Իրանի դեմ Իսրայելի «ավանտյուրան» կարող է բումերանգի էֆեկտ ունենալ․ միջազգայնագետ


Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում Իսրայելի մասնակցությունն իր գինն ունի, և այսօր Բաքուն պետք է փոխհատուցի Արևմուտքին և Իսրայելին` ասում է միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը` անդրադառնալով Իրան-Իսրայել հնարավոր բախմանը։ «Ռադիոլուր»-ի զրուցակցի կարծիքով՝ Արցախի օկուպացված տարածքներն Ադրբեջանի համաձայնությամբ Իսրայելն օգտագործում է որպես պլացդարմ Իրանի դեմ՝ հիշեցնելով, որ Վարանդայում և արաքսամերձ տարածքներում օդանավակայաններ կառուցվեցին` զենք-զինամթերք մատակարարելու հնարավորություններով, ապա խելացի գյուղեր` գործակալական ցանցերով։
«Պարզ է, որ նշված ենթակառուցվածքները ստեղծվել են Իրանի դեմ ապագայում ձեռնարկվող պատերազմի ժամանակ օգտագործելու նպատակով։ Իրանի դեմ Իսրայելի կողմից ռազմական գործողություններ սկսելու դեպքում Ադրբեջանն ունենալու է իր դերակատարումը` Հայաստանի և Արցախի դեմ նոր ավերիչ պատերազմ սանձազերծելով։ Նույն ժամանակահատվածում Իրանը զբաղված է լինելու իսրայելական գրոհները հետ մղելով, ուստի չի կարողանալու օժանդակել Հայաստանին` պաշտպանելով ադրբեջանական ագրեսիայից։ Իսրայելական կողմը պատրաստ է «բարեկամաբար» կիսվել Ադրբեջանի տարածք այս օրերին տեղափոխված զինամթերքով և դեմ չէ, որ Ադրբեջանն իսրայելական ռազմական ինքնաթիռները կիրառի հայկական երկու պետությունների դեմ գործողություններում։ Սա լինելու է ադրբեջանա- իսրայելական դաշինք ընդդեմ Իրանի և Հայաստանի»,- նշում է միջազգայնագետը։ Ըստ Գրիգոր Բալասանյանի` հայկական կողմը պետք է հրատապ քննարկի Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու և ռազմատեխնիկական համագործակցության հարցերը։
«Արևմուտքը փորձում է Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների շրջանակում Իրանում ձևավորել երկրորդ ճակատ` թիրախավորելով նաև Չինաստանը։ Սակայն ամերիկյան այս «ավանտյուրան» կարող է «բումերանգի էֆեկտ» ունենալ։ Իրանն այսօր շատ ավելի հզոր է, քան երկու տարի առաջ, իսկ Իսրայելը և ԱՄՆ–ն ավելի թույլ են, քան երկու տարի առաջ։ Այն ողջ զինանոցը, որ ուներ ԱՄՆ–ն իր տրամադրության տակ, սպառվում է ռուս-ուկրաինական ճակատում»,- կարծում է Գրիգոր Բալասանյանը։ Նա շեշտում է, որ հայկական կողմը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի հանկարծակի գործողություններով վերադարձնելու կորցված տարածքները, քանի որ հնարավոր պատերազմի դեպքում Իրանը հարվածելու է նաև ադրբեջանական դիրքերին, լարվելու են նաև Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները։