը երեխաներին գրքեր ու պլանտեշներ նվիրեց, իսկ ժաննա Անդրեասյանը միրգ ու քաղցրեղեն էր բերել նրանց համար։

Back to top button